Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ նիստում այսօր քննարկվել են նախագահի ինստիտուտին վերաբերող առաջարկները։  Հանձնաժողովը դեռ  վերջնական դիրքորոշում չունի կառավարման համակարգի փոփոխության հարցում։ Հանձնաժողովի  անդամների որհրդարանական համակարգը պահպանելու կամ փոփոխելու հարցի շուրջ։  Այս փուլում կառույցն    առաջնորդվում է այն մոտեցմամբ, որ կառավարման խնդիրների լուծումներ կարող են առաջարկվել՝ մինչև կառավարման ձևի հարցում կողմնորոշվելը։

Հանդիսանում է պետության գլուխ, հետևում է Սահմանադրության պահպանմանը, անաչառ է, առաջնորդվում է բացառապես համազգային և համապետական շահերով․ սրաք են գործող Սահմանադրությամբ հանրապետության նախագահի հիմնական լիազորությունները,  որոնք, ըստ սահմանադրական բարեփոխումների խորհրդի, վերանայման կարիք ունեն։ Սահմանադրական բարեփոխումներով զբաղվող մասնագետները կարծում են, որ նախագահի  հնարավորությունները սահմանափակ են։ Սահմանադրական հանձնաժողովի անդամ Դավիթ Հակոբյանն առաջարկում է ընդլայնել դրանք  առնվազն 4 ուղղություններով:

«Սահմանադրական արբիտրն ասոցացվում է պետական վարչակազմի ոչ քաղաքական հատվածի հետ, այն է՝ դատական իշխանություն եւ Սահմանադրությամբ նախատեսված անկախ մարմիններ, արտահայտում է հանրության խիղճը, տրամադրում հանրային հարթակ, ազգային արժեքների պատրոնաժն է։ Խոսքը նաև ներկայացուցչական լիազորությունների մասին։ Սահմանադրական արբիտրի դաշտում յոթ լիազորություններից միայն մեկն ունի նախագահը, և, ըստ էության, նախագահը չի մոդերացնում բանակցությունները,  չունի դերակատարում վարչապետի նշանակման, խորհրդարանի արձակման, օրինագծի ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգելու գործընթացում։ ԶՈՒ կիրառման դեպքում ևս տեսնում ենք, որ ամբողջը գործադիր իշխանության դաշտում է»։

Հանձնաժողովի անդամ, «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Մասիս Մելքոնյանը սկզբունքորեն համաձայն  է առաջարկներին, բայց կարծում է, որ ամենաառանցքային՝ իշխանությունների տարանջատման, հետևաբար նաև փոխզսպումների հարցում  առաջարկվող  տարբերակները լուծումներ չեն ապահովում։

«Իմ կարծիքով՝ այս խնդիրներին մենք կկարողանանք լավ ու վերջնական լուծում տալ, եթե որոշենք, թե կառավարման ինչպիսի մոդել ենք ընտրում։ Սա անկյունաքարային է, և ես՝ որպես ՀՀ քաղաքացի, կարծում եմ, որ եթե մենք պետք է մնանք կառավարման այս մոդելին, նախագահի ինստիտուտն ամբողջովին  մեզ համար ավելորդ է»։

Անարդյունավետ համարելով խորհրդարանական կառավարման մոդելը՝ Մասիս Մելքոնյանն ու իր կուսակցությունը կողմ են մեր երկրում նախագահական կառավարման համակարգին, որի հիմքում իշխանությունների տարանջատման կոշտ մոդելն է։ 

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Սաքունցը համաձայն է առաջարկին, որ նախագահը նշանակումների հնարավորություն պետք է ունենա ՍԴ-ում։ Նա խնդիր է տեսնում կառավարություն–խորհրդարան հարաբերություններում։

«Քաղաքական մեծամասնությունը ձեւավորում է գործադիրը եւ դառնում է սերտաճում։ Այս խնդիրը չի հաղթահարվել։ Այս առումով ի՞նչ խնդիր կարող է ունենա նախագահը։ Համաձայն եմ, սահմանադրական մարմինները չպետք է գործադրի ձեռքի գործիքը դառնան։ Գործադիրը դատական իշխանության հետ պետք է քիչ առնչություն ունենա»։

Արթուր Սաքունցը նույնպես կողմ է նախագահի լիազորությունների  վերանայմանը։ Այլ հարց է, թե որ ուղղություններով և ինչպես են դրանք ամրագրվելու։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը համոզված է, որ չի հաջողվելու ավելի լավը դարձնել  նախագահի ինստիտուտը խորհրդարանական կառավարման պայմաններում։

«Եթե պահպանում ենք խորհրդարանական կառավարումն ու ժողովուրդը չի ընտրելու նախագահին, ես կարծում եմ, որ պետք է այդ ինստիտուտը վերացնել, ներկայացուցչական լիազորությունները տեղափոխել ԱԺ նախագահի վրա, ու ընդհանրապես, ԱԺ-ի դերը խորհրդարանական կառավարման երկրում բարձրացնել եւ շարժվել առաջ ամբողջական խորհրդարանական պետության տրամաբանությամբ»։

Նախագահի ինստիտուտին վերաբերող առաջարկներին թերահավատորեն է մոտենում նաև «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը։ Ավելին՝  նախագահի լիազորությունների ընդլայնման մեջ թաքնված ընդդիմության  հնարավորություն է տեսնում, ինչն ըստ նրա սխալ մոտեցում է։

«Կարծում եմ՝ այստեղ խորքային շփոթ կա։ Մենք ենթագիտակցաբար փորձում ենք նախագահին տալ ընդդիմության որոշակի հակակշռող դեր։ Կարծում ենք, որ այս լիազորությունները տալով ՝ էական հակակշիռներ ու փոխադարձ զսպումների մեխանիզմ կապահովենք։  Բայց մենք, կարծում եմ,  այս առումով զարտուղում ենք, որովհետև մենք նախագահին նման ֆունկցիաներ չպետք է տանք։ Նախագահին չպետք  է դիտարկենք որպես այնպիսի քաղաքական ինստիտուտի փոխարինող, որը պետք է լինի ընդդիմությունը»։

Նախագահական, կիսանախագահական  թե խորհրդարանական․ մոդելի ընտրության հարցում սահմանադրական բարեփոխումների խորհուրդը վերջնական պատասխան դեռ չունի։  Բայց քանի որ նախագահին առնչվող սահմանադրական լուծումները բազմաթիվ են, իսկ քննարկումները դեռ շարունակվելու են, հանձնաժողովի նախագահ, արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանն առաջարկեց ժամանակ չկորցնել և քննարկումից անմիջապես հետո առցանց քվեարկել գոնե այն առաջարկների օգտին, որոնք համեմատաբար  հստակ են և ենթադրում են «այո» կամ «ոչ» պատասխան։ Դրանք կկողմոնորոշեն նաև հանձնաժողովի անդամներին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն