Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունում է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքի մեկնարկը։ Այսօր կառավարության հերթական նիստում նա ասել է, որ ԵՄ գործընկերները շատ օպերատիվ են արձագանքել և որոշումներ կայացրել։

«Պետք է հաճույքով արձանագրեմ, որ ԵՄ-ի գործընկերները շատ օպերատիվ են արձագանքել և որոշումներ կայացրել: Եվ նախապատրաստող խումբն արդեն Հայաստանում է, արդեն աշխատում է, և հիմնական խումբը՝ 40 հոգուց կազմված դիտորդական առաքելությունը, առաջիկայում կժամանի Հայաստան»,- նշել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ ըստ նախնական պայմանավորվածության, դիտորդական առաքելությունը պետք է իրականացվի երկու ամիս։

«Մեր փորձագիտական դաշտում կարծիքներ են հնչում, որ պետք է երկարացնել առաքելության ժամկետը կամ փորձել առաքելությունը դարձնել մշտական։ Եթե մենք տեսնենք, որ նման հնարավորություն և անհրաժեշտություն կա, չեմ  բացառում, որ ավելի խորը կուսումնասիրենք խնդիրը»,- ընդգծել է վարչապետը:

ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել  հոկտեմբերի 4-ին Պրահայում քառակողմ հանդիպման ընթացքում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն