«3+3» ձևաչափը՝ Արեւմուտքին տարածաշրջանից դուրս մղելու միջոց
«3+3» ձևաչափով հաջորդ նիստը կանցկացվի Իրանում․ այս երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլաhիանի հետ հանդիպումից հետո ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա հանդիպումից առաջ ողջունել է տարածաշրջանային նախագծերին մասնակցելու Իրանի կառուցողական դիրքորոշումը։
Այս ձեւաչափով դեռ առաջին հանդիպումից հետո փորձագետները կասկածի տակ էին դնում հարթակի ապագան՝ մի քանի պատճառներ մատնանշելով։ Հիմնական մտահոգությունն այն էր, որ ձևաչափը մեծացնելու է Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում։ Մտահոգություններն այսօր էլ նույնն են։
Թուրքիայի նախաձեռնությամբ ստեղծված «3+3» ձեւաչափով երկրորդ հանդիպման մասին հայտարարեց Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը Իրանի իր պաշտոնակցի հետ հանդիպումից հետո։ Հարավային Կովկասյան տարածաշրջանում համագործակցության «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը կայացավ յոթ ամիս առաջ՝ 2021թ.-ի դեկտեմբերի 10-ին, Մոսկվայում։ Հանդիպմանը մասնակցեցին 5 երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի ներկայացուցիչները, քննարկեցին տարածաշրջանում առկա համագործակցության հեռանկարների հարցն ու ընդհանուր սպառնալիքներին հակազդեցության թեման։ Վրաստանը հրաժարվել էր այդ հանդիպումից՝ վկայակոչելով Ռուսաստանի ներկայությունն այդ ձեւչափում։
«3+3»–ը դարձավ «3+2»՝ կատակում էին փորձագետները։ Մասնագետները նաև նկատում էին, որ նոր հարթակը ձեռնտու չէ նաեւ Իրանին, քանի որ Թուրքիայի նախաձեռնությամբ ստեղծված ձեւաչափն, ըստ էության, փորձելու է մեծացնել Թուրքիայի դերակատարումը տարածաշրջանում։ Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում պատահական չհամարեց այս ձեւաչափով հանդիպման նախաձեռնումը հենց այս պահին։ «Այն ուղղված է Արեւմուտքի դեմ»,- ասաց․
«Այս փուլում մեր տարածաշրջանի բոլոր խոշոր տերությունները՝ Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը, հետաքրքրված են արեւմտյան ազդեցության չեզոքացման կամ առնվազն այն նվազագույնի հասցնելու հարցում։ Սա է պատճառը, որ մոտ ապագայում նման ձեւաչափերը սկսելու են ակտիվանալ։ Դա է նաեւ պատճառը, որ Ռուսաստանը վերջին շրջանում դե ֆակտո դեմ է հանդես գալիս ՄԽ–ի ձեւաչափին, քանի որ այդ ձեւաչափը եւս դիտարկվում է արեւմուտյան ազդեցության գործիք մեր տարածաշրջանում»։
Ժամանակին, երբ ստեղծվում էր այս ձեւաչափը, փորձագետները զգուշացնում էին նաև, որ այն ուղղված է ՄԽ-ի դեմ ։ Մասնավորապես՝ տարածաշրջանային հարցերով փորձագետ Մանվել Ղումաշյանը կարծում էր, որ «3+3»-ը գալիս է փոխարինելու ՄԽ-ին, ինչը վտանգավոր է Հայաստանի համար, քանի որ Անկարան է փորձում գլխավոր դերակատար դառնալ տարածաշրջանում։
«Եթե 3+3 ձեւաչափը կայանա, դա առաջին հերթին ձեռնտու է հենց Թուրքիային, քանի որ նրա մուտքը Հարավային Կովկաս ավելի է ամրապնդվում։ Դրա համար Հայաստանը դիմադրում է՝ ասելով, որ այդ ձեւաչափը կարող է աշխատել միայն այն հարցերի համար, որոնք չեն մտնում այլ ձեւաչափերի մեջ՝ առաջին հերթին նկատի ունենալով ղարաբաղյան խնդիրը, որը ՄԽ-ի ձեւաչափում է»։
Այս մասին դեռ նախորդ տարվա դեկտեմբերին հայտարարեց նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ «3+3» ձեւաչափը կարող է հետաքրքրել Հայաստանին, եթե այդտեղ չքննարկվեն այլ հարթակների թեմաներ։
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը հստակեցնում է․ «Հայաստանը պետք է հստակ կարմիր գծեր սահմանի, որոնց քննարկումն այդ հարթակում անթույլատրելի է»։ Խոսքն, ըստ նրա, Ղարաբաղյան խնդրի մասին է։ Նա կարծում է, որ պետք է արցախյան խնդիրը ակտուալ պահել հատկապես ամերիկյան շրջանակներում։
«ԱՄՆ–ի հետ, կարծում եմ, առաջին հերթին պետք է աշխատել ՄԽ–ի ձեւաչափի ուղղությամբ, խոսքը համանախագահության ձեւաչափի մասին չէ, քանի որ այն դե ֆակտո գոյություն չունի։ ԱՄՆ-ն, լինելով ՄԽ-ի անդամ պետություն, կարող է ավելի ակտիվ միջնորդական դեր ստանձնել եւ այդ առումով ինչ-որ չափով հակակշռել ռեգիոնալիզացիայի միտումները, որոնք նախաձեռնվել են Մոսկվայի ու Անկարայի կողմից»։
Ժամանակին, երբ ստեղծվում էր այս «3+3» ձեւաչափը, կարծիքներ էին հնչում, որ այն ձեռնտու չէ նաեւ Թեհրանին, քանի որ Թուրքիայի ակտիվացմամբ Իրանը լուսանցքում կհայտնվի։ Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով, սակայն, այսօր նաեւ Իրանին է ձեռնտու արեւմուտքին տարածաշրջանից դուրս մղելուն ուղղված «3+3» ձեւաչափը։ Նա չի հերքում, որ Թուրքիան տարածաշրջանում ավելի մեծ ազդեցություն է ձեւավորում, ավելացնում է նաեւ Ռուսաստանի ներկայությունը․
«Կարծում եմ՝ հստակ ազդեցության գոտիների է բաժանվում տարածաշրջանը․ Ռուսաստանը մի հատվածում է ունենալու ազդեցություն, Թուրքիան՝ մյուս։ Սա այնպիսի մոդել է, որ տարածաշրջանի խոշոր երկրները պատրոնաժ են հաստատում փոքր երկրների նկատմամբ։ Ռուսաստանը Հայաստանի ու Արցախի մնացյալ հատվածի նկատմամբ, դա Ռուսաստանի պատասխանատվության գոտին կլինի երուի։ Իսկ Թուրքիայի ազդեցությունը շատ կլինի Ադրբեջանում»։
Այս փուլում այդ հարթակը ավելի շատ խորհրդատվական բնույթ է կրելու եւ մեծ ակնկալիքներ չպետք է ունենալ՝ ասում է քաղաքագետը։



















