Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը նոր զեկույց է հրապարակել Ադրբեջանի կողմից Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի դիտավորյալ խափանման հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։ Զեկույցում փաստեր են ներկայացվել գազամատակարարման, էլեկտրամատակարարման, հեռահաղորդակցության և համացանցի  բնականոն աշխատանքի դիտավորյալ խափանումների պատճառով Արցախի ժողովրդի իրավունքների համատարած ու լայնածավալ խախտումների վերաբերյալ։

Կենսական ենթակառուցվածքների՝ գազամատակարարման, էլեկտրամատակարարման, հեռահաղորդակցության և համացանցի բնականոն աշխատանքի դիտավորյալ խափանումների պատճառով Արցախի ժողովրդի իրավունքները խախտվում են  համատարած ու լայն ծավալով։ Շարունակվող շրջափակման պայմաններում Արցախի բնակչությունը  հումանիտար աղետի առաջ է կանգնել։ Արցախի ՄԻՊ-ը փաստեր է ներկայացրել Ադրբեջանի կողմից Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի դիտավորյալ խափանման հետևանքով առաջացած մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։ 

Նարինե Կարապետյանը բնակվում է Արցախում։ Արդեն ավելի քան 40 օր է՝ նրա ընտանիքն իր վրա  զգում է ադրբեջանական ագրեսիայի ու բլոկադայի բոլոր բացասական հետևանքները։ «Ռադիոլուրի» հետ զրույցում Նարինե Կարապետյանն ընդգծում է,– «Էլեկտաէներգիայի կանոնավոր անջատումներ են սկսվել։ Հիմա օրական վեց ժամ են անջատում՝ երեք ժամ ցերեկը, երեք ժամ երեկոյան։ Քանի որ ծանրաբեռնվածությունը մեծ է, էլցանցերի վրա վթարներ են լինում, ուստի լինում է, որ ավելի երկար ժամանակով ենք մնում առանց էլեկտրաէներգիայի։ Գազն են անջատում ու միացնում։ Մի օր տան, մի օր չտան, կամ 20 տոկոսով տան, այնպես որ տները կամ մեքենաները  լիցքավորելու հնարավորություն չլինի։ Սա ավելի շատ հոգեբանական ահաբեկչություն է»։

Արցախի հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը միջազգային կառույցներին մեկ անգամ ևս տեղեկացնում է, որ Հայաստանից Արցախ գնացող բարձրավոլտ մալուխը Ադրբեջանը դիտավորյալ վնասել է և արգելում է դրա վերականգնումը։

Այդ պատճառով հունվարի 9-ից դադարեցված է էլեկտրաէներգիայի ներմուծումը։ Բնակիչներին միայն տեղում արտադրվող էլեկտրաէներգիա է մատակարարվում։

Հոսանքի անբավարարության պատճառով մարդիկ էլեկտրականություն են ստանում 6-ժամյա հովհարային անջատումներով։ Սա գրեթե անհնար է դարձնում գազով ջեռուցումը էլեկտրական ջեռուցմամբ փոխարինելը։

Գազամատակարարման խափանումները և էլեկտրականության սահմանափակությունը ուղղակիորեն ազդում են նաև սննդի բնականոն կազմակերպման վրա։ Պետական հաստատությունները հունվարի 19-ից անցել են կարճ աշխատանքային ռեժիմի, ինչը բացասաբար է ազդում հանրությանը անհրաժեշտ ծառայություններ մատուցելու և հանրային կյանքը կազմակերպելու վրա։ Ստեղծված իրավիճակը մեծապես ազդել է Արցախում կրթական պրոցեսի վրա։ Անկախ ստեղծված խնդիրներից, երեխաներին ամեն գնով ուղարկում են մասնավոր պարապմունքների, բայց՝ դժվարություններով։

 «Երեխաները դպրոց չեն գնում, բայց քանի որ կրթությունը միշտ առաջնային է, մասնավոր պարապմունքների ենք ուղարկում երեխաներին։ Փորձում ենք կենցաղը կառավարել։ Տնային տնտեսուհիները  ճգնաժամային կառավարման բավականին ճկուն մասնագետներ են դարձել։ Բայց այսօր առավոտվանից գազ ու էլեկտարէներգիա չկար, երեխան մաթեմատիկայի պարապմունքի գնաց, ընդամենը մի շոկոլադ ու պեչենի կերավ։ Գնաց եկավ, հետո լույսերը տվեցին, նոր թեյ խմեց։ Շատ հաճախ անջատումները երկար են տևում,  կարող է նույնիսկ չհասցնենք ճաշ պատրաստենք»,– ասում է Նարինե Կարապետյանը։

Արցախում դադարեցված են պլանային վիրատահությունները։ «Արևիկ» բուժմիավորման նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում 12 երեխա է գտնվում: Հունվարի 23-ին «Հանրապետական բժշկական կենտրոնից» ևս չորս հիվանդ է տեղափոխվել  Հայաստան։ Կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում 11 հիվանդ կա։ Նրանցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոնի» տնօրեն Մհեր Մուսայելյանն ասում է,– «Տասից ավելի բժիշկներ մեկնել են ՀՀ ու չեն կարողանում Արցախ վերադառանալ ու կատարել իրենց բժշկական պարտականությունները։ Ուստի բուժհաստատություններում նաև կադրերի պակաս ունենք»։

Առողջապահական այն կազմակերպությունները, որոնք ջեռուցվում են գազով, կանգնած են լրջագույն խնդիրների առաջ։ Դրանցում այս պահի դրությամբ ստացիոնար բուժօգնություն է ստանում 156 հիվանդ՝ այդ թվում 45 երեխա։ Միջազգային կառույցներին ուղղված զեկույցում Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփնայնը նաև նշում է, որ  տնտեսական գործունեություն ծավալող հարյուրավոր ձեռնարկություններ ևս մեծ կորուստներ են ունենում գազամատակարարման խափանումների պատճառով։ Էներգետիկ ճգնաժամն արդեն տնտեսական ճգնաժամի է վերածվել։ Խոշոր հարկատու «Բեյզ Մեթըլս» ընկերությունը դեկտեմբերի 18–ից չի աշխատում։ Ակնկալվող հարկային եկամուտները հնարավոր չէ ապահովել։

«Բազմաթիվ ընկերություններ, բազմաթիվ ոլորտներ հնարավորություն չունեն աշխատելու։ Սա ոչ միայն  հարկային եկամուտների, այլև աշխատատեղերի էական նվազում է առաջացնելու։ Այս պահին, ցավոք, պետք է արձանագրենք, որ հազարից ավելի աշխատատեղեր են կրճատվել, բիզնեսներ են փակվել։ 2023–ի պետական բյուջեն էականորեն իր կառուցվածքը փոխելու է, բայց 1/3–ը բաժին է ընկնում սոցիալական ծախսերին»,–արձանագրում է   Արցախի պետնախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։

Չնայած բոլոր դժվարություններին՝ արցախցին չի պատրաստվում հանձնվել՝  ասում է Նարինե Կարապետյանը,– «Գիտենք, որ հանձնվենք, մեզ համար շատ ավելի վատ է լինելու։ Արցախը ոչ մեկին տալու տրամադրություններ չունենք։ Հասկանում ենք, որ ադրբեջանցիների հետ խաղաղությունը կեղծ օրակարգ է, քանի որ երեխաներն իրենք էլ են հասկանում՝ ով է այս բլոկադայի մեղավորը, չեն էլ պատկերացնում՝ ո՞նց կարելի է խաղաղ ապրել, եթե այս պայմաններում են մեծանում։ Եվ սա  մեզ՝ իրենց առաջարկածն է»։  Դժվարությունները լուռ են հաղթահարում, հստակ գիտակցելով՝ զիջելու տարբերակ չունեն։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն