Մահվան աչքերի մեջ նայեցինք ու ողջ մնացինք․ ռեանիմատոլոգ Հայկ Հովհաննիսյան
Սպիտակ խալաթավորների բանակը 44 –օրյա պատերազմում ոչ միայն իր բացառիկ հմտություններով, այլև երբեմն հենց կյանքով կյանքեր փրկեց։ Պատերազմի տարեգրությունը զինվորների հետ գրեցին նաև բժիշկները։ Հերացու անվան համալսարանական հիվանդանոցի ռեանիմատոլոգ Հայկ Հովհաննիսյանը երկու պատերազմների մասնակից է։ Մեր թղթակից Արմինե Գևորգյանը նրա հետ հանդիպել է Արցախում։
2020 թ–ի սեպտեմբերի 26-ին Հերացու անվան համալսարանական հիվանդանոցի ռեանիմատոլոգ Հայկ Հովհաննիսյանը Ստեփանակերտի հյուրանոցներից մեկում էր, երբ պայթյունի ձայն լսեց. ապրիլյան պատերազմին մասնակցած բժիշկն այդ պահին չմտածեց, որ պատերազմ է սկսվում։ Հյուրանոցից պատուհանից փոշու մեջ կորած Ստեփանակերտն էր ու մարդկանց խուճապահար ձայները․
«Ձայները որ եկան, ընկերուհիս ասեց՝ վեր կաց, կռիվ է սկսել։ Ու ես կիսաքնած ասում եմ՝ կռի՞վ , Ստեփանակերտի՞ն պիտի խփեն ,կռիվը սահմանում է լինում»։
Երեկոյան Հայկն արդեն Երևանում էր, առաջին համալսարանական հիվանդանոցում, որտեղ պատերազմի առաջին վիրավորներն էին։ Բայց հերթապահությունը չավարտած՝ լուսաբացին իրերը հավաքեց ու վերադարձավ Արցախ․ ուղղությունը՝ դեպի Ջրական։ Ասում է՝ չէր պատկերացնում պատերազմի մասշտաբայնությունը, անգամ տաք հագուստ չէր վերցրել։ Մտածում էր՝ ապրիլյանի նման մի քանի օր կտևի․
«Իշխանձորով գնացինք։ Երբ հասանք Ջրականի հոսպիտալ, այն արդեն տարհանված էր։ Անընդմեջ անօդաչու թռչող սարքերի ձայներ էին, դրանք անընդհատ պտտվում էին մեր գլխավերևում, բայց պատերազմի զգացողություն չունեի, դեռ շատ խրոխտ էի ու ասում էի՝ շուտով ամեն ինչ լավ է լինելու։ Առաջին տասը օրերին օրական 120-140 վիրավոր էինք ընդունում։ Անձակազմը քիչ էր, ընդամենը 3 ռեանիմատոլոգ։ Հիմա, երբ հիշում եմ այդ փոքր անձնակազմով ինչեր ենք արել, զարմանում եմ։ Հոսպիտալային այդ պայմաններում նման բուժօգնություն ցուցաբերելն իրոք հերոսություն էր»։
Հետո Ջրականից անտառներով գնացել են Հադրութի հոսպիտալ, որտեղ նույնպես արդեն անվտանգ չէր։ Դարձյալ անտառներով հասել են Հադրութի Տող գյուղի մանկապատանեկան կենտրոնի շենք ու այնտեղ մնացել 15 օր․
«Մեր հոսպիտալը հենց առաջնագծում էր, ու մեր խնդիրն էր վիրավորների վիճակը մի փոքր կայունացնել և ուղարկել Ստեփանակերտ։ Բայց վիրավորներն այնպիսի վիճակում էին, որ հաճախ անհնար էր լինում ինչ–որ բան անել։ Հատկապես ֆոսֆորային զենքերից ստացված վիրավորումները։ Ամբողջ օրգան համակարգերը այրված էին, ու ահավոր էր դա»։
Բժիշկն ասում է՝ վիրահատությունները հիմնականում կրակոցների ու արկերի պայթյունների տակ են արվել։
«Տող գյուղում էինք, ու թշնամին իմացել էր, որ զենքերը պահում են Տողի ցորենների մառաններում, բայց բարեբախտաբար մերոնք զենքերն արդեն հանել էին։ Ու անօդաչու թռչող սարքը եկավ ու ընկավ այդ ցորենների վրա, մենք մի 20 մետր հեռավորության վրա էինք։ Դե էդ պահին պանիկայից վազում ես, բայց այդ ընթացքում մտածում ես, որ հիվանդդ այնտեղ է,վիրահատական սեղանին։ Բայց, ինչ խոսք, բոլորիս մեջ այդ ողջ մնալու, տուն գալու , պատմելու գաղափարն էր, քանի որ դու տեսնում ես մի բան, որը ոչ մեկ չի տեսնում»։
Հադրութը կորցնելուց հետո Հայկը տեղափոխվում է Մարտունի՝ Կարմիր Շուկայի դպրոցի նկուղ։ Այնտեղ նույնպես բազմաթիվ զինվորների կյանքեր են փրկվել։ Ասում է՝ պատերազմից հետո առաջին ամիսներին չէր կարողանում քնել։
Երբեմն բժշկին քաղաքում ճանաչում են, ասում է՝ եղել են դեպքեր, երբ մոտեցել են ու ասել, որ իրենց կյանքն է փրկել։ Խոստովանում է՝ զինվորներից որևէ մեկի դեմքը չի հիշում։
«Չեմ ճանաչում, քանի որ բոլոր տղաները հողոտ էին, ու երբ դիմակը պետք է դնեիք տղաների դեմքին անզգայացնեինք, մոտս միշտ խոնավ շոր կար ու այդ շորով մաքրում էինք, որ գոնե կարողանայինք դիմակը հերմետիկ պահել ։ Բոլորը հողոտ, մահ տեսած աչքերով ու սարսափած դեմքերով էին»։
Պատերազմից հետո առաջին անգամ է այցելել Արցախ։ Նախկինում երբեք մենակ չէր գալիս, ամպայման ընկերների հետ էր լինում, որ նրանց համար էքսկուրսիա կազմակերպի, ծանոթացնի Արցախին։ Հիմա թեև Արցախի տարածքը փոքրացել է, բայց էլի ցույց տալու ու տեսնելու շատ բան կա։
«Ախր այստեղ ամեն ինչն է լավ։ Շուկայից սկսված մինչև փողոցներ։Ես այստեղից երբեք դատարկ չեմ վերադառնում՝ ձու,կանաչի, գինի պարտադիր գնում եմ Արցախի շուկայից։
Թերթում եմ Հայկի ֆեյսբուքյան էջը։ 2020 թ–ի նոյեմբերին 8-ին գրել է․
«Օրհասական գիշեր է։ Այս օրը մահվան աչքերի մեջ նայեցինք ու ողջ մնացինք, ու մենք կանք ու լինելու ենք։ Չի կարող աշխարհին Կոմիտաս ու Խաչատրյան տված ազգը վերանա։ Մենք մի բուռ ենք, միասին, անպարտելի»։