Բաքվի «հայելային մեղադրանքների» հնարքները․ ո՞րն է Ադրբեջանի նպատակը
Հայ–ադրբեջանական հակամարտության համատեքստում միջազգային հարթակներում Ադրբեջանի վարած դիվանագիտական խաղն ամենալավ օրինակներից է, եթե ոչ լավագույնը, թե ինչպես կարելի է միջազգային հանրության ուշադրությունը շեղել հիմնական խնդրից, հակամարտության արմատներից և «հոգնեցնել» նրանց՝ թույլ չտալով ամբողջական պատկերացում կազմել իրական վիճակի մասին։ Բաքվի այսպես ասած դիվանագիտական հնարքներից մեկն էլ «հայելային մեղադրանքների» քաղաքականությունն է, որի տարիներ շարունակ կիրառումն ի վերջո որոշ դեպքերում հաջողության է հասնում։
«Հայելային մեղադրանքների» վերջին օրինակը ԵԱՀԿ ԽՎ–ում էր, երբ միջազգային կառույցը հրաժարվեց իր տարեկան զեկույցում իրականացնել Հայաստանի առաջարկած փոփոխությունները, որոնք վերաբերում էին Բաքվում պահվող հայ գերիներին, ԵԱՀԿ ՄԽ հետագա գործունեությանն ու Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում մշակութային ժառանգության պահպանմանը։ Ասել է, թե եվրոպական 3 երկրները հրաժարվեցին պաշտպանել այն արժեքները, որոնց համար հենց ծավալում են միջնորդական առաքելություն։ Այս ամենը խորհրդարանական դիվանագիտությամբ զբաղվողների համար դեռ պետք է վերլուծության առիթ դառնա՝ ակնարկել է ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը.
«Խնդիրը հետևյալն է, որ ադրբեջանական կողմը և պատվիրակությունն, ըստ էության, որդեգրել են երկկողմանի, ուղիղ, նույնաբովանդակ մեղադրանքների մարտավարություն, և այս երկկողմանի մեղադրանքների հորձանուտում մեր գործընկերների ընկալումները կարող են փոքր–ինչ խեղվել, և իրականությունը նման պայմաններում դժվար է ի հայտ բերել»։
Ի՞նչ է անում Ադրբեջանը։ Դրա դիվանագիտական հնարքների ամփոփ դիտարկումը ցույց է տալիս, որ հենց Երեւանը բարձրաձայնում է Բաքվի սադրանքների մասին, Բաքուն շտապում է նույն ձեւակերպումներով նույնաբովանդակ մեղադրանք հնչեցնել Երեւանի հասցեին։ Եւ այդպես այնքան է լղոզում ու խառնում փաստերը, որ միջազգային գործընկերները դժվարանում են ամբողջական պատկերացում կազմել իրավիճակի մասին, հատկապես, որ սահմանային հետաքննության գործուն մեխանիզմներ չկան։ Խոսենք օրինակներով։
3 ամիս առաջ ԵԽԽՎ նախագահողը փորձում էր լռեցնել փոխադարձ մեղադրանքների հայ–ադրբեջանական «փոխհրաձգությունը» հենց Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի խոսքի վրա, երբ թուրք և ադրբեջանցի պատվիրակները սկսեցին «գրոհել»՝ հայկական կողմի ասելիքը վերագրելով հենց իրեն։
Այդ ժամանակ Ռուբինյանը հորդորել էր եվրոպացի պատգամավորին՝ չկիրառել լծակ, որը նա չունի և նույն ջանասիրությամբ նաև թուրք պատվիրակներին արգելել ԵԽԽՎ դահլիճում ցուցադրել, ասենք, «գորշ գայլերի» ազգայնական նշանը։
Ադրբեջանի «հայելային մեղադրանքների» քաղաքականության դրսեւորումների կարելի է հանդիպել միշտ ու միջազգային բոլոր հարթակներում։ Ստահոդ փաստերից մի քանիսը․
• Ադրբեջանը մոգոնեց պատմություն իր ցեղասպանության մասին։
• 2020–ի պատերազմից հետո Հաագայի դատարան ներկայացրեց նույնաբովանդակ հայց, ինչով Հայաստանն արդեն դիմել էր՝ ռասսայական խտրականություն։
• Խոսում է խաղաղությունից այն պահին, երբ խախտում է հրադադարը շփման գծում։
• Հայաստանին մեղադրում է բանակցային ընթացքը խաթարելու եւ չարձագանքելու մեջ այն դեպքում, երբ կառավարության եւ ԱԺ մակարդակով պաշտոնական Երեւանն արդեն արձագանքել է։
• Բլինքեն–Ալիև հեռախոսազրույցից հետո հայ գերիներին անհապաղ վերադարձնելու պահանջի մասին ամերիկյան կողմի պնդմանն ի պատասխան մեղադրում են ԱՄՆ պետդեպին «ստախոսության» մեջ։
• Ստեղծել է 1 միլիոն փախստականների միֆը, որոնք, իբր, չեն կարողանում վերադառնալ իրենց չակերտավոր հայրենիք՝ հայերի կողմից տարածքների ականապատման պատճառով։
• Հորինում են սեփական պատմությունը՝ համաշխարհային պատմությանը և փաստերին հակառակ։
• Խոսում են բանակցային գործընթացի շահերից, սակայն, հակառակ միջնորդների գործունեությանը և ԵԱՀԿ ՄԽ աշխատեցնելու միջազգային հանրության հորդորին, Ալիևը հեգնում է և անգամ մատ է թափ տալիս միջնորդների վրա։
Թվարկել կարելի է երկար։ Նախորդ գումարման խորհրդարանից ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակության նախկին անդամ, վերլուծաբան Տաթևիկ Հայրապետյանը հաստատում է՝ միջազգային կառույցներում մշտապես բախվել են ադրբեջանցիների ձևավորած կեղծ օրակարգերին, ընդ որում՝ նախապես պատրաստված, բաժանվող գրքերով և բրոշյուրներով.
