Ո՞ւմ և ինչի՞ համար է փոխվում Սահմանադրությունը
Որքանո՞վ են անհրաժեշտ Սահմանադրության փոփոխությունները, ո՞ւմ և ինչի՞ համար են փոխվում գլխավոր կանոնները․ հարցերը քննարկել են սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամներն ու Մարդու իրավունքների պաշտպանը։ Նրանք կարծում են, որ Մայր օրենքում լուրջ բացթողումներ կան, որոնք թույլ չեն տալիս իրացնել կառավարման խորհրդարանական մոդելի պոտենցիալը։ Փոփոխությունների հայեցակարգը, նշում են, պատրաստ կլինի տարեվերջին։
Գործող Սահմանադրությունն իշխանությունների տարանջատման սկզբունքը չի երաշխավորում, կառավարման խորհրդարանական մոդելի՝ լիարժեք գործելու հնարավորություն չի տալիս, անգամ խորհրդարանի լուծարման մեխանիզմ չի նախատեսում, ինչի պայմաններում իշխանափոխության միակ տարբերակ մնում է հեղափոխությունը․ սրանք այն հիմնավորումներն են, որոնք ներկայացնում են սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամները։
1995 թվականի հուլիսի 5–ին ընդունված Սահմանադրությունն արդեն երկու անգամ փոփոխվել է՝ 2005 եւ 2015 թվականներին, փորձարկվել են նաև կառավարման տարբեր մոդելներ՝ կիսանախագահականից խորհրդարանական։ Սահմանադրության նոր փոփոխություններով զբաղվող խումբը կառավարման մոդելի փոփոխության հարց քննարկել է, բայց վերջնական որոշում դեռ չունի։ Խորհրդի անդամներից Մարդու իրավունքների պաշտպանը կարծում է՝ մասնագիտական որոշումները պետք է հանրային աջակցություն ունենան.
«Կարծում եմ, որ խորհրդարանական մոդելի կայացման ու հետագա զարգացման համար մենք դեռ ճանապարհ ունենք անցնելու, սակայն կառավարման մոդելի փոփոխության անհրաժեշտություն չեմ տեսնում։ Պետք է զարգացնել խորհրդարանական մոդելը, այն իր մեջ ժողովրդավարական կառավարման լրջագույն պոտենցիալ ունի, որը, կարծում եմ, շատ դեպքերում մեր իրականությունում գիտակցված չէ»։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ, Արաքս Մելքոնյանի՝ կարծիքով խորհրդում պետք է քննարկել իշխանությունների տարանջատման ու փոխզսպումների հարցը, որպեսզի պարզ լինի, թե կառավարման ինչ մոդել է ձեւավորվում։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Արթուր Սաքունի կարծիքով՝ Սահմանադրությունը իշխանությունների տարանջատման սկզբունքը չի երաշխավորում, եւ դա, ըստ նրա, ամենամեծ ձախողումն է, որը պետք է ելակետային լինի որոշումներ կայացնելիս.
«Դատական իշխանությունը երբեք չի ունեցել Սահմանադրության մակարդակով երաշխավորված անկախություն։ Ավելին, միշտ եղել է գործադիր իշխանության հսկողության տակ։ Նկատի ունեմ՝ մեխանիզմների առումով գործադիր իշխանությունը միշտ ունեցել է դատական իշխանության վրա ուղղակի ազդեցության լծակներ՝ անկախ հանգամանքից, թե կառավարման ձեւը նախագահական էր, կիսանախագահական թե խորհրդարանական։ Եվ այդ ազդեցությունն ուղղակի է եղել Արդարադատության խորհրդի կամ դատական իշխանության բարձրագույն մարմնի անդամների նշանակման առումով»։
Սաքունցի խոսքով՝ նախորդ և գործող բոլոր Սահմանադրությունները ամբողջ ծանրաբեռնվածությունը դրել են գործադիր ուսերին՝ լուրջ դերակատարությունից զրկելով օրենսդիր մարմնին։
Արաքս Մելքոնյանի տպավորությամբ էլ՝ կառավարությունն ու վարչապետը անսահմանափակ լծակներ ունեն, իսկ օրենսդիր մարմինը գործադիրի կցորդ է ընկալվում։ Բազմաթիվ են օրինակները, երբ խմբակցությունը միաձայն քվեարկում է կառավարության նախաձեռնություններին ընդդիմությունը որեւէ լծակ չունի ազդելու որոշումների վրա։ Խորհրդարանում հարցերը միաձայն են լուծվում՝ նկատում է մասնագետը.
«Ներկա Սահմանադրությունը չի ապահովում այդ տարանջատումները եւ հակակշիռները, քանի որ մենք ունենք պառլամենտից սերած կառավարություն։ Այսինքն՝ մեծամասնություն ունեցող քաղաքական ուժը ԱԺ–ում առանց որեւէ քննարկումների նշանակվում է ղեկավար»։
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն այժմ քննարկումներ է անցկացնում մասնագիտական տարբեր խմբերի հետ։ Փոփոխությունների հայեցակարգը պատրաստ կլինի մինչեւ տարեվերջ, հենց այդ փաստաթղթով էլ կտրվի գլխավոր հարցի պատասխանը՝ կառավարման մոդելի փոփոխություն կլինի՞, թե՞ ոչ.
«Քաղաքական փոքրամասնությունը, որը ժամանակին քաղաքական մեծամասնություն էր եւ ուղղակի պատասխանատվություն էր կրում այսօրվա Սահմանադրության համար, ընկավ իր իսկ ստեղծած ծուղակը, որովհետեւ մտածում էին, որ հավերժ իշխելու են, եւ սա է ամենից կարեւոր դասը։ Չպետք է սահմանադրությունը դիտարկել տվյալ պահին քաղաքական իշխանության շահերից»։
Սաքունցի կարծիքով՝ գործող Սահմանադրության բացերից մեկն էլ պառլամենտի լուծարման մեխանիզմներ չնախատեսելն է։ Սրա արդյունքում՝ իշխանափոխության միակ ձևը հեղափոխությունն է։



















