Աժ ընդդիմադիր երկու՝  «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնած արտահերթ նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով։ Խորհրդարանական մեծամասնությունը չի մասնակցել ընդդիմադիրների նախաձեռնած և նրանց օրակարգով աշխատանքներին։ Ընդդիմությունն առաջարկել է հայտարարության տեքստ, որով «կարմիր գծեր» են սահմանվում Արցախյան հակամարտության կարգավորման, «խաղաղության պայմանագրի» և հայ–թուրքական բանակցությունների համար։ Ակցիաների ընթացքում տևական ժամանակ է պաշտոնյաներից պահանջում են ասել ընդամենը մեկ նախադասություն–հավաստիացում, որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։

Պաշտոնյաներն ունեն իրենց հիմնավորումները, թե ինչու են հրաժարվում ընդդիմության ցանկությունները կատարելուց։



Աժ դահլիճը մեկն է, բայց իշխանությունն ու ընդդիմությունը վերջին շրջանում այնտեղ չեն հանդիպում։ Երբ իշխանությունն է ներսում ընդդիմությունն է բոյկոոտում, ընդդիմադիրների նախաձեռնությունների դեպքում խորհրդարանական մեծամասնությունն է հրաժարվում աշխատել նրանց օրակարգով՝ առաջարկելով ոչ թե արտահերթ, այլ՝ հերթական աշխատանքային ձևաչափով վերադառնալ խորհրդարան և այդ ընթացքում ստանալ հուզող բոլոր հարցերի պատասխանները։

Ուշագրավ է, որ երկու ընդդիմադիր խմբակցության նախաձեռնած արտահերթ նիստին անգամ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հրաժարվեց մասնակցել։ Նա սկզբունքորեն չի մտնում ԱԺ շենք։ Ընդդիմադիր գործընկերների աշխատանքին հետևել է Աժ–ի մոտ հավաքված մարդկանց հետ։

Արցախի և սահմանային իրավիճակի հարցերով արդեն երրորդ նիստն է նախաձեռնում խորհրդարանական ընդդիմությունը և երրորդ անգամ մեծամասնությունը տապալում է այն։ Հերթական նիստից առաջ Քաղպայմանագրի անդամները չթաքցրեցին, որ չեն մասնակցելու ընդդիմության հրավիրված արտահերթ նիստին։ Արդեն ընդդիմությանն է ուղղվում հարցը՝ այդ դեպքում ինչո՞ւ ձևական քայլ արեցին։ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյան․

«Նախ՝ այդ ընթացակարգը հետդարձի ճանապարհ չունի, մենք արդեն իսկ նախաձեռնել էինք արտահերթ նիստը, երկրորդ՝ կար որոշակի հույս, որ ՔՊ բազմամարդ խմբակցությունում կգտնվեն մարդիկ, որոնք իրենց կարծիքը Հայաստանի և Արցախի ապագայի վերաբերյալ ամեն դեպքում խիզախություն կունենան հնչեցնելու՝ չվախենալով SMS–ներից և հետագա ինչ–որ կոմպրոմատներից»։

Ընդդիմադիրների նախաձեռնած և խորհրդարանական մեծամասնության բացակայության պատճառով տապալված արտահերթ նիստն ու չընդունված հայտարարությունը՝ բանակցային «կարմիր գծերի» մասին, ընդդիմության համար պայքարի նոր փուլ է ազդարարում՝ գործողությունների նորացված պլանով, հավաստիացնում են ընդդիմադիրները։ Աժ ընդդիմադիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հստակ միտում է տեսնում, երբ պաշտոնյաները հրաժարվում են ստորագրել իրենց ձևակերպումների տակ։

«Գիտե՞ք ինչու է քաղաքական մեծամասնությունը փախել։ Որովհետև ասելիք չունի։ Գա ի՞նչ ասի, նայի մեր աչքերի մեջ ու հիմնավորի ազգադավ քայլերն ու գործողություննե՞րը։ դրա համար չեն գալիս։ Սա, կարծում եմ, ջրբաժան է պայքարը ավելի սուր առաջ տանելու իմաստով, որովհետև այդ մարդիկ ակնհայտ հայտարարում են և պաշտոնապես փաստում, որ իրենք Հայաստանի, Արցախի և առհասարակ հայ ժողովրդի շահերի հետ կապ չունեն»։

Ջրբաժանի հարցում արտախորհրդարանական քաղաքական ուժերը տարբեր մոտեցումներ ունեն՝ ներկայարել են տարածված հայտարարություններով։ «Արդար Հայաստան» կուսակցությունը պահանջում է․ «Քաղաքական ուժերի խնդիրն է ցույց տալ այն մեխանիզմները, որոնց գործադրման միջոցով Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում»։   «Քաղաքացու որոշում»–ից գնահատում են՝ ԼՂ բանակցությունները միտված են նոր ստատուս-քվոյի ձևավորմանը և ենթադրում՝ այն կունենա կոնֆլիկտի ներուժ։

