Օրերս տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստը, որի ժամանակ քննարկման առարկա է դարձել Ներքին գործերի նախարարության նախնական մոդելը: Վարչապետը, կարևորելով ՆԳՆ ստեղծումը, նշել է, որ Կառավարությունը նախաձեռնել է նշված բարեփոխումը՝ ինստիտուցիոնալ առումով օպտիմալ կառույց ձևավորելու և աշխատակիցների համար սոցիալական երաշխիքների հուսալի համակարգ ներդնելու նպատակով: Ըստ այդմ՝ այն պետք է ունենա ծախսարդյունավետ և հստակ, չկրկնվող գործառույթներով կառուցվածք: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին միջգերատեսչական աշխատանքային խմբի ձևաչափով քննարկել բարձրացված հարցադրումները, մշակել դրանց լուծման առաջարկներ և գաղափարներ՝ առաջ շարժվելով նախատեսված ժամանակացույցով:

Այս առնչությամբ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Կառավարության պատկերացրած մոդելը Ներքին գործերի նախարարության դասական մոդելն է, բայց ոչ սովետական: Այսինքն դա քաղաքացիական մարմին է, որի կազմում գործում է ուժային ստորաբաժանում՝  ոստիկանությունը: Եթե 1990-ականներին, 2000-ականների սկզբներին Հայաստանում կար Ներքին գործերի նախարարություն, դա բացարձակապես տարբերվող կառույց էր: Դա, ըստ էության, ոստիկանությունն էր, որը կոչվում էր ՆԳՆ: Այդ ժամանակ նախարարը թե քաղաքական պաշտոնյա էր, թե ոստիկանության հրամանատարն էր, այնինչ ժողովրդավարական երկրում համարվում է, որ քաղաքական պաշտոնյան չի կարող լինել նաև հրամանատար: Հենց դա է պատճառը, որ այսօր շատ ուժային կառույցներ հենց այդ տարանջատման տրամաբանության սահմաններում են: Այսինքն կա քաղաքական պաշտոնյա՝ պաշտպանության նախարար, և կա զինված ուժերի հրամանատար, որը Գլխավոր շտաբի պետն է: Կա քաղաքական պաշտոնյա՝ արդարադատության նախարար, բայց կա քրեակատարողական ծառայություն՝ իր պետով, պրոբացիոն ծառայություն՝ իր պետով, հարկադիր ծառայություն՝ իր պետով»,-ասաց Իրոաննիսյանը:

Նրա խոսքով, հիմա, ըստ էության, ստեղծվում է ՆԳ նախարարություն, որի կազմում լինելու է առնվազն մեկ ուժային կառույց՝ ոստիկանությունը. «Ինչու առնվազն մեկ, որովհետև շատ հնարավոր է, որ ՆԳՆ կազմում լինի նաև փրկարար ծառայությունը, և այդ դեպքում իմաստազուրկ է դառնում ԱԻՆ-ը:

Վաղուց նախատեսված ռազմավարությամբ դրա կազմում լինելու է միգրացիոն ծառայությունը: Միգրացիոն ծառայությունն ինչ-որ չափով միավորվելու  է ոստիկանության Անձնագրային ու վիզաների վարչության հետ, ինչ-որ առումով հնարավոր է, որ որոշակիորեն միավորվի ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական բաժանմունքների հետ, որոնք վարորդական վկայական են տալիս, մեքենաներն են հաշվառման կանգնեցնում և այլն: Այդ ամբողջը քաղաքացիականացվելու է, այսինքն այն բոլոր ոստիկանները, որ վարորդական վկայական կամ անձնագիր են տալիս, բոլորը դառնալու են քաղաքացիական պաշտոնյաներ»,-ընդգծեց նա:

Մի շարք այլ փոփոխություններ ևս նախատեսվում են: Մասնավորապես, ըստ Իոաննիսյանի, շատ հնարավոր է, որ էապես փոխվի ու փոքրանա ոստիկանության մարզային վարչությունների դերը. «Ճիշտն ասած, ինձ համար անհասկանալի է, թե այդ վարչություններն ինչի համար են պետք: Բայց եթե նույնիսկ դրանք մնան, ենթադրում եմ, որ դրանց դերը, անձնակազմը էապես կվերանայվեն: Մեծ հաշվով, հայեցակարգն այն է, որ դա պետք է նաև դառնա ավելի արդյունավետ գործող կառույց, որովհետև անձնակազմի առումով ոստիկանությունը, ինչպես նաև Հայաստանի բազմաթիվ այլ կառույցներ, շատ ավելի շատ հաստիք ունի, քան իրականում պետք է:

Հաստիքների կրճատման շատ հաջողված փորձ ունենք, դա պարեկային ծառայությունն է, որը Երևանում ունի ավելի քիչ հաստիք, քան ՃՈ-ն և ՊՊԾ-ն, բայց շատ ավելի բարձր ցուցանիշներ է ցույց տալիս քան, ՃՈ-ն ու ՊՊԾ-ն միասին վերցրած: Մասնավորապես, հանցագործությունների բացահայտումներն աճել են կրկնակի, հետախուզվող հանցագործությունների բացահայտումներն աճել են 6-ապատիկ, այսինքն 500 տոկոսով աճել են: Արդյունավետության ահռելի տարբերություն կա: Ըստ էության, այդ տրամաբանության փոփոխությունը պետք է արվի ամբողջ ոստիկանությունում»,-ընդգծեց նա:

Դանիել Իոաննիսյանը նկատեց, որ ՆԳՆ-ի ստեղծման գործընթացում ակնհայտ ձգձգումներ կան. «Ես նկատում եմ ակնհայտ ձգձգում, բայց միաժամանակ ես չեմ կարող չասել, որ այդ ձգձգումը պայմանավորված չէ իշխանության չկամությամբ: Դա պայմանավորված է տարբեր հանգամանքներով, այդ թվում իշխանության վատ աշխատանքով: Ձգձգումն ակնհայտ է, բոլոր վերջնաժամկետները  վաղուց անցել են:

Ի սկզբանե ոստիկանության բարեփոխումների ռազմավարությամբ արդեն անցած տարի պետք է ստեղծված լիներ ՆԳՆ-ն: Երբ կառավարությունն ընդունեց իր գործողություների ծրագիրը, այդ ժամանակ նախատեսվում էր, որ գոնե մինչև 2021-ի տարեվերջ փաթեթը պետք է ուղարկվեր Ազգային ժողով, բայց այդ ժամկետը ևս չպահվեց, հավանաբար այդ փաթեթը ԱԺ կուղարկվի մինչև ամառվա վերջ: Նախքան այդ կլինեն նաև հանրային քննարկումներ»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն