Անշարժ գույքի շուկա․ 17 տոկոս աճ մեկ տարվա ընթացքում
Աշխարհաքաղաքական զարգացումներն իրենց անմիջական ազդեցությունն են թողնում անշարժ գույքի շուկայի վրա։ Պահանջարկի ավելացմանը զուգահեռ բարձրացել են թե ՛ բնակարանների գնման, և թե ՛ վարձակալության գները։ Ամենաթանկ բնակարանները, ինչպես միշտ՝ մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում են։ Տարեկան կտրվածքով այստեղ բնակարանները թանկացել են 17․3 տոկոսով։ Ամենացածր գնով բնակարան կարելի է ձեռք բերել Նուբարաշեն վարչական շրջանում։ Այստեղ էլ տարեկան կտրվածքով բնակարանների գներն աճել են 14․3 տոկոսով։
Ռուս–ուկրաինական պատերազմն ու Ռուսաստանում հայտարարաված մոբիլիզացիան իրենց ուղիղ ազդեցությունն են թողնում Հայաստանի անշարժ գույքի շուկայի վրա։ Առքուվաճառքի ու գների մասով միտումներն արտացոլվում են վիճակագրությունում։ Վարձակալության մասով ամբողջական պատկեր ունենալն ավելի բարդ է՝ այդ գործարքների մեծ մասը իրավական ձևակերպում չի ստանում։ Շատ հաճախ բնակարանների սեփականատերերը, օգտվելով իրավիճակից, փորձում են էլ ավելի բարձր գնով վարձակալության տալ իրենց բնակարանները ՝ ինչպես զրուցկացիս դեպքում է․
«Ես վարձով եմ բնակվում Երևանում արդեն տասը տարուց ավելի։ Բնակարանի սեփականատերը բարձրացրել է վարձակալության գումարը՝ 150 հազարից 220 հազար դրամ դարձնելով։ Եթե չհամաձայնեմ, ասում է դուրս արի»։
Անշարժ գույքի գործակալություններից մեկի աշխատակից Կարեն Դավթյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ընդգծում է՝ պահանջարկից ելնելով որոշ բնակարանատերեր մոտ 20 տոկոսով բարձրացրել են վարձավճարները։
«Հիմնականում դիմել են ոչ թե օրավարձով, այլ մի քանի ամսով՝ հիմնականում մինչև վեց ամսով բնակարանների վարձակալության համար։ Գների օրինակ բերեմ, եթե նախկինում 200 հազար դրամ արժեր բնակարանը, ապա այժմ 250 հազար դրամ է՝ կախված նրանից, թե որտեղ է բնակարանը, որ հարկում է , ինչ դիրք ունի»։
Տնտեսագետ Մերի Բոյաջյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ընդգծում է, որ Ռուսաստանում հայտարարված մոբիլիզացայի ֆոնին ավելացել է այդ երկրի քաղաքացիների հոսքը դեպի Հայաստան։ Պատկերն ամեն օր արտացոլվում է օդանավակայանում․
«Վերջին օրերին միայն Զվարթնոց օդանավակայանում միջինում 40–50 չվերթ է իրականացվել։ Հիմականում գերակշռում են Մոսկվայից ու Սոչիից ժամանողները։ Կարող ենք պնդել, որ այս քաղաքացիներն էլ ձևավորում են վարձակալական գույքի նկատմամբ պահանջարկի գերակշիռ մասը։ Վերջինս իր ազդեցությունը կունենա անշարժ գույքի շուկայում գործարքների իրականացման, ինչպես նաև գների բարձրացման տեսանկյունից»։
Անշարժ գույքի պահանջարկի ավելացման արդյունքում աճել են նաև դրանց գները։ 2022–ի օգոստոսին Երևանում բնակարանների միջին շուկայական գները նախորդ ամսվա համեմատ 0․4 տոկոսով են աճել, տարեկան կտրվածքով՝ 15 տոկոսով։
«Դիտարկվող ժամանակահատվածում վարձակալության գործարքները 868 է, 2021 թվականի համեմատ նվազել է 12․2 տոկոսով։ Այստեղ փաստացի Հայաստան ժամանած քաղաքացիների կողմից վարձակալած բնակարանների քանակը արտացոլված չէ կադաստրի կոմիտեի ցուցանիշերում։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ վարձատուները և վարձակալները հիմնականում իրենց գործարքները իրավականորեն չեն գրանցում։ Այս դաշտը բաց է, իրավական կարգավորման կարիք ունի»։
Այս տարվա հունվար–օգոստոսին Հայաստանի անշարժ գույքի շուկայում առքուվաճառքի 4197 գործարք է կատարվել։ Ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 11․4 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ՝ շուրջ 5 տոկոսով։ Տնտեսագետ Մերի Բոյաջյանը, վերլուծելով կադաստրի կոմիտեի տվյալները, արձանագրում է․ դիտարկվող ժամանակահատվածում ավելացել են ՌԴ քաղաքացիների կողմից Հայաստանում անշարժ գույքի գնման ծավալները՝
«2021 թվականի օգոստոսի համեմատ աճը կազմել է 6․8 տոկոս։ Եթե ուսումնասիրում ենք անշարժ գույքի տեսակները, ապա նրանք ավելի շատ ձեռք են բերել բնակարաններ։ Հիմնականում կենտրոնացած են Երևանում»։
2022թ օգոստոսին Երևանում անշարժ գույքի նկատմամբ գրանցված գործարքների ամենաբարձր տոկոսաչափն է գրանցվել՝ 29,7 տոկոս, ամենացածրը Վայոց Ձորում է ՝ 2․1 տոկոս։ Գների վիճակագրությունն էլ չի փոխվել․
«Ամենաբարձր գինը Կենտրոն վարչական շրջանում է, իսկ ամենացածրը՝ Նուբարաշենում։ Կենտրոնում մեկ քառակուսի մետր բնակարանի արժեքը միջինում 740 հազար դրամ է։ Տարեկան կտրվածքով 17․3 տոկոսով ավելացել են գները։ Նախորդ ամսվա համեմատ 0․4 տոկոսով է ավելացել։ Նուբարաշենում ամենացածր գինն է՝ մեկ քառակուսի մետր բնակարանի գինը օգոստոսին միջինում 206 200 դրամ է, տարեկան կտրվածքով աճը 14․3 տոկոս է, հուլիսի համեմատ՝ 1 տոկոս»։
Մասնագետներն արձանագրում են, որ ամռանը անշարժ գույքի գործարքների թվի ավելացումը նաև զբոսաշրջիկների թվով էր պայմանվորված։ Միայն օգոստոսին մոտ 262 հազար զբոսաշրջիկ է այցելել Հայաստան, հիմնականում՝ ՌԴ քաղաքացիներ։ Այդ ամսին անշարժ գույքի շուկայում իրականացվել է ավելի քան 18 հազար պետական գրանցման գործարք։ Վերջին տասը տարում սա ամենավարձր ցուցանիշն է։ 2021–ի համեմատ գործարքների աճը 4․5 տոկոս է կազմում, նախորդ ամսվա համեմատ ՝ 9 տոկոս։



















