Զենք կրել քննություն հանձնելուց հետո․ նոր օրինագիծը խորհրդարանում է
44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո ապօրինի զինամթերք ձեռք բերելու, հափշտակելու, փոխադրմանտեղափոխելու դեպքերի առթիվ նախապատրաստված 756 նյութերից 219-ով հարուցվել են քրեական գործեր։ Դրանց մի մասը կարճվել է, 20 անձի վերաբերյալ 13 գործով դատաքննությունը շարունակվում է։ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» նոր օրինագծով փորձ է արվում հստակեցնել կարգավորումները և լրացնել գործող օրենքի բացերը։ Այն ընդունվել է 1998-ին և ընդունումից ի վեր բովանդակային փոփոխության չի ենթարկվել:
Արցախյան պատերազմից հետո զենք-զինամթերքն ապօրինի Հայաստան տեղափոխելու եւ շրջանառելու համար 32 անձ դատապարտվել է․ գլխավոր դատախազությունն օրերս ամփոփել էր 44–օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ռազմական գործողությունների շրջաններից զենք-զինամթերք ապօրինի ձեռք բերելու, հափշտակելու, Հայաստան տեղափոխելու, ապօրինի կերպով պահելու, շրջանառելու դեպքերով իրականացված քննությունների ընթացքը։ Ըստ հաղորդագրության՝ հայտնաբերվել եւ առգրավվել են տարբեր տեսակի ինքնաձիգներ, գնդացիրներ, ատրճանակներ, նռնականետներ, տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Ապօրինի զինամթերքի մի մասը հայտնաբերվել է Արցախ-Հայաստան ավտոճանապարհի հսկիչ կետերում կատարված ստուգումների, իսկ զգալի մասը՝ հետագայում կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում։
Այս պատկերը եւս մեկ անգամ հրատապ է դարձնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանի, Անդրանիկ Քոչարյանի ու Արմեն Խաչատրյանի կողմից շրջանառության մեջ դրված «Զենքի շրջանառության կարգավորման մասին» նոր օրենքի ընդունման անհարժեշտությունը։ Արդյո՞ք այն կկարգավորի, օրինակ, սահմանամերձ շրջանների բնակիչների՝ զենք կրելու հարցը։
Նախագծի հեղինակներից Վիլեն Գաբրիելյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ պետք է մեխանիզմներ գտնել սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիների մոտ մնացած անօրինական զենքն օրինականացնելու համար։ Այդ ուղղությամբ քննարկումներ են ընթանում՝ ասաց.
«Նոր նախագիծը որոշակիորեն նպաստելու է անօրինական զենքի դեմ պայքարի ծրագրին, բայց ոստիկանության հետ որոշակի քննարկումներ ունենք՝ այլ մեխանիզմները մշակելու , որպեսզի այն անօրինական զենքը, որ կա քաղաքացիների ձեռքում եւ մինչ օրս բացահայտված չէ, օրինականացնենք ինչ-որ միջոցներով, բայց դա լինելու է այն դեպքում, երբ օրենքը մտնի ուժի մեջ եւ դեռ աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի հստակեցնենք՝ արդյոք հնարավոր է նման մեխանիզմներ գտնել»։
Հարցը կարեւորում է «ՈՄԱ» գումարտակի մարտիկներից Իշխան Գևորգյանը։ Նախագծի անհրաժեշտությունը վաղուց կար՝ ասում է, բայց նաև ընդգծում կարգավորումների նրբությունները.
«Զենքի օրենքը այդ բոլոր կետերը չի փակելու, այն կարող է ավելի հեշտացնել վտանգավոր կամ ռազմականին մոտ զենք ունենալու հարցը սահմանամերձ եւ ինչու չէ նաեւ ոչ սահմանամերձ համայնքների բնակիչների համար։ Կարելի էր ավելի լայն շրջանակ ընդգրկել, օրինակ, մեխանիզմներ առաջարկել, որ այդ զենքերը օրինականացնեն, մարտական զենքերը վերածվեն քաղաքացիականի, տեխնիկապես դրանց մեծամասնությունը հնարավոր է՝ թողնել այդ զենքի տերերի մոտ։
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» նոր նախագծով զենքի տեղափոխումը շատ ավելի հստակ է կանոնակարգվում ՝ ի տարբերություն գործող օրենքի՝ վստահեցնում է ՔՊ–ից Վիլեն Գաբրիելյանը։
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» նոր օրենքի նախագծի հեղինակները կարծում են, որ գործող օրենքում փոփոխություններ անելը ժամանակի պահանջն է, քանի որ ոլորտը կարգավորող միակ ՝ «Զենքի մասին» օրենքը, ընդունվել է 1998 թ-ին և ընդունումից ի վեր բովանդակային փոփոխության չի ենթարկվել: Գործող օրենքը, փաստացի, կրկնօրինակում է ԽՍՀՄ օրենսդրության հիմնական դրույթները, որով կարգավորվում էր զենքի շրջանառությունը և չի կարգավորում հանրային վերաբերմունքը զենքի շրջանառության ոլորտում՝ կարծում են հեղինակները։
«Ազատազեն»-ի խորհրդի նախագահ Իշխան Գեւրգյանը կողմ է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների ունեցած զենքը օրինականացնելուն, սակայն պարտադիր պայման է համարում զենքի գործածության քննություն հանձնելը։ Դա, ըստ էության, մեքենա վարելու համար վարորդական իրավունք ունենալու նման մի նախապայման է՝ ասում է։ Զենք ձեռք բերելու, պահելու, կրելու և տեղափոխելու թույլտվության ժամկետը նոր նախագծով սահմանվում է 10 տարի՝ նախկին 5 տարվա փոխարեն։
Հայը պետք է զենք կրելու մշակույթ ունենա, ասում է զրուցակիցս.
«Գյուղի բնակիչը, ինչպես եւ երկրի մյուս բնակիչները, կարող են քննությունը հանձնել, գնել զենք ու դրանով շատ ընտիր պաշտպանել թե իրենց, թե իրենց տունը եւ թե հայրենիքը։
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագծով սահմանվում է, որ քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության տարիքը 21 տարեկանն է։ Սա գործող օրենքի համեմատ խստացում է, քանի որ 3 տարով բարձրացվում է զենք կրելու իրավունքի արտոնումը։ Պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը նշում է՝ առաջարկ կա, որ ողորկափող հրազենի թույլտվություն տրամադրվի 18 տարեկանից։ Հարցը դեռ քննարկումների փուլում է, քննարկումների փուլում է նաեւ նոր օրինագիծը։ Այն ամենայն հավանականությամբ հունիսի 10–ին կքննարկվի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում, ինչից հետո կընդգրկվի լիագումար նիստերի օրակարգում։