Ուկրաինիայի մայրաքաղաք Կիևը հայտարարում է ամբողջական «բլեքաութի»`  հոսանքազրկման և գրեթե 3 միլիոն բնակչության հնարավոր տարհանման մասին։ Իր հերթին ռուսական կողմը իր վերահսկողության տակ գտնվող Խերսոնի բնակչությանը  գուժում է վերահաս ռազմական գործողությունների և կրկին տարհանման մասին։ Հոկտեմբերի սկզբից Ռուսաստանն անօդաչու սարքերի միջոցով շարքից հանել է ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքները` «տոտալ տարհանման» վտանգ ստեղծելով։

Ռուս-ուկրաինական պատերազմի «բանակցային գնդակը» օդում է և դեռևս չի նշմարվում, թե կողմերից ո՞րի դաշտում կհայտնվի` ասում է քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը։ «Ռադիոլուրի» հետ զրույցում Նա շեշտում է այն, որ Ուկրաինան օրենք է ընդունել, որն արգելում է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ, իսկ Մոսկվան էլ շարունակում է հայտարարել բանակցություններ վարելու պատրաստակամության մասին։ Իրականում, ասում է Արմեն Բադալյանը, հակամարտող կողմերի առաջ քաշած պայմանները որևէ կետում չեն հատվում, ուստի Մոսկվան ու Կիևը բանակցությունների մասին խոսելու քողի տակ ուժեր են կուտակում՝ ռազմաճակատում հարցը լուծելու համար։

«Հարցը լուծվելու է ռազմաճակատում և ոչ թե բանակցային սեղանի շուրջ։ Բանակցություններում լուծվում են առանձին մանր հարցեր` ուկրաինական ցորենի արտահանում դեպի արևմուտք և այլն։ Քանի դեռ կողմերը չունեն հզոր խաղաքարտ, չեն բանակցի։ Այս պահի դրությամբ Կիևի խաղաքարտը Խարկովի մոտ 30 տոկոսի ազատագրումն է և Խերսոնի դեռևս նախապատրաստվող ռազմական գործողությունը։ Մոսկվայի խաղաքարտը Ուկրաինայի  4 տարածքների նկատմամբ վերահսկողություն սահմանելն է և ռազմաճակատը նոր զորահավաքի մասնակիցներով  համալրելն է, հետևաբար նաև նոր տարածքներ ազատագրելը կամ գրավելը»- ասում է քաղտեխնոլոգը, նկատելով, որ քանի դեռ Ուկրաինան աջակցություն է ստանում Արևմուտքից, հարցը չի լուծվելու բանակցություններով։

Արմեն Բադալյանը Խերսոնի համար առաջիկա ռազմական գործողությունները որպես խաղաքարտ դիտարկում է նաև ԱՄՆ-ում սպասվող Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների և Հանրապետական ու Դեմոկրատական կուսակցությունների միջև ծավալվող   պայքարի համատեքստում։   

Դեկտեմբերի կեսից հետո ռուս-ուկրաինական ճակատում սպասվում են լուրջ բախումներ,  հիմնական ռազմական գործողությունները դեռ առջևում են։ Ըստ Բադալյանի` դրանք նախանշվում են տարվա ավարտին, երբ Ուկրաինա կվերադառնան Եվրոպայում վերապատրաստում անցնող ուկրաինացի զորակոչիկները։ Իր հերթին,  ռուսական կողմը նոյեմբերի կեսից մինչև դեկտեմբերի առաջին կեսը վերջին զորահավաքից հիմնական ուժերով կհամալրի ռազմաճակատը, որից հետո կշարունակի ոչնչացնել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները ևս 40 տոկոսով` թողնելով 20-25 տոկոս էներգառեսուրս, այսինքն՝ այնքան հոսանք, որ մարդիկ կարողանան ձմռանը  գոյատևել։ Սրանով Մոսկվան, ըստ քաղտեխնոլոգի, փորձում է շրջանցել «էներգետիկ ցեղասպանության» մեջ հնարավոր մեղադրանքը։ Արմեն Բադալյանի կարծիքով` ռուս-ուկրաինական զարգացումներում խաղաղություն դեռևս չի նշմարվում։

Նոյեմբերի 8-ին ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախապայմաններ չունի,  բացի գլխավոր պայմանից` Ուկրաինայի կողմից բարի կամք ցուցաբերելը։ Փոխնախարարի խոսքով՝ Ռուսաստանը միշտ կողմ է եղել նման բանակցություններին։ Մինչդեռ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական անգամ հիշեցրել է Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելու պայմանների մասին։ Դրանց թվում են Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնումը, վնասների փոխհատուցումը, ինչպես նաեւ Ուկրաինայում կատարված ռազմական հանցագործությունների բոլոր մասնակիցներին պատժելը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն