Ընդդիմությունն «ընկած է փողոցում»
Հաճախ է հնարավոր լսել արտահայտությունը՝ «իշխանությունն ընկած է փողոցում, վերցնող է պետք»: Ընդ որում, այդ արտահայտությունը բավականին հաճախ էր հնչում նաև խորհրդարանական ընդդիմության մոտ երկամսյա փողոցային շարժման ընթացքում, ինչը անկասկած նաև տեխնոլոգիական հնարք էր, հաշվի առնելով այն, որ ընդդիմությունը փողոցում իշխանության համար չէ, որ պայքարում էր: Առիթ եմ ունեցել ասելու, որ ընդդիմության առաջնորդները՝ անկախ նրանց հանդեպ վերաբերմունքից, ադեկվատ գործիչներ են, իրենց շահը խիստ ռացիոնալ պատկերացնող: Ըստ այդմ, նրանք անկասկած պատկերացնում էին, որ Հայաստանում չունեն փողոցով իշխանություն վերցնելու հնարավորություն, և ընդհանրապես՝ չունեն այդպիսի հնարավորություն, մի շարք թե ներքին, թե արտաքին պատճառներով: Եվ այդ պատճառներից ելնելով, նաև, կարծում եմ նրանք չունեին էլ իշխանություն վերցնելու և բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում այդ պատասխանատվությունը ստանձնելու ցանկություն:
Խնդիրն այլ էր՝ «փողոցում վերցնել ընդդիմությունը», կամ այլ կերպ ասած՝ թույլ չտալ, որպեսզի ընդդիմադիր դաշտում առաջանա մրցակցային որևէ ալիք կամ հեռանկար: Որքանով լուծեց այդ հարցը խորհրդարանական ընդդիմություն-նախկին իշխող համակարգը, առանձին խոսակցության նյութ է: Այստեղ որոշ հարցեր լուծվել են, իսկ որոշները՝ ոչ: Լուծվել են հարցեր նաև միմյանց ներսում եղած հարաբերությունների առումով: Ինչ ավելի մեծ քաղաքական հարցեր են լուծվել Հայաստանում ներքաղաքական լարման այդ գործընթացով, սա էլ առանձին թեմա է, որին պարբերաբար կանդրադառնանք՝ տարբեր դիտանկյուններից:
Անկասկած է մի բան, որ մեզ երևացել ու երևում է այսբերգի միայն ջրի երեսին եղած մասը, իսկ ջրի տակ անկասկած առավել մեծ և հիմնական զանգվածն է, որը շատ ավելին է, քան Հայաստանի սահմանները: Ֆրանսիայի հրապարակում «բազավորվելուց» մոտ երկու ամիս անց հրապարակը ըստ էության առանց տեսանելի, շոշափելի հրապարակային արդյունքի թողնելու ընդդիմության որոշումը գործնականում հերթական անգամ վկայում է մի բան՝ Հայաստանում ընդդիմությունն է «ընկած փողոցում, վերցնող է պետք»: Այլ կերպ ասած, Հայաստանում ընդդիմության նշաձողը բաց է, բայց բաց է նաև այդ նշաձողը սահմանելու և շարունակաբար բարձրացնելու ներուժ ունեցող քաղաքական սուբյեկտության հարցը, առավել ևս ինստիտուցիոնալ սուբյեկտության: Պետք է նկատել, որ այդ հարցի լուծումը բոլորովին կարճաժամկետ չէ, սակայն բուն խնդիրն այն է, որ գոնե առայժմ ընդհանուր առմամբ չի նշմարվում նաև մեկնարկային ներուժը, եթե չխոսենք առանձին, հազվադեպ, հիմնականում անհատական կամ փոքր խմբային նախաձեռնություններից, որոնք սակայն դեռևս չունեն նոր ժամանակին և աշխարհաքաղաքական իրողություններին համարժեք ռեսուրսային և կոնցեպտուալ բազա:



