«Այն ժամանակ ԵԽԽՎ–ում ելույթներից մեկի ժամանակ ուղղակի մեջբերում արեցի Ալիևի և Էրդողանի խոսակցությունից՝ մեր ռազմագերիների հետ կապված։ Վստահեցնում եմ՝ իսկապես շատերը շոկի ենթարկվեցին, որովհետև եթե մեզ թվում է, որ իրենք ամեն ինչի հետևում են՝ այդպես չէ։ Իրենց շատ հաճախ պետք է իրազեկել և իրազեկել փաստերով։ Բնական է, որ եվրոպական պատվիրակները չեն մտնում մանրամասների մեջ՝ ստուգելու ճշմարտությունը կամ բացահայտելու կեղծիքը մինչեւ վերջ։ Հենց Հաագայի դատարանում հայկական կողմը հսկայական փաստական նյութ ունի։ Ի՞նչ ունի ադրբեջանական կողմը։ Այստեղ խնդիրն այն է, թե ինչպես ես փաստերով տվյալ իրավիճակում քո ճշմարտությունն ապացուցում։ Ադրբեջանական կողմը կարող է հավակնություններ ներկայացնել ՀՀ ընդհուպ մինչև մայրաքաղաք Երևանի նկատմամբ և տարբեր գործընթացներ սկսել, բայց նույն հայկական կողմն ունի հսկայական փաստեր, որտեղ ցույց է տրվում, թե ինչպիսի պատկեր է ունեցել տարածաշրջանը 100, 200, 300 տարի առաջ»։
Վերլուծաբանի կարծիքով՝ Հայաստանը միջազգային հանրության հետ պետք է խոսի բացառապես փաստերով՝ մի կողմ դնելով էմոցիաները։ Օրինակներ է բերում․ Մատենադարանը վերջերս հրապարակել էր Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգության մասին գիրք անգլերենով՝ ներկայացնելով հսկայական նյութ։ Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը հրապարակել էր Խոջալուի հետ կապված կարևոր նյութ՝ հիմնված փաստերի և դաշտային աշխատանքի վրա։ Աշխատությունն ամբողջությամբ ի չիք է դարձնում ադրբեջանական բոլոր պնդումները՝ ասում է վերլուծաբանը և պնդում՝ գիտնականների օգտակար աշխատանքները պետք է դիվանագիտական ճիշտ կիրառում ստանան։ Ըստ Տաթևիկ Հայրապետյանի՝ Ադրբեջանը սկսել է հաջողել, քանի որ, ի թիվս այլ գործոնների, տարիներ շարունակ նպատակասլաց աշխատել է.
«Եթե մենք մեր ներսում տասնամյակներով պատրաստվեինք հնարավոր դիմակայությանը, վստահեցնում եմ՝ պատերազմը այդ ելքը չէր կարող ունենալ, դրա համար էլ մենք այդ իրավիճակում հայտնվեցինք։ Ուստի, պետք է աշխատենք, որպեսզի այսպիսի իրավիճակներից խուսափենք, ոչ թե բողոքենք արևմուտքից, Ռուսաստանից կամ այլ պետություններից։ Ինքներս մեր «տնային աշխատանքն» անենք նաև դիվանագիտական ճակատում։ Դիվանագետները շատ համառ և համարձակ կարող են լինել, եթե երկրի ներսում անվտանգային համակարգերը զարգանան, ուժեղանան, և այդ ուղղությամբ աշխատանք տարվի։ Այդ ամբողջը փոխկապակցված գործընթաց է։ Հույս ունենալ, որ մենք գնանք շարունակ բողոքենք՝ մեզ ականջալուր են լինելու, այդպես չի աշխատում»։
Քաղաքականությունը շահերի համադրության արվեստ է և պետք է օգտվել նաև դրանից։ Վերջին հաջողված օրինակը Հայաստանի համար Ադրբեջանին ջղաձգած ԵՄ բանաձևն էր հայկական մշակութային ժառանգության պահպանության մասին։ Հասկանալի է, որ բանաձևը չստեղծվեց մեկ օրում, դա երկար աշխատանքի արդյունք է, այնպես որ վերլուծաբանի կարծիքով՝ եվրոպացի պատվիրակների հետ ճիշտ աշխատելու դեպքում արդյունքներն ակնհայտ են լինում, այլապես Բաքվի հայելային մեղադրանքների հնարքները կարող են փոխել միջազգային գործընկերների պատկերացումները եւ բեկել հայկական կողմի դիվանագիտական աշխատանքի ընթացքը։



















