Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուստատեսությանը։ Հարությունյանը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի կողմից միմյանց  տարածքային ամբողջականությունը ճանաչելու գործընթացում որևէ պայմանագիր չի կարող կանխորոշել Արցախի ապագան:

Այս համատեքստում, սակայն,  շրջանառվում են նաև այլ տեսակետներ։ Արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը գտնում է, որ այս բարդ աշխարհաքաղաքական պայմաններում ավելի կարևոր է  անվտանգության երաշխիքների հարցը։ 

Արցախի համար այսօր առաջնահերթ է անվտանգությունը և ոչ կարգավիճակը։ Լեռնային Ղարաբաղի հետագա ճակատագրի վերաբերյալ այսպիսի տեսակետ ունի արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը։

 «Ռադիոլուր»-ի հետ զրույցում քաղաքագետը  կարևորեց միջազգային հանրության կողմից անվտանգության երաշխիքների ապահովման հարցը։ Նա կարծում է, որ այս ուղղությամբ բազմակողմ աշխատանք պետք է տարվի․

«Արցախը առաջին հերթին պետք է առաջ քաշի ոչ թե անկախության սուբեկտայնության, ճանաչելիության հարցը այլ հենց անվտանգության հարցը։ Եվ եթե այսօր տարբեր միջնորդների կողմից նշվում է տեսակետներ, որ միջազգային հանրությունը պահանջում է արցախյան կարգավիճակի հարցում իջեցնել նշաձողը, բայց նաև խոսում են անվտանգության երաշխիքների կարևորության մասին, ապա մենք առաջին հերթին պետք է առաջ քաշենք անվտանգության հարցը և ստանանք երաշխիքներ։ Խնդիր չկա մենք մի կողմ ենք դնում կարգավիճակի հարցը։

Նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հստակեցրել էր, որ Արցախի Հանրապետության դե ֆակտո անկախությունը չի քննարկվում, թեև ֆե յուրե ճանաչման առումով երկար ճանապարհ կա անցնելու։

Ըստ նրա Հայաստանի ու Ադրբեջանի միջև որևէ պայմանագիր չի կարող կանխորոշել Արցախի ապագան․

«Միջազգային խաղացողները, որոնք այսօր փորձում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցում իրենց ծառայությունները մատուցել, արցախյան խնդիրը ստորադասում են և այնքան էլ նպաստավոր առաջարկներ չեն ներկայացնում:

«Բայց դա չի խանգարում մեզ՝  իրացնելու ազգերի ինքնորոշման   ՄԱԿ-ի կանոնադրության կարևորագույն նորմը»:

Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի համար ամենակարևոր շեշտադրումն այն է, որ Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը սակարկման ենթական չէ։  Անվտանգության ապահովման հարցում  նա կարևորում է ռուս խաղաղապահների ներկայությունը, ինչը ոչ միայն չի հակասում, այլև փոխլրացնում է ԵՄ ու ԵԱՀԿ դիտորդների ներկայությանը ՀՀ տարածքում։

«ԵՄ կողմից դիտորդական առաքելություն իրականացնելը Հայաստանի սահմանին իհարկե ողջունելի է։ Այստեղ մենաշնորհ չկա որևէ մեկի կողմից, որ ասվի, թե սա է իրականացնում , կամ մյուսը։ Սրանք մեկը մյուսին համալրող և շատ ճտ գործոններ են։  Ինչ վերաբերում է  ռուս խաղաղապահների Արցախում ներկայությանը այն, կարևոր գործոն է խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ։ Ռուս խաղաղապահների ժամկետը մեր պատկերացմամբ պետք է անժամկետ լինի»։

Քքաղաքագետ Ժիրայր Ազիզյանի կարծիքով հարկավոր է որոշակի աշխատանք տանել ռուս խաղաղապահների հետ։ 

«Մենք այլընտրանք այսօր չունենք։ Եթե չլինի ռուսական խաղաղապահ զորակազմ, մենք վստահություն չունենք, որ որևէ մեկը կգա  այդ գործունեությանը փոխարինելու։ Եվ այս տրամաբանության մեջ մենք պետք է կարողանանք ճիշտ աշխատել ռուս խաղաղապահների հետ՝ տեղում կազմակերպելու անվտանգային հարցերը»։

Արցախի նախագահն ընդունելի է համարել Բաքվի հետ ուղիղ բանակցությունները։ Սակայն, նրա կարծիքով,  պետք է գնահատել թե ինչ է դա տալու Արցախին։  Արայիկ Հարությունյանը հստակեցրել է , որ  Բաքվի հետ ուղիղ հանդիպել կարելի է, սակայն չզիջելով ինքնորոշման իրավունքը և կասկածի տակ չդնելով Արցախի անկախության ճանապարհը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն