ԵԽ-ն Ադրբեջանից պահանջում է մանրամասն հաշվետվություն՝ հայ գերիների գնդակահարության վերաբերյալ
ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին ուղղված նամակում ասել է, որ Եվրախորհուրդը պահանջում է Ադրբեջանից մանրամասն զեկույց ներկայացնել հայ ռազմագերիների գնդակահարության վերաբերյալ։
Նա ընդգծել է, որ Եվրախորհրդի անդամ երկրների միջև տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով։
«Ձեր երկրի և Հայաստանի բարձրագույն իշխանությունների միջև վերջին ուղիղ շփումները խոստումնալից էին և պետք է շարունակվեն։ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է աջակցել հաշտեցման ջանքերին, որոնք նպաստում են խաղաղ կարգավորմանը»,-նշել է գլխավոր քարտուղարը։
«Մենք շարունակում ենք խրախուսել ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին ակտիվացնել ջանքերը՝ լարվածություն առաջացնող բոլոր հարցերը խաղաղ ճանապարհով և երկխոսության միջոցով լուծելու համար», — հավելել է Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։
«Հաշվի առնելով վերջերս ստացված տագնապալի և ցնցող տեղեկությունները՝ ես պարտավոր եմ ձեր նախարարությունից պահանջել մանրամասն և ճշգրիտ տեղեկատվություն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով նախատեսված մեղադրանքների մասովԱդրբեջանի իշխանությունների ձեռնարկած միջոցառումների վերաբերյալ: Ես նկատի ունեմ վերջին տեսագրությունները, որոնցում երևում է ծայրահեղ բռնություն հայ ռազմագերիների նկատմամբ, ներառյալ արտադատական սպանություններ»,-ասել է նա:
Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Եվրոպայի խորհուրդը շատ ուշադիր հետևելու է այս հարցին՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով տրված մանդատի համաձայն՝ ապահովելու կազմակերպության չափանիշների լիարժեք հարգումը։



