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարում է՝ Արցախի հիմնահարցի կարգավորումը համազգային հարց է և պահանջում է Հայաստանի ու Արցախի պետական շահից բխող համընդհանուր մոտեցում: «Դա որևէ քաղաքական ուժի մենաշնորհը չէ»,– ասված է հայտարարության մեջ: 

Իշխանությունը, մինչդեռ, զգուշավոր է խոսում բանակցությունների մասին։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ներկայացմամբ հայկական կողմը հանրությանը բաց ներկայացնում է իրական օրակարգերը և չի փորձում այն խեղել կամ շահարկել. 

«Մենք շարունակում ենք կարևորել Արցախում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը և իրավունքները, որից էլ պետք է բխի կարգավիճակը։ Մենք համոզված ենք, որ հենց իրավունքներն ու անվտանգությունն է, որոշելու կարգավիճակը։ Շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ և համոզված ենք, որ սա այն կարևոր ուղղությունն է, որի ուղղությամբ աշխատելով մենք արդյունքներ ենք ունենալու»։

Մինչդեռ Արցախի իշխանությունները Երեւանի հետ բանակցություններ են վարում ճանաչման շուրջ, բայց առաջընթաց դեռեւս չկա, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Արցախի  պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Նրա խոսքով, կարելի է պնդել, որ, ըստ էության, Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը, քանի որ հանրապետությունների միջեւ պահպանվում են հորիզոնական կապեր՝ «ինչպես հավասարը հավասարի հետ»։

Բեգլարյանի խոսքով տեսանելի ապագայում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորումն անհնար է թվում, քանի որ Արցախի եւ Ադրբեջանի դիրքորոշումներում կան լուրջ հակասություններ և դրանք տրամագծորեն հակառակ են։ Արցախի պետքարտուղարն ընդգծել է, որ հիմնական տարբերությունն այն է, որ Ադրբեջանի համար դա «պրեստիժի, հավակնությունների» խնդիր է, իսկ Ղարաբաղի բնակիչների համար՝ «կյանքի ու մահվան, իրենց գոյության ու պատմական արդարության հարց»։

Վերջին շրջանում արցախից հնչեցին տարբեր տեսակի մտահոգություններ, քննադատություններ և հայտարարություններ։ հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը այդ մտահոգություններին պատասխանում է․

«Արցախը մեր պատերազմի առաջնագիծն է և, բնականաբար, ավելի շատ մտավախություններ և խնդիրներ կարող է տեսնել, քան՝ մեզանից յուրաքանչյուրը։ Բայց Արցախի իշխանությունը ամենաբարձր մակարդակով, և իրենք էլ են դա ասել, տեղեկացված են բոլոր այն պրևոցեսներից, որոնք կան։ Ես սրանից ավելի ոչինչ չեմ կարող ասել։ Պարզապես Արցախի մեր գործընկերներին, նույն Աժ–ին կարող եմ ասել, որ մի քիչ ավելի շատ իրականություն ուսումնասիրեն։ Եվ կտեսնենք, որ նման հայտարարությունների, նման քայլերի կարիք չկա»։ 

Ինչ վերաբերում է այս կամ այն պաշտոնյային ուղղված պահանջին՝ անպայման հայտարարել, որ Արցախը Ադրբեջանի կազմում երբեք չի լինի, ապա ըստ Հարությունյանի, դա հարցի լուծոում չէ։

«Կա բանակցային գործընթաց և այդ բանակցային գործընթացում որոշակի տակտիկա կա, ռազմավարություն և մարտավարություն կա և ընդդիմությունը չէ, որ այդ պահվածքով պետք է ստիպի, որպեսզի կառավարությունը և իշխանությունը շեղվի այդ ծրագրերից»։

Անցյալ օգոստոսին գործող կառավարությունը խորհրդարանին էր ներկայացրել իր ծրագիրը, որտեղ նշված էր «Արցախի ինքնորոշում» ձևակերպումը։ Այն բանից հետո, երբ վարչապետը խորհրդարանում խոսեց «նշաձողի իջեցման» մասին, իշխանությունը շեշտը դրեց Արցախում ապրող մեր հայրենաիկիցների անվտանգության և իրավունքների վրա՝ հույսով, որ կարգավիճակւ կբխի այդ իրավունքներից։ Ձևակերպումների տարբերությունը վարչապետի աշխատակազմի ղեկավարի պնդմամբ, շեղում չէ Կառավարության ծրագրից։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն