Խորհրդարանական ընդդիմությունը վարչապետի խոսքում «Օվերտոնի պատուհան» է տեսնում
ԱԺ-Կառավարություն հերթական հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջանառության մեջ է դրել Ադրբեջանի հետ բանակցություններին առնչվող նոր թեզեր: Մասնավորապես, վարչապետը խորհրդարանում ասել էր, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է շրջանակային պայմանագիր ստորագրել, քանի որ խաղաղության դետալացված համաձայնագրի դեպքում կարող են դժվարություններ ծագել։ Թե պաշտոնական Երևանն ինչ սկզբունքների շուրջ է առաջարկում Բաքվին շրջանակային համաձայնագիր կնքել, վարչապետը չի մանրամասնել։ Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներն ասել են, որ շրջանակային համաձայնագիրը ֆիքսելու է այն կարմիր գծերը, որոնց հիման վրա կողմերը պետք է առաջ շարժվեն։ Սա չի նշանակում, որ վիճելի հարցերը շրջանցվելու են։
Խորհրդարանի լիագումար նիստերի դահլիճ վերադարձած ընդդիմությունն առաջիկայում անելու է նույն քայլը, ինչի պատճառով հունիսի 3-ին բոյկոտեց ԱԺ աշխատանքները: Ընդդիմադիրների համար կարևորում է, որ բանակցային գործընթացում Հայաստանը ներկայանա հստակ փաստաթղթով: Այն քննարկելու համար դեռ հունիսի 3-ին ընդդիմադիր խմբակցությունները արտահերթ նիստ էին հրավիրել, որը տապալվեց խորհրդարանական մեծամասնության բոյկոտի պատճառով:
Նույն փաստաթղթի քննարկումը նույն եղանակով շարունակում է ընդդիմության օրակարգում մնալ: «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանի կարծիքով՝ հարցն ավելի քան արդիական է վարչապետի վերջին հայտարարություններից հետո, համաձայն որոնց՝ ԼՂ հարցում իշխանությունը դեռ 2020-ի հունվարին է ընդունելի համարել ռուսական առաջարկները: Դրանք ընդունելի են նաև ընդդիմության համար, հետևաբար՝ ընդդիմադիրները կարծում են, որ որևէ խնդիր չի առաջանա իրենց առաջարկած փաստաթղուղթը քննարկելու համար:
«Բանակցային պրոցեսում Հայաստանի «կարմիր գծերի» նախանշման խորհրդարանական հայտարարության ընդունման համար արտահերթ նիստ: Կարևոր հայտարարության ընդունում է, որը միջազգային հանրությանը, բոլոր կողմերին կնախանշեր, թե ինչ դիրքորոշումներ է արձանագրում ՀՀ-ն»:
Ռուսաստանը կողմերին առաջարկում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնել սերունդներին: Նման պայմաններում խաղաղության դարաշրջանը հարատև լինել չի կարող՝ պնդում են ընդդիմադիրները: «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն անգամ վկայակոչում է վարչապետ Փաշինյանի խոսքը։
«Այդ հարցին ինքը՝ քաղաքական իշխող ուժի ղեկավարը, արդեն արձագանքել է հենց միայն նրանով, երբ հայտարարում էր, որ եթե խաղաղության պայմանագիր ստորագրենք, դա չի նշանակում, որ 7 օր հետո պատերազմ չի լինի: Այսինքն՝ չկա որևէ երաշխիք»:
Վարչապետը նախ՝ Հանրայինին տված հարցազրույցում, հետո խորհրդարանում ասել է, որ Հայաստանն առաջարկել է Ադրբեջանի հետ խաղաղության շրջանակային պայմանագիր ստորագրել, որովհետև դետալացված համաձայնագրի դեպքում կարող են դժվարություններ լինել:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը չի կիսում կարծիքը, թե շրջանակային պայմանագրի դեպքում խնդրահարույց հարցերը շրջանցվելու են:
«Մենք պետք է հասցեագրենք բոլոր խնդիրները: Վարչապետի խոսքը նրա մասին էր, որ դետալային հարցերի շուրջ այս պահին դժվար է Ադրբեջանի հետ պայմանավորվածություն ձեռք բերել, հետևաբար գործընթացները ձգձգվում են, ինչն իր հետ բերում է, ինչու չէ, էսկալացիայի ռիսկեր․ մենք նման առաջարկով հանդես ենք եկել: Բայց սա ամենևին չի նշանակում, որ այս ճանապարհով ենք գնալու: Մենք գիտենք, որ ադրբեջանական կողմը պարբերաբար ապակառուցողական քաղաքականության հետևանքով վիժեցնում է մի շարք գործընթացներ: Խոսքն ընդհանուր «կարմիր գծերը» ֆիքսելու, ընդհանուր խնդիրները հասցեագրելու մասին է, ինչի հիմքի վրա կկարողանանք առաջ շարժվել»:
Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցչի կարծիքով՝ Հայաստանը «կարմիր գծերն» արդեն ֆիքսել է: Դա 29 800 քառակուսի կիլոմետրն է, որն ըստ էության Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի հետքաշման պահանջ է:
Գեղամ Մանուկյանը համոզված է, որ իշխանությունը կիրառում է «Օվերտոնի պատուհանի» սկզբունքը, երբ Հայաստանի սահմանների մասին խոսելիս անընդհատ շեշտում է 29 800 քառակուսի կիլոմետրը: Դա վերաբերում է նաև վարչապետի՝ նախօրեին խորհրդարանում շրջանառության մեջ դրված նոր թեզին, որն առնչվում է «անկլավների» հարցին:
«Հայտնի սկզբունք է, երբ որևէ հարց, թեմա համարվում է հասարակության մեջ տաբու, չի խոսվում դրա մասին, առաջին անգամ խոսք է բացվում, քննադատում են, հարվածում են, բայց սկսում է քննարկվել: Հետո մեկը մտածում է՝ իսկ միգուցե՞ ճիշտ է: Ու այդպես ժամանակի ընթացքում դառնում է այլևս հանրային ընկալելի հրաց: Նույնը վերաբերում է այդ «անկլավ» կոչվածներին: 2021 թվականի օգոստոսին, շատ լավ հիշում եմ, ԱԺ-ում իշխանական տավուշեսի պատգամավորներից մեկը չբացառեց: Քննադատեցին, քննարկեցին, բայց խոսույթում արդեն կար: Պատահական չէ այն տարածքը, թիվը, ծավալը, մակերեսը 29 800 քառակուսի կիլոմետր, վերջին շրջանում չէ՞ դա շրջանառության մեջ մտավ: Նայեք Սովետական Հայաստանի քարտեզը, կպատկերացնեք ինչ թվի մասին է: Չի խոսում, չէ՞, Արծվաշենի մասին, չէ, չի խոսում»:
Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները հստակեցնում են՝ եթե իրավական հիմքեր չկան, այդ թեմայով քննարկում չի էլ կարող ծավալվել: Քննարկումը հնարավոր է միայն իրավական հիմքերի պարագայում՝ ասում է «Քաղաքացիական պայմանագրից» Գևորգ Պապոյանը:
«Հայաստանը չի կարող զիջել տարածք, որը միջազգային իրավունքով և պայմանագրերով պատկանում է ՀՀ-ին: Հայաստանի տարածքը 29 800 քառակուսի կիլոմետր է , և դա արձանագրված է և՛ պայմանագրերով, և այդ սահմաններով է Հայաստանը մտել ՄԱԿ: Նաև Ալմա Աթիի փաստաթղթում Հայաստանը հենց 29 800 քառակուսի կիլոմետր որոշակի սահմաններ ունի: Հիմա այդ սահմաններից ներս Հայաստանը ոչ մի բան չի կարող զիջել, և դա մեր կարմիր գիծն է: Մնացած հարցերը դեմարկացիայի և դելիմիտացիայի տիրույթում են: Օրինակ՝ չգիտեմ, ինչ-որ սարի մեջ 5 մետր այս կողմ է կամ այն կողմ է, դա բնականաբար, հենց այն պրոցեսն է, որը պետք է իրականացվի»:
Իշխանական պատգամավորը ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ եթե Ադրբեջանը խոսում է Հայաստանի կողմից իր տարածքների օկուպացման մասին, ապա դա անում է որոշակի քարտեզների հիման վրա: Իսկ այդ դեպքում ցանկացած քարտեզով ցանկացած սահման փաստում է, որ ադրբեջանական զորքերը Ջերմուկում, Գեղարքունիքում և Սյունիքում գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում:



















