Ոստիկանության փոխարեն՝ Ներքին գործերի նախարարություն․ ԵՄ–ն աջակցում է բարեփոխումներին
Եվրամիությունը 33 մլն եվրոյի 2 դրամաշնորհային ծրագրով աջակցություն կտրամադրի Հայաստանին։ Մեր երկրի ու Եվրոպական հանձնաժողովի միջև համաձայնագրերի ստորագրման առաջարկությունը հավանություն է ստացել կառավարության նիստում:
Առաջին ծրագրով ԵՄ-ն 10 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի ոստիկանության բարեփոխումներին։ Մասնավորապես, աջակցությունը կուղղվի Ներքին գործերի նախարարության ձևավորմանը, որը ներառելու է միգրացիոն ու փրկարար ծառայությունները։ 23 մլն եվրոյի դրամաշնորհը սոցիալ–տնտեսական ուղղվածություն ունի․ նախատեսվում է աջակցություն Սյունիքի մարզում ՓՄՁ-ների ստեղծմանը, զարգացմանը և գործող բիզնեսների վերականգնմանը:
Ոստիկանության փոխարեն Ներքին գործերի նախարարություն ունենալու գործընթացին կաջակցի Եվրամիությունը․ 10 մլն եվրոյի դրամաշնորհ կուղղվի ոստիկանության բարեփոխումներին։ Վարչապետն ասում է, որ նոր նախարարության ձևավորման հարցում Կառավարությունը մոտ է վերջնական որոշումների կայացմանը։
«Լիարժեք ձևակերպված ծրագիր ունենք։ Թերևս պետք է անցնենք այդ ծրագրի իրականացմանը։ Նաև մեկնարկել են բուն ոստիկանության համակարգի բարեփոխումների գործընթացը»։
Ներքին գործերի նախարարություն ստեղծելու վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարանը քննարկելու է առաջիկայում։ Քննարկումները մեկնարկել են ավելի վաղ։ Գործադիրը նախատեսում է ներքին գործերի նախարարության մեջ միավորել ոստիկանությունը, Փրկարար ու Միգրացիոն ծառայությունները։ Գլխավոր հիմնավորումը գործառույթների կրկնությունը բացառելն ու ավելի արդյունավետ գործելու հնարավորություններ ապահովելն է։
Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը միավորման առաջարկն արդարացված է համարում։ Բացատրում է՝ միգրացիոն քաղաքականության մշակման ու իրականացման առումով ոչ ստանդարտ իրավիճակ է․ միգրացիոն քաղաքականությունը մշակվում և իրականացվում է մեկ մարմնի՝ միգրացիոն ծառայության կողմից՝ չնայած իրականացման բաղադրիչներ առկա են նաև պետական համակարգի այլ մարմիններում ևս։
«Քաղաքականությունների մշակումը՝ որպես գործառույթ, վերապահված է նախարարություններին, սակայն այս պահին միգրացիոն քաղաքականության մշակումը որևէ նախարարության գործառույթը չէ։ Ուստի միգրացիոն քաղաքականության մշակման գործառույթը պետք է փոխանցվի ներքին գործերի նախարարությանը, իսկ քաղաքականության իրականացման գործառույթը՝ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը»։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը պետք է ձևավորվի ոստիկանության անձնագրերի ու վիզաների վարչության ու միգրացիոն ծառայության միավորման արդյունքում։ Ղազարյանը նշում է՝ միգրացիոն գործառույթների էական հատված իրականացնում է միգրացիոն ծառայությունը, մյուս հատվածն էլ՝ անձնագրերի և վիզաների վարչությունը։ Երկու մարմիններն էլ ունեն գործառույթներ, որոնք բնորոշ չեն միգրացիոն ծառայություններին։
«Միգրացիոն ծառայությունն ունի մի շարք սոցիալական բնույթի գործառույթներ (ԲԳՎ–ների տրամադրում Բաքվից բռնագաղթած փախստականներին), որոնք առավել բնորոշ են աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը, սոցիալական գործառույթներ իրականացնող մարմիններին։ Անձնագրային ու վիզաների վարչությունն ունի մի շարք գործառույթներ, որոնք պետք է ոստիկանությունը իրականացնի» ։
Օտարերկրացիներին տրամադրվող կացության կարգավիճակի առումով էլ, այսպես ասենք, «կիսված գործառույթներ» կան՝ բացատրում է Ղազարյանը։
«Աշխատանքի հիմքով կացության կարգավիճակը տրամադրում է միգրացիոն ծառայությունը, մինչդեռ մնացած հիմքերով կացության կարգավիճակները՝ ուսման, ընտանիքի վերամիավորման հիմքով կարգավիճակները տրամադրվում անձնագրերի և վիզաների վարչության կողմից։ Այս գործառույթները պետք է միավորվեն ու օտարերկրացիներին տրամադրվող բոլոր տեսակի կացության կարգավիճակները կտրամադրի նոր մարմինը։ Միաձուլման արդյունքում գործառույթները կհստակեցվեն»։
Միավորման արդյունքում միգրացիոն ծառայության գործառույթները հստակեցվում են՝ ասում է Ղազարյանը։ Պատկերը նույնքան հստակ չէ ֆինանսական առումով։
«Այժմ միգրացիոն ծառայության բյուջեի էական մասը կազմում են սոցիալական ծախսերին ուղղված հատկացումները։ Այս մասով կփոխանցվի աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը, սակայն կապահովվի մարմնի բնականոն գործունեության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները»։
Այս ոլորտում Հայաստանն ունի միջազգային գործընկերների աջակցությունը։ ԵՄ–ն ոչ միայն խորհրդատվություն է տրամադրել, այլև ֆինանսապես է օժանդակում բարեփոխմանը։ Ուսումնասիրվել է շուրջ 30 երկրի փորձ, 22–ի պարագայում միգրացիայի գործառույթները իրականացնող մարմինները գտնվում ներքին գործերի նախարարությունների կազմում են, 4 երկրների դեպքում (օրինակ՝ Նիդեռլանդներ) դրանք՝արդարադատության նախարարությունների։
Վերջերս այս թեմայով խորհրդարանական լսումներ են կազմակերպվել։ Խորհրդարանական մեծամասնությունը կարծում է, որ միավորված կառույցն ավելի արդյունավետ կգործի, իսկ քաղաքական ու քաղաքացիական վերահսկողությունը համակարգի նկատմամբ կլինի ավելի ուժեղ։
Ոստիկանության համակարգում երկար տարիներ աշխատած ու տարբեր պաշտոններ զբաղեցրած Հովհաննես Քոչարյանը հիշում է՝ 1990-ականներին, երբ Ներքին գործերի նախարարություն կար, մեղադրանքներ էին հնչում, թե քաղաքականացված ու կուսակցականացված կառույց է։
«Հետևաբար այս ռիսկերի չեզոքացման միակ ճանապարհը եղել և մնում է ճիշտ հավասարակշռությունը, ֆունկցիաների հստակ սահմանազատումը, հսկողության պատշաճ ընթացակարգերը»։
Ակնկալվում է, որ նախագիծն առաջիկայում կքննարկվի խորհրդարանում։



















