Հայաստանյան բուհերում ավելի քան 160 մասնագիտություններով այս տարի դիմորդներ չկան, դրանցից 28-ը պետական բուհերում են։  ԵՊՀ-ում, օրինակ, այս տարի 520 թափուր տեղ կա, որից 20-ը`անվճար: Ընդունելության քննությունների հիմնական փուլի նախնական արդյունքներով՝ փոքր շեղումներով նախորդ տարիների պատկերը կրկնվել է։

Մի շարք բուհերում թափուր են անգամ անվճար տեղերը:

Պատկերը դեռ նախնական է, բայց՝ խոսուն։ Միայն Մայր բուհում  թե բնագիտական, թե ֆիզմաթ, թե հումանիտար թևերում ավելի քան 500 տեղ թափուր է մնացել՝ այդ թվում անվճար։ Ըստ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արմեն Սարգսյանի՝ պատճառը դիմորդների թվի զգալի նվազումն է.

«Կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա, որտեղ 5 թափուր տեղ ունենք։ Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում՝ 4 թափուր տեղ, քիմիա՝ 3 տեղ, կենսաֆիզիկա և կենսաինֆորմատիկա՝ ևս 3 թափուր տեղ և երկրաբանություն՝ 5 թափուր տեղ։ Այսինքն 20 անվճար տեղ այս կրթական ծրագրերում»։

Հաշվի առնելով պահանջարկը՝ բուհական տեղերն ամեն տարի վերանայվում են։ Բայց ավելի արդյունավետ կլինի, եթե կրթական ծրագրերի առումով բուհերը խոշորացման գնան՝ նկատում է զրուցակիցս.

«Շատ կտրուկ քայլերի գնալու ժամանակն է, և բավականաչափ կրթական ծրագրեր պետք է կրճատել։ Որքան շատ մնանք նույն ուղու վրա, այնքան ճահճացման է տանելու և ոչ լավ արդյունքների։ Դրա համար միշտ պետք է վերանայել ու կտրուկ քայլեր անել»։

Ի տարբերություն ԵՊՀ–ի՝ ՀՊՏՀ–ում այս տարվա ընդունելությունից գոհ են։ Այստեղ շարունակում են ամենապահանջվածը մնալ կառավարում, ֆինանսներ, մարքեթինգ, հաշվապահություն մասնագիտությունները։ Բուհում դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ 12 տոկոսով աճել է։ Իսկ թերհամալրված մասնագիտություններն ընդամենը մի քանիսն են՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գրիգոր Նազարյանը.

«Միայն թերհամալրված է «բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտությունը, որտեղ կա 1 դիմորդ, մնացածներում 2,3,4 դիմորդ ունենք՝ վիճակագրություն, ակտուար ֆինանսական մաթեմատիկա, զբոսաշրջություն։ Այս մասնագիտություններում է միայն, որ լիցենզիոն տեղերը չեն գերազանցել դիմորդների թիվը»։ 

Ի տարբերություն Տնտեսագիտական համալսարանի՝ ԳԹԿ-ում  տրամադրություններն այդքան էլ լավատեսական չեն։ Հատկապես բնագիտական առարկաների գծով ցուցանիշները տարեցտարի ավելի մտահոգիչ են դառնում: Չնայած այդ առարկաներից քննություն հանձնողների թիվն ըստ տարիների աճում է, բայց որակական պատկերն առանձնապես չի փոխվում: «Հատկապես բժշկական մասնագիտությունների գծով դիմորդների համար այնքան էլ հեշտ չէ հաղթահարել «Կենսաբանություն» առարկայի քննությունը։ Տարիներ շարունակ դիմորդները միշտ կենսաբանությունից ավելի բարձր միավորներ են հավաքել, քան քիմիայից, բայց արդեն երկրորդ տարին է՝ հակառակ իրավիճակն է»,- ասում է Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։ «Աշխարհագրություն» առարկայի գծով ևս պատկերը գոհացնող չէ։  Եթե նախորդ տարում 18-20 միավոր է ստացել դիմորդների 23 տոկոսը` 43 հոգի, ապա այս տարի` ընդամենը 8, 8 տոկոսը`11 հոգի:  Փոխարենը ավելի հուսադրող են, օրինակ, մաթեմատիկայի արդյունքները.

«Նախորդ տարի մաթեմատիկայի միջին միավորը եղել է 10,47, այս տարի ավելի բարձր է։ Բարձր է նաև 18-20 միավոր հավաքածների թիվը՝ 320 դիմորդ։ Նույնը հայոց լեզվի դեպքում է ։ Անցյալ տարվանից մի փոքր ավելացել են բարձր ստացողների թվերը։ Անցյալ տարվա համեմատ ցածր են անգլերենի և կենսաբանության միավորները»։

Այս տարի, ի դեպ, կամընտրական առարկաների դեպքում դիմորդները նախապատվությունը տվել են հայերենին, ոչ թե օտար լեզվին: Նախորդ տարիներին հակառակ պատկերն էր։ Քննություններն, ընդհանուր առմամբ, նորմալ են ընթացել, արդյունքներն էլ  շատ տարբեր չեն՝ նկատում է զրուցակիցս։ Փոխարենն այս տարի տարբերվող էին հուշաթերթիկներից օգտվելու հնարքները։ Համացանցում տարածվել էր դիմորդներից մեկի հնարամտությունը փաստող նկարը՝  մաթեմատիկայի բանաձևերը ջրի պլաստիկե շշի պիտակի հակառակ կողմում էին։ Կրեատիվ մոտեցումն այս դիմորդին չփրկեց․ քննություն հանձնելու հաջորդ հնարավորությանը ստիպված կլինի սպասել մեկ տարի։

«Առաջին անգամ շշի պիտակի հետևի մասում գրված, փակցված էր։ Այդքան էլ էական բան չէր երեխայի համար, բայց, այնուամենայնիվ, հեռացվել է։ Չեմ հիշում որտեղ էր, բայց ակնհայտ էր։  Մենք թույլ չենք տալիս իրենց հետ բերած շշերը դնել սեղանին, որովհետև ջուրը պատասխանների ձևաթղթի վրա թափելու ռիսկ կա։  Մենք ասում ենք՝ դնեն գետնին։ Չի բացառվում, որ գետնին դնելու ժամանակ էլ նկատել են։ Մանավանդ՝ ջուր էր և թափանցիկ»։ 

ԳԹԿ փոխտնօրենը ուշագրավ օրինաչափություն է տեսնում։ Հուշաթերթիկներից և տարատեսակ սարքերից օգտվելու տենդենցը Երևանից տեղափոխվել է մարզեր։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն