Հայաստանը Ռուսաստանին կապող միակ՝ Ստփանծմինդա–Լարս ճանապարհը հաճախ է խնդիրներ ստեղծում վարորդների համար։ Վերին Լարսի անցակետը օրերով խցանված է։

Եթե նախկինում խնդիրը հիմնականում եղանակային պայմաններով ու նեղ ճանապարհով էր բացատրվում, ապա այժմ դրանց գումարվել են նաև ՌԴ-ից ծավալվող արտագաղթը։ Շատ ռուսաստանցիներ շարունակում են Վրաստանով հեռանալ երկրից, որ խուսափեն մասնակի զորահավաքից։ Իսկ Ղրիմի կամրջի պայթյունից հետո իրավիճակն ավելի է բարդացաել․ ռուսական կողմը ավելի է խստացրել անցակետի հսկողությունը։

Հայաստանից Ռուսաստան հասնելու միակ ցամաքային ուղին անցնում է Վրաստանով՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհով։ Անբարենպաստ եղանակային պայմանները, ստուգումների խստացումը, քաղաքական ու տնտեսական պատճառները պարբերաբար փաստի առաջ են կանգնեցնում հայ արտահանողներին. Լարսի ճանապարհը փակվում է, կուտակումներ են առաջանում, վարորդները ստիպված են լինում բեռնված մեքենաներով շաբաթներով մնալ ճանապարհներին, ապրանքներն են փչանում և այլն։

«Քանի մեքենա ապրանք են թափել արդեն։ Մարդիկ շաբաթներով մնացել են։ Ամոթ էլ է ասել՝ շան հոտ էր մեր վրայից գալիս։ Ջուր չկար նույնիսկ, որ գոնե խմեինք։ Այ, էդ օրն էինք ընկած»։

Հայկական բեռնառատրի վարորդ Ռաֆայել Օգանեսյանին միայն երեկ է հաջողվել հատել Լարսի անցակետը, մտնել Ռուսաստան։ Ասում է, որ դա հաջողվեց մոտ մեկ ամիս սպասելուց հետո։ Վերին Լարսում հայկական բեռնատարների կիլոմետրերանոց հերթերը շարունակվում են, վարորդների ահազանգերն ու դժգոհությունները՝ նույնպես։ Բեռնափոխադրողն ասում է, որ կուտակված բեռնատարների 99 տոկոսը հայկական են։ Դժվարանում է ասել՝ խտրականություն կա, թե՝ ոչ, բայց արձանագրում է աչքի տեսածը՝ վրացական, թուրքական ու ադրբեջանական բեռնատարներն առանց հերթի են սպասարկվել. 

«Ահավոր վիճակ է։ Ահավոր։ Մի քիչ մութն ընկնում է՝ արագընթացի տակ գնում են։ Մոտենում ես, որ ճանապարհային ոստիկանին հարցնես՝ ինչու է այսպես, պարզվում է՝ ՃՈ-ն է ուղեկցում։ Իսկ մեր արագընթաց բեռներն էլ են կանգնած։ Այդ ինչպե՞ս եղավ։ Իրանց արագընթացը արագընթաց է, մերը արագընթաց չէ՞։ Ոչ թե վրացին է պատճառը, այլ՝ ռուսը չի աշխատում։ Որ մեքենան մտավ Ռուսաստանի տարածք՝ 3-4 տեղ ռենտգեն է անցնում։ Մենք էլ ի վիճակի չենք էսպես աշխատելու կամ ապրելու։ Ուր գնում, ուր մտնում ենք՝ թե՛ Ռուսաստանում, թե՛ Վրաստանում բոլորի կողմից էլ մենք՝ հայերս մերժված ենք, արդեն՝ կարծես ստորացված լինենք։ Էսպես ասեմ, որ ճիշտ հասկանաք։ Այ, այդ օրն են մեզ գցել»։   

Կարևորելով ընթացիկ խնդիրների օպերատիվ լուծումները, օրերս Մոսկվայում Ռուսաստանի մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինի հետ հանդիպմանը Վերին Լարսում ստեղծված իրավիճակն են քննարկել Հայաստանի ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը և Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։ Կողմերն անդրադարձել են Լարս անցակետի վերակառուցման և արդիականացման ընթացիկ աշխատանքներին, որոնց ավարտից հետո, ըստ ՊԵԿ պաշտոնական հաղորդագրության, տնտեսվարողները ժամանակի պահանջներին համահունչ ծառայություններ կստանան։

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Լարսի խնդիրը լուրջ խնդիր է, այդ իսկ պատճառով իրենք տարիներ շարունակ արտահանողների և ներմուծողների անունից առաջարկություններ արել են։

«Պետք է մասնակցել այն գործողություններին, որ պետք է այնտեղ կառուցվի թունել։ Այդ թունելի երկարությունը, եթե չեմ սխալվում, մոտավորապես 24 կմ պետք է լինի։ Իսկ ամբողջ ճանապարհը 170 կմ-ից ավելի է»։ 

Այդ ճանապարհի հետ կապված խնդիրները փորձել են լուծել դեռևս ցարական, հետո նաև խորհրդային ժամանակներից։ Սակայն պարբերաբար խանգարող հանգամանքներ են ծագել՝ առաջին աշխարհամարտն ու Հայրենական պատերազմը, հետո նաև Խորհրդային Միության փլուզումը։ Վազգեն Սաֆարյանի խոսքով՝ այսօր էլ այդ ճանապարհի կառուցման անհրաժեշտությունը բարձրացել է։

«Դա 170 կմ-ն է, որը սկսվում է Լարսից և գալիս է մինչև վրաստանի կենտրոն՝ Թբիլիսիի մատույցներ։ Եթե մենք այդ ճանապարհն ունենանք, ուրեմն մենք կարող ենք արդեն ունենալ անխափան ճանապարհ»։   

Մինչ այդ, որպես Վերին Լարսին այլընտրանք Հայաստանի կառավարությունը հաստատել էր մի ծրագիր, որի համաձայն բեռնափոխադրումները պետք է իրականացվեին լաստանավով։ Անգամ նշվել էր ժամկետ՝ հունիսի 15-ը։ 

Նախատեսված էր, որ Հայաստանը Վրաստանի Փոթի նավահանգստից լաստանավային կանոնավոր հաղորդակցություն պետք է գործարկեր դեպի Ռուսաստանի «Կովկաս» նավահանգիստ։ Սակայն նոր բարդություններ առաջացան ուկրաինական պատերազմի պատճառով:

Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաներն այնքան շատ են, որ վրացի գործընկերները զգուշավոր են աշխատում՝ սանկցիաների տակ չընկնելու համար։

«Դա պահանջում է բավականին բարդ աշխատանք։ Մենք հանդիպել ենք մեր ԵՄ գործընկերների հետ, մոտ ապագայում հանդիպելու եմ իմ վրացի գործընկերոջ հետ և փորձելու ենք այնպես անել, որ շատ կարճ ժամանակահատվածում ափ մտնենք, որովհետև առջևում ձմեռ է և մեզ դա անպայման պետք է։

Ամեն դեպքում, Քերոբյանի խոսքով, ամեն ինչ արվում է, որ մինչև բարդ եղանակային պայմանների վրա հասնելը լաստանավն աշխատի։ 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն