Սահմանադրությունը փոխելու երրորդ փորձը․ ո՞ր ուղղությամբ կգնա երկիրը
Հայաստանի Սահմանադրության անցած ճանապարհը փաստում է, որ երկրի գլխավոր փաստաթուղթը գրվել և պարբերաբար շտկվել է պահի ազդեցության տակ։ 1995 թ․հուլիսի 5–ին ընդունված Մայր օրենքը բոլոր նախագահների պաշտոնավարման ժամանակ փոխվել է այս կամ այն պատճառաբանությամբ, բայց՝ հստակ նպատակով։
Գործող Սահմանադրությունը կրկին սպասում է փոփոխությունների։ Դրանց բովանդակությունն ու ուղղությունները դեռ հայտնի չեն, բայց սահմանադրական բարեփոխումների խորհուրդը և մասնագիտական հանձնաժողովը խոստանում են մինչև տարեվերջ ներկայացնել հայեցակարգի նախագիծը:
Պատերազմի «ականները»՝ Սահմանադրության մեջ
1995 թ․հուլիսի 5–ին ընդունված և երկու անգամ փոփոխված Սահմանադրության իրական փորձաքարը ոչ միայն ընտրություններն են, ինչպես ընդունված էր կարծել, այլև՝ 44–օրյա պատերազմը։ Այն վեր հանեց գործող Մայր օրենքի իրական խնդիրները։ Օրինակներն առանձնացրել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։
«Կարծում եմ՝ բոլորդ հիշում եք, երբ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին հարց տվեցին, թե ինչն է իր դասը, ասաց՝ ես իմ տեղը չգիտեի այդ հրամանատարության ամբողջ կառուցվածքում, որովհետև պատերազմի ժամանակ վարչապետը, իսկապես դառնում է գլխավոր հրամանատար, ԳՇ պետը դառնում է, ըստ էության, նրա անմիջական հրամանները կատարող օղակը։ Այս ամեն ինչին գումարվում է, երբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունը պատերազմի ժամանակ իր դերակատարման մասին ասում է՝ Սահմանադրությամբ ինձ վրա դրված է տարածքային ամբողջականությունը ապահովելու մեխանիզմ։ Բայց այս պիրամիադում՝ ՀՀ վարչապետ–ԳՇ պետ–պաշտպանության նախարար–Արցախի նախագահ–Արցախի ՊԲ ղեկավար–Արցախի ՊԲ ԳՇ, այս ամբողջ հիերարխիայում թերևս քաոսը, որ մենք ունեցանք, այն բանի հետևանքն է, որ մեր սահմանադրագետները նախկինում չբարեհաճեցին հասկանալ, որ բացի իշխանությունը «հորով–մորով» անելու երևույթներից շատ ավելի կարևոր բաներ կան», – ասում է Սաֆարյանը։
Արդեն մի քանի ամիս գործող սահմանադրական բարեփոխումների խորհրդը և մասնագիտական հանձնաժողովը համատեղ ուժերով փորձում են առաջ շարժվել հենց խնդիրները առանձնացնելու և լուծումները գտնելու սկզբունքով։ Պատերազմի վեր հանած սահմանադրական խնդիրներն առանձնացված են, բայց լայն և բաց քննարկման ենթակա չեն՝ ասում է միջազգային իրավական կառույցներում ՀՀ ներկայացուցիչ, սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխնախագահ Եղիշե Կիրակոսյանը։
«Այդ հարաբերակցության մասով, ճիշտն ասած, դիտարկումներ ունեմ, դրանք նաև առնչվում են արտաքին քաղաքական գծին Ղարաբաղի հարցով։ Այս պահին չեմ ուզում խոսել, բայց կան որոշակի բարդ խնդիրներ։ Մոտավորապես պատկերացնում եմ, թե խնդիրները որտեղից են գալիս։ Եկեք խոսենք դրանց մասին, բայց ոչ այսպիսի ձևաչափով», – նշում է Եղիշե Կիրակոսյանը։
Խորհրդի անդամ, իրավաբան Տիգրան Եգորյանի կարծիքով՝ խնդիրը խոր արմատներ ունի, լուծումները դեռ հստակ չեն։ «Սա մի հարց է, որը մեծ հաշվով ընկած է դեռևս 88 թվականի ղարաբաղյան շարժման սկզբնավորման հիմքում։ Այսինքն՝ Հայաստանի և Արցախի համատեղ փոխգործակցության հարցը տարբեր իրավիճակներում։ Այս հարցը, մեծ հաշվով, դեռ քննարկման և լուծման փուլում է։ Մեծագույն խնդիր է և՛ ներքին, և՛ արտաքին ։ Այս խնդրի լուծում այս պահին, ինձ թվում է, ՀՀ–ն չունի», – ասում է Եգորյանը։
Սա խնդիր է, որն ուղղակիորեն առնչվում է կառավարման համակարգի տրամաբանությանը։ Հասկանալի է, որ նոր իրողություններում Հայաստան–Արցախ փոխհարաբերությունները, հնարավոր է, փոխվեն, բայց բուն կառավարման համակարգը Հայաստանում, ըստ ամենայնի, կմնա նույնը։
Նախագա՞հ, թե՞ վարչապետ․ վերադարձ հնին չի ենթադրվում
Սահմանադրական բարեփոխումներով զբաղվող մասնագետներն ասում են՝ կառավարման մոդելի վերաբերյալ հստակ որոշում դեռ չեն կայացրել։ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխնախագահ Եղիշե Կիրակոսյանը նշում է․«Կառավարման ձևն ամենաառանցքային կամ միգուցե ամենահետաքրքիր կետերից մեկն է։ Թե ինչ կառավարման ձև կընտրենք, թե ինչ ուղղությամբ կգնա երկիրը, դա ամենաֆունդամենտալ խնդիրն է։ Բնականաբար, այս հարցն էլ քննարկման կարիք ունի։ Կա մոտեցում, որ կառավարման ձևը հաճախ փոխելը այդքան էլ խորհուրդ չի տրվում, որովհետև անընդհատ երկիրը տանում ես նոր սթրեսի, բայց կա նաև մոտեցում, որ պետք է ամեն դեպքում ամեն ինչ քննարկել՝ ունես որոշակի տարիների փորձ, որով կարող ես վերլուծել որոշ բացթողումներ, որոշ սխալներ, որոշ պրոբլեմներ»։
Մինչդեռ Սահմանադրության օրվա առթիվ իր ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է սեփական համոզմունքը, որ Հայաստանը պետք է շարունակի պահպանել կառավարման խորհրդարանական համակարգը, քանի որ 2021 թվականի իրադարձություններն, ըստ նրա, ապացուցեցին՝ այդ համակարգը ճգնաժամեր կառավարելու, քաղաքական բանավեճին ժողովրդի ներգրավման ու վճռական մասնակցության ավելի գործուն մեխանիզմներ է ապահովում:
Նախագահների «ստվերները» Սահմանադրությունում
ՀՀ Սահմանադրության անցած ճանապարհը փաստում է, որ երկրի գլխավոր փաստաթուղթը գրվել և մշտապես շտկվել է պահի ազդեցության տակ։ Պահն էր թելադրում, որ գործող Սահմանադրությունից հանվի կոնկրետ մի դրույթ՝ հիշեցնում է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։
«Արդեն չենք հիշում, որ մեկ տարուց ավելի է ՀՀ Սահմանադրության սահմանադրական կարգի պաշտպանության հոդված գոյություն չունի, որոշ շրջանակների թեթև ձեռքով։ Ինչ է թե մեր նախկին նախագահներից մեկին ցանկացել են ազատել պատասխանատվությունից»։
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, իրավաբան Տիգրան Եգորյանը ևս մի քանի դեպք է հիշում, երբ Հայաստանի Սահմանադրությունը «հարմարեցվել» է այս կամ այն շահերին։
Հիշում է, թե ինչպես էր ստեղծվում ՀՀ առաջին Սահմանադրությունը։ Աշխատում էին առնվազն երկու հոգի, որոնցից մեկը՝ իրավաբան, մյուսը՝ ոչ, ընդ որում` 1995–ին տրված լուծումներին դեմ էր իրավաբանը, բայց հաղթեց ոչ իրավաբանը՝ ասում է։
«Հստակ և համարձակ կարող եմ ասել, այն ժամանակ իմ հայրն էլ է դրա մասին խոսել։ Օրինակ, ասենք՝ նախագահի առնվազն 10 տարվա ՀՀ–ում բնակվելու ցենզը գրվել է Լևոն Տեր Պետրոսյանի համար, որովհետև եթե այդպես չգրվեր, գրվեր ինչպես իմ հայրն էր ուզում՝ ծնված և մեծացած լինի ՀՀ–ում նախագահը, բայց այդ դեպքում Լևոն տեր Պետրոսյանը չէր կարող նախագահ ընտրվել սահմանադրության ընդունումից ընդամենը մեկ տարի հետո։ Էլի լուծումներ կան, որ գրվել է այդ շրջանի համար»։
2005-ի սահմանադրական փոփոխություններն արդեն, ըստ Եգորյանի, հիմնականում միտված էին նախագահի իշխանության ամրապնդմանը։
«2005 թվականի Սահմանադրության հիմնական փոփոխությունը նախագահի իշխանության ամրապնդումն էր՝ թեև խոսվում էր կիսանախագահական համակարգի մասին։ Այսպիսի բան չկա։ Ուրեմն՝ 1995 թվականի Սահմանադրության 74–րդ հոդվածով հակակշիռների մեխանիզմը քանդվեց 2005 թվականին, և առաջնային մանդատով ընտրված ԱԺ–ն ստորադասվեց կառավարության վստահության քվեին։ Այսինքն՝ Կառավարությանը վստահություն չհայտնելու արդյունքում ցրվում էր ԱԺ–ն։ Սրանով Ռոբերտ Քոչարյանը ուժեղացրեց իր իշխանությունը։ Հիշում եք՝ 1999 թվականի ընտրություններից հետո էր․ թեև վերացված էին հիմնական գործող անձինք, սակայն, նրանց թիմերը դեռ մեծ ուժ էին ներկայացնում ԱԺ–ում։ Այս ուժի հետագա զարգացման հաղթահարման նպատակով նախագահի ինստիտուտը ուժեղացվեց»։
Վերջին փոփոխություններն արդեն բոլորն են հիշում, երբ երկիրն անցավ խորհրդարանական կառավարման։ Այդ փուլում արդեն Սահմանադրությունը համեմատում էին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հագով կարվող կոստյումի հետ։
Այսօր արդեն գործող Սահմանադրությունը նոր փոփոխությունների է ենթարկվում։ Բովանդակությունն ու ուղղությունները դեռ հայտնի չեն, բայց սահմանադրական բարեփոխումների խորհուրդը և մասնագիտական հանձնաժողովը խոստանում է մինչև տարեվերջ ներկայացնել հայեցակարգի նախագիծը: