Երեկ՝ զինվորական, այսօր՝ բնապահպան. Արցախում ճանապարհ փակողները բացահայտվել են
Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհը փակած ադրբեջանցիներին ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացնում են որպես հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բլոգերներ և էկոակտիվիստներ։ Նրանք վրաններ են խփել ճանապարհի Շուշիի հատվածում, Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ հանդիպում են պահանջում։ «Բնապահպան» ներկայացող ցուցարարների շարքում «Գորշ գայլերի» համակիրներ են, զինվորականներ։ Նրանցից մեկը երեկ հայերենով ՀՀ վարչապետին կոչ էր անում «ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը»։
Բաքուն փորձում է իրական նպատակները քողարկել բնապահպանական շղարշով և ներկայանալ էկոլոգիական խնդիրների նկատմամբ խիստ մտահոգ իշխանությունների կեցվածքով՝ կարծում է ադրբեջաագետ Տաթևիկ Հայրապետյանը։ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամի համոզմամբ՝ Ադրբեջանում քաղհասարակություն՝ որպես այդպիսին, չկա, և ակնհայտ է, որ «բնապահպաններն» իրականում պետության կողմից գործուղված և կոնկրետ խնդիրներ լուծող ուժեր են։
«Այս ամենը շղթայական բնույթ է կրում։ Նույնիսկ եթե որոշ ժամանակ անց ավտոճանապարհը բացվի, միևնույն է սա մեկանգամյա ակցիա չէ։ Մենք պետք է հասկանանք կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակները։ Կարճաժամկետ առումով խնդիր են դրել մտնել հանք։ Այդ հանքն Ադրբեջանի ղեկավարությունը շահագործման է հանձնել բրիտանական ընկերությանը և պարտավորվել ապահովել նրանց մուտքը։ Բայց երկարաժամկետ առումով, իհարկե, սա ահաբեկչական ակցիա է։ Իրենք ուզում են ցույց տալ Արցախում ապրող հայությանը, որ կարող են ժամանակավորապես փակել կենսական ճանապարհը, զրկել բոլոր տեսակի միջոցներից՝ դեղորայքից, շտապ օգնությունից, բնակչությանը պահել շրջափակման մեջ, և նույնիսկ ռուս խաղաղապահները չեն օգնի»։
Ադրբեջանցիների հաշվարկով՝ ճանապարհը բացվելուն պես շատերն իրենց ընտանիքներով դուրս կգան Արցախից։ Սա քայլ կլինի Արցախը հայաթափելու ճանապարհին։ Իրավիճակը, ըստ Հայրապետյանի, իսկապես ծանր է, բայց նույնիսկ այս պայմաններում պետք է փորձել օգուտներ քաղել։
«Սա ապացուցում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը ոչ մի իրավունք և անվտանգություն չի կարող ապահովել Արցախի հայերի համար, և միակ տարբերակը, որ հայերը կարող են լինել անվտանգ, Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակն է, և այդ ուղղությամբ պետք է ինտենսիվ աշխատել։ Պետք է նաև այդ աբսուրդ իրավիճակը ցույց տալ, այս ամենի շինծու բնույթը ցույց տալ, և որ սա հումանիտար աղետ է, ուղղակի սպառնալիք է Արցախում ապրող 120 հազար մարդու կայնքին և անվտանգությանը։ Պետք է գործուն քայլեր ձեռնարկել այս իրավիճակից դուրս գալու համար»։
Միջազգային հանրությունը որևէ կերպ չարձագանքեց Բաքվի կողմից Արցախում ֆոսֆորային զենք կիրառելու փաստին, իսկ այժմ զորակցություն է հայտնում ադրբեջանցիների կեղծ բնապահպանական ակցիաներին։ Տաթևիկ Հայրապետյանն այստեղ խտրական վերաբերմունք չի տեսնում։ Միջազգային հանրությունն արձագանքում է այնպես, ինչպես իրեն ներկայացվում է խնդիրը։
«Իրենք շատ պրոֆեսիոնալ և համակարգված են աշխատում։ Այնտեղ ամեն ինչ մի կետից է կառավարվում։ Հայաստանում ամեն ինչ թողնված է անհատական մակարդակի վրա։ Մեզ թվում է՝ մենք լռենք, ոչինչ չասենք, միջազգային հանրությունը պետք է մեզինց շա՞տ պաշտպանի հայերի իրավունքները։ Իշխող պատգամավորներից մեկն այսօր ասում էր՝ դա ռուսների խնդիրն է։ Եթե մենք մեր հայրենակիցներից հրաժարվում ենք, միջազգային հանրությունից ի՞նչ ենք ուզում։ Իսկ իրենք համակարգված, թիրախային աշխատում են։ Ու հատուկ են այս ճանապարհը ընտրել։ Այս սադրիչ գործողություններն են ընտրել, ինչ–որ հորինովի էկոակտիվիստներ են, որոնք չգիտես ինչպես նաև «Գորշ գայլերի» հետևորդներ դուրս եկան։ Այդ ամբողջը պետք է թմբկահարել, ներկայացնել։ Փոխարենը մենք լռում, ոչինչ չենք անում։ Մի բան էլ շարունակ տեղափոխում ենք ռուս–ադրբեջանական տիրույթ։ Հասկացանք ռուս խաղաղապահներ են, բայց խոսքը 120 հազար հայի մասին է»։
Ի դեպ՝ Լաչինի միջանցքը շրջափակած ադրբեջանցի «բնապահպանների» թվում կան նաև զինված ուժերի բարձրաստիճան սպաներ։ Նրանցից մի քանիսին արդեն հաջողվել է բացահայտել։ Ակցիաների կադրերում կարելի է տեսնել ոմն Թելման Հասմիովի, որը իրականում ոչ միայն բնապահպան չէ, այլև զինվորական է, որին լրագրող, մեկնաբան Արտյոմ Երկանյանը միանգամից ճանաչել է, քանի որ նաև անձամբ է ծանոթ եղել նրա հետ։
«2018 թվականին ԵԱՀԿ-ն կազմակերպել էր հայ լրագրողների փոքր խմբի այցելություն Բաքու, և ես այդ խմբի կազմում էի։ Մենք խնդիրել էինք ԵԱՀԿ ներկայացուցիչներին մեզ հնարավորություն տալ այցելելու Բաքվի հայկական եկեղեցի, պարզվեց, որ եկեղեցու տարածքում գրադարանի պահոց է և ինչ–որ հայագիտական կենտրոն, որի փոխտնօրեն ներկայացավ հենց այդ անձնավորությունը՝ Թելման Հասիմովը, որը պետբյուջեից էր ֆինանսավորվում և պետության ներկայացուցիչ էր»։
Պարզվում է Հասիմովը ոչ միայն հայագետ է ու բնապահպան, այլ նաև զինվորական․ Արտյոմ Երկանյանի համացանցային հետաքննություն է պարզել։
«Պարզեցի, որ նա բարձրաստիճան զինվորական է և նույնիսկ մասնակցել է Արցախյան 2-րդ պատերազմին։ Համենայն դեպս՝ նրա ղեկավարած կազմակերպության պաշտոնական էջում զետեղված են լուսանկարներ, որտեղ նա պատկերված է կրակող թնդանոթի ֆոնի վրա, իսկ զինվորական շքերթների ժամանակ համազգեստի վրա թուրքական և ադրբեջանական դրոշներ են ։ Հավանաբար, դա վկայում է, որ նա ինչ–որ հատուկ ադրբեջանաթուրքական ստորաբաժանման ներկայացուցիչ է։ Նաև այլ շատ հետաքրքիր լուսանկարներ կան այդ էջում, որտեղ նա պատկերված է «Մեր նպատակը Իրևանն է» կարգախոսի ներքո, լուսանկարներ, որտեղ նա շատ բարեկամական մթնոլորտում է Ռամիլ Սաֆարովի հետ։ Եվ այդ ամենը վկայում է, որ մենք գործ ունենք ամենևին էլ ոչ բնապահպանի հետ»։
Արտյոմ Երկանյանի բացահայտմանը և ֆեյսբուքյան գրառմանը արագ արձագանքեց հենց ինքը՝ Թելման Հասիմովը։ Բնապահպան հայագետ զինվորականը Երկանյանին պատասխանեց հենց ակցիայի ժամանակ՝ հավաստիացնելով, որ այլևս զինվորական չէ։ Ընդ որում՝ հայերենով։
«Հայկական լրատվական միջոցները ինձ ցույց են տալիս, որ ես ռազմական կոչում ունեմ։ Ժամանակին ես, իհարկե, եղել եմ, բայց այսօր արդեն ձեր ասած մարդը չեմ։ Ես այսօր այստեղ եմ որպես Ադրբեջանի քաղաքացի, ոս շուտվանից զինվորական չեմ»։
«Բնապահպանների» իրական նպատակներին ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել նաև ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ հրապարակելով լուսանկար, որում Արցախը Հյաստանին կապող միակ ճանապարհը փակած ադրբեջանցիներից մեկը մի ձեռքով բնապահպանական պաստառ է բռնել, իսկ մյուսով «Գորշ գայլերի» ժեստն է ցույց տալիս: Ըստ Բեգլարյանի՝ այս լուսանկարը դիպուկ ներկայացնում է ալիևյան ռեժիմի սպասարկու «բնապահպանների» իրական մոտիվացիան՝ Արցախի 120 000 բնակչությանը շրջափակման ենթարկելու հարցում:



















