Հայաստանն առաջարկներ է փոխանցել Ադրբեջանին
Կառավարության հերթական նիստից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններին ու Հայաստանին ուղղված սպառնալիքներին։ Շուրջ կեսժամանոց ելույթում Հայաստանի վարչապետը մանրամասն թվարկել է, թե ինչ պայմանավորվածություններ է խախտել Ադրբեջանի նախագահը։ Խոսքը միայն 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության մասին չէ։ Կոպտորեն խախտվել են նաև 10 օր առաջ Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունը, նաև Բրյուսելի և Պրահայի պայմանավորվածությունները։
Ուշագրավ է, որ Ալիևի սպառնալիքները հնչել են այն ընթացքում, երբ ԱՄՆ–ից դեռ չէին վերադարձել այդ երկրի պետքարտուղարի նախաձեռնությամբ Վաշինգտոնում հանդիպած արտգործնախարարները։ Միրզոյանն ու Բայրամովը պայմանավորվել էին արագացնել բանակցային գործընթացը, մինչդեռ Ալիևի սպառնալիքները, ըստ Փաշինյանի, նոր ցեղասպանություն ծրագրելու մասին են հուշում։
Հայաստանը նախօրեին առաջարկների նորացված տարբերակներ է փոխանցել Ադրբեջանին՝ հաստատում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և բացատրում, որ դրանց էությունը հայ–ադրբեջանական սահմանի ապառազամականացումն է։
«Առաջարկելով զորքերը ետ քաշել 1991 թվականին վերահաստատված սահմանից, սահմանի երկու կողմից ստեղծելով 3 կիլոմետրանոց ապառազմականացված գոտի։ Ադրբեջանի ԶՈՒ պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքի բոլոր օկուպացված հատվածներից, և մեր այս դիրքորոշումը երբեք ու որևէ կերպ փոփոխության չի ենթարկվի»։
Մեկ այլ ապառազմականացման գոտի ստեղծելու առաջարկն առնչվում է Լեռնային Ղարաբաղին։ Փաշինյանի խոսքով՝ այդ առաջարկը նա արել է դեռ հոկտեմբերի 31–ին Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ։
«Ես ներկայացրել եմ ԼՂ իշխանությունների առաջարկն այս թեմայով․ ԼՂ շուրջ ստեղծել ապառազմականացված գոտի միջազգային երաշխիքներով, որի արդյունքում նման մաշտաբի ՊԲ ունենալու կարիք ԼՂ–ն կարող է և չունենալ։ Այդ առաջարկը, կարծում եմ, շարունակում է մնալ ուժի մեջ։ ԼՂ–ում կա ՊԲ, որը թերևս լուրջ խոչընդոտ է ցեղասպան քաղաքականությունը կյանքի կոչելու համար»։
Այս խնդրին առնչվող երկու առաջարկ Ադրբեջանը արդեն մերժել է։ 2021 թվականի դեկտեմբերին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունը, համաձայն որի, ամենավտանգավոր հատվածներում պետք է իրականացվեր զորքերի հայելային հետքաշում, այդպես էլ իրականություն չդարձավ։ Հաջորդ առաջարկը Ադրբեջանը մերժել է հոկտեմբերի 6–ին Պրահայում։ Հայաստանն առաջարկել էր դիտորդական առաքելություն ուղարկել ԼՂ ՝ պարզաբանելու այնտեղ Հայաստանի զինված ուժերի գտնվելու մասին ադրբեջանական պնդումները։
Այժմ Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե Հայաստանը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը։ Հայաստանի վարչապետն այդ գործելաոճն արդեն ծանոթ և կանխատեսելի է որակում։ Նախկին փորձը նկատի ունենալով՝ պնդում է, որ նման կեղծ լուրերի տարածումը նոր ագրեսիայի նախաբան է դառնում։
Այսօր արդեն հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում ադրբեջանական կրակոցից հայ զինծառայող է ծանր վիրավորվել։
Վերջին մի քանի օրվա ընթացքում Ադրբեջանի նախագահը կոպտորեն խախտել է ընդամենը տասն օր առաջ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ընդ որում՝ Սոչիի եռակողմ հանդիպման համաձայնությունները գրավոր էին։ Դրանց մեջ կար նաև ուժի կիրառումից և ուժի կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալու պահանջ։
«Ադրբեջանի ղեկավարը բարձրաձայնում է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ունեցած նկրտումների մասին հայաստանյան մի շարք բնակավայրերի անվանումների ու այլանունների սպառնալիք օգտագործմամբ խաղաղ բնակչությանը ահաբեկելու ակնհայտ մղումով։ Եթե ուշադրություն դարձնենք Ադրբեջանի նախագահի ելույթներին, նա ըստ էության, սպառնում է բոլորին՝ ՌԴ–ին, ԱՄՆ–ին, Ֆրանսիային, Իրանին, ԵՄ–ին։ Ադրբեջանը շարունակում է նաև խոչընդոտել հայաստանի և թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը ակնկասկած, կարող է նպաստել տարածաշրջանային կայունությանը։ Գլոբալ էներգետիկ օրակարգը ոգևորել է Ադրբեջանին, բայց կարծում եմ նաև, որ ժամանակն է, որ միջազգային հանրությունը համագործակցաբար կոնկրետ միջոցներ ձեռնարկի տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը, անվտանգությանը, ժողովրդավարությանը ահագնացող սպառնալիք դարձած Ադրբեջանի գործելակերպի առիթով»։
Փաշինյանը այսօր ուղիղ մեղադրել է Ալիևին ԼՂ հայության ցեղասպանություն նախապատրաստելու համար։ Բայց և զգուշացրել․ եթե որևէ մեկը մտածում է, թե խաղաղության օրակարգը ՀՀ կամ ԼՂ հայության «խաղաղ ոչնչացումն» է, չարաչար սխալվում է։
Իրավիճակը զուգահեռ և տարբեր հարթություններում ներկայացվում է միջազգային տարբեր գործընկերներին։ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վաղարշակ Հակոբյանի և Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի հանձնաժողովի փոխնախագահ Կազբեկ Տայսաեւի հանդիպմանը նույնպես անդրադարձ եղել է վերոնշյալ խնդիրներին։ Վաղարշակ Հակոբյան․
«Հյուրերին ներկայացվեց հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքում տիրող իրավիճակը և Հայաստանի անվտանգային խնդիրները։ Մանրամասն տեղեկություններ տրամադրվեցին Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ։ Ընդգծվեց ՀՀ տարածքային ամբողջականության, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ԶՈՒ անհապաղ դուրս բերման կարևորությունը»։
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն իր հերթին հավաստիացնում է՝ Հայաստանի իշխանությունների ցանկացած գործողություն համակարգվում է Արցախի հետ։
«Այդ հարցերը քննարկվում են երկուստեք։ Հայաստանի իշխանությունները չեն անում որևէ գործողություն կապված Արցախի հետ, որը չի քննարկվում արցախի իշխանությունների հետ»։
Հատուկ հանձանարություններով ՀՀ դեսպան էդմոն Մարուքյանը Թվիթերի իր էջում նույնպես անդրադարձել է վերջին 2 տարվա ընթացքում եռակողմ հայտարարության պարբերական խախտումներին։ Դեսպանին հետաքրքրում է, թե որոնք են երաշխիքները, որ Ադրբեջանը ստորագրելուց հետո կրկին չի խախտի և սխալ մեկնաբանի ապագա խաղաղության պայմանագիրը։
Դիվանագետը պնդում է, որ Հայաստանին անհրաժեշտ են խաղաղության պայմանագրի երաշխավորներ առնվազն ՄԱԿ Անվտանգության խորհրդից:



















