«Տեսալսողական մեդիայի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը դարձյալ քննարկումների սեղանին է։ Օրենքն ընդունվել է 2020-ին, այս ընթացքում ի հայտ եկած խնդիրներն ստիպել են վերանայել այն։ Այս անգամ էլ փորձագիտական հանրույթի կարծիքով քննարկումները հապշտապ ու ոչ մասնակցային են, կան բովանդակային անհամաձայնություններ։ Ինչ փոփոխություններ են ակնկալվում և ինչ է առաջարկվում նախագծով։

2020-ին մանրամասն քննարկված, ԱԺ-ում հավանության արժանացած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքն ընդունումից 2 տարի անց կրկին քննարկման սեղանին է։ Օրենքի կիրառման ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ հակասություններ, որոնք վերացնելու համար էլ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նոր լրացումներ և փոփոխություններ է նախաձեռնել:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ 35, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանից 110 առաջարկություն են ներկայացրել նախորդ քննարկմանը։ Այս անգամ քննարկումներին պարզապես ներգրավված չեն եղել։ 

«Ապրիլի 19-ին արդարադատության փոխնախարարը, ԱԺ գլխադասային հանձնաժողովի նախագահը և ես՝ 10 լրագրողական կազմակերպությունների անունից, ստորագրեցիք մի հուշագիր, ըստ որի՝ մեդիային վերաբերող օրենսդրական փոփոխությունները դեռ գաղափարի փուլում պետք է քննարկվեն  մեզ հետ, ու մենք պետք է մասնակցենք այդ փաստաթղթերի մշակմանը։ Այս պարագայում մենք տեսնում ենք, որ մեկ այլ նախարարություն իր վրա է վերցրել փոփոխությունների նախաձեռնությունը, որոնցից երևի տեղյակ չի»,-ասում  է Աշոտ Մելիքյանը։

Բորիս Նավասարդյանը նախագծի տեխնիկական շտկումների առաջարկներին համաձայն է, սակայն բովանդակալին հատվածում խնդրահարույց կետեր է տեսնում։

«Խնդրահարույց հատվածը վերաբերում է էթիկական կարգավորումներին, խմբագրական քաղաքականության խնդիրներին, որոնք այս օրինագծով վերապահված են պետության կողմից լիազորված մարմնին։ Ես չեմ բացառում, որ որոշ սահմանումներ կարգավորող մարմնի լիազորությունների մեջ կարող են տեղավորվել, բայց կան այնպիսիք (և բավական շատ են), որոնք չեն կարող լինել կարգավորող մարմնի վերահսկողության օբյեկտ»։

Երևանի մամուլի ակումբի նախագահը այդպիսի հարցերից մեկն է համարում, օրինակ, միայն ստուգված փաստեր եթեր հեռարձակելու պահանջը։ Կարծում է՝ որևէ պետական մարմին չի կարող ունենալ այնքան ռեսուրս, որ բազմակողմանի մշտադիտարկում անի։

«Կցանկանայինք, իհարկե, որ բոլոր փաստերը ստուգված լինեին, փաստերն ու կարծիքները տարանջատված լինեին, բայց դա հնարավոր չէ, իսկ պետության կողմից լիազորված մարմինը չի կարող ընտրողական վերաբերմունք ցույց տալ, որովհետև անմիջապես կլինեն քաղաքական ուղղվածության հետ կապված կասկածներ»։

Հաճախ օրենքները ոչ թե պատժող, այլ կանխարգելող նշանակություն ունեն՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն է արձագանքում։

«Շատ դժվար է ու արդյունավետ չի լինի կարգավորման տակ վերցնել լրագրողական աշխատանքների որոշ էլեմենտներ, որոնք ինքնակարգավորման ներքո են, դա և անաչառ փաստերի խնդիրն է, նաև փաստը մեկնաբանությունից տարանջատելն է, լիովին համաձայն եմ։ Բայց երբ օրենքում դա նշվում է որպես իղձ ու նպատակ, պարտավորեցնում է լրատվամիջոցներին, ու դրսում շատ հաջող օրինակ կա, որ տարվա մեջ մի քանի օր ինչ-որ հեռուստաընկերության մշտադիտարկում ես անում, և եթե հաճախակի են այդպիսի խախտումները, պատժիչ նորմեր չկան, իրավունք ունես լրատվամիջոցին զգուշացնել և հանրությանը տեղեկացնել, որ այս կամ այն լրատվամիջոցում չստուգված փաստերի հրապարակումը կամ խառնելը փաստի և մեկնաբանության ավելի հաճախ են, քան պիտի լինեն»։

Նախագծով նոր խմբագրությամբ է շարադրվում  օրենքի 7-րդ հոդվածը, որը  սահմանում  է հեռարձակողներին ներկայացվող պահանջները հավաստի տեղեկատվության ապահովման գործընթացում։ Ամրագրվում է, որ հեռարձակողը պետք է ապահովի փաստերի և կարծիքների միջև հստակ տարբերությունը, հավաստի՝ ստուգված տեղեկություններ հաղորդի։

Նախագծով վերանայվում են  լիցենզավորման վավերապայմանները, լիցենզիայի գործողության կասեցման ու դադարեցման պայմանը և այլն։

Տիգրան Հակոբյանը հիշեցնում է՝ 2020-ին սրանք շուրջ կես տարի ամենօրյա քննարկման հարցեր են եղել, սակայն նույնիսկ այդ դեպքում օրենքը թերի է եղել և առաջացել է վերանայման անհրաժեշտություն։ Այս անգամ քննարկման, նախագծի մշակման ավելի կարճ և իր գնահատմամբ անարդյունավետ պայմաններ են եղել։

«Մեր իրավաբաններն առաջին օրից առաջարկել էին, նախ, նշանակել հայեցակարգը՝ ինչ խնդիրներ պիտի լուծի, ինչի վրա ուշադրություն պիտի դարձնենք, ինչ վտանգներ կան այս օրենքում, ինչպես պիտի ներդաշնակենք ամբողջ օրենսդրական դաշտը։ Սակայն ասեցին, որ ժամկետ է դրված ու եթե չեմ սխալվում  3-4 հանդիպում եղավ աշխատանքային ու ոչ արդյունավետ»։

Քննարկման կարգի, բովանդակության մասին անհամաձայնություններից բացի՝ փորձագիտական հանրության առանցքային դիտարկումներից մեկն էլ այն է, որ  2020-ին ներկայացված փաթեթով առաջին ընթերցում անցած, հետո հանված դրույթները այս անգամ գրեթե նույնությամբ ներառված են նախագծում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն