Հայաստանում ԵՄ քաղաքացիական երկարաժամկետ առաքելության տեղակայումը  փորձագետները միանշանակ չեն գնահատում։ Կարծում են՝ որոշումը թե դրական, թե բացասական կողմեր ունի։ Մի կողմից այն կարող է սառեցնել լարվածությունը շփման գծում, մյուս կողմից՝ սրել իրավիճակը տարածաշրջանում ։

Փոխարենը միանշանակ է Բաքվի վերաբերմունքը։ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում քննադատում է ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելության տեղակայումը։

«ԵՄ դիտորդները Հայաստանում լինելու են կառույցի աչքերն ու ականջները  տարածաշրջանում»,- «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է  փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ բացատրելով, որ որևէ լարվածության կամ ոտնձգության դեպքում ԵՄ–ն հստակ կիմանա, թե որ կողմն է նախահարձակը կամ սադրողը։ Համաձայնությունը Բաքվի կողմից դժգոհություն է առաջացրել, ինչը «Ռադիոլուր»–ի զրուցակիցը բնական է համարում։

«Պարզ է, որ Բաքվին դուր չի գա առաքելության տեղակայումը։ Եթե անգամ բացահայտ զեկույցներ չհրապարակի առաքելությունը, կիմանա իրական պատկերը, ինչը կներառվի ներքին զեկույցներում, որը ներկայացվում է այն կառույցներին, որտեղից գործուղվել են դիտորդները։ Սա չի բխում Բաքվի շահերից »։

Ըստ Կարեն Հովհաննիսյանի՝ Հայաստանում ԵՄ 100 հոգանոց առաքելության երկու տարով տեղակայումը երկու հարց կարող է լուծել։ Նախ՝ կարող է զսպող դերակատարություն ունենալ Բաքվի համար, բայց կարող է նաև  մեծացնել  գերտերությունների միջև մրցակցությունը տարածաշրջանում, քանի որ ԵՄ դիտորդների տեղակայումը իրականացվում է ռուս խաղաղապահների ներկայության պայմաններում։

«Ճիշտ չէ, որ հույսներս դնենք ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության վրա, քանի որ չի բացառվում, որ Ադրբեջանը գնա այնպիսի սադրանքների, որոնք կարող են բերել ռազմական էսկալացիայի։ Իսկ այդ դեպքերում քաղաքացիական և ոչ մի հայտարարություն , ոչ մի զեկույց չի կարող կանխել ռազմական էսկալացիան»։

Սովորաբար նման դեպքերում հնչում են անատամ հայտարարություններ, որոնք ոչ մի նշանակություն չունեն Բաքվի համար՝ հիշեցնում է փորձագետը։

Հայաստանի տարածքում ԵՄ քաղաքացիական լիարժեք առաքելության կազմում հարյուր անձի ներկայությունը, որոնք պետք է ըստ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, պարեկություն իրականացնեն և տեղեկացնեն իրավիճակի մասին, ենթադրում է մեծ ծախս ԵՄ–ի համար, սա, ըստ էության, ԵՄ ծանրակշիռ  ներկայություն է Հարավային Կովկասում,  «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատում է  քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Ըստ նրա՝ Արևմուտք-Ռուսաստան, Արևմուտք–Իրան լարվածության պայմաններում ԵՄ ներկայությունը բարդացնում է խաղը տարածաշրջանում։

«ԵՄ ներգրավվածությունն այս ողջ կծիկն ավելի է բարդացնում։ Մի կողմից՝ մենք հնարավորություն ենք ստանում խաղալ այս հակասությունների վրա, մյուս կողմից՝ դա վտանգներ է ստեղծում, քանի որ առաջանում են անլուծելի խնդիրներ, որոնք կարող են ուժային լուծումների բերել, և դա կլինի պատերազմ ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև, այլ կլինի գլոբալ պատերազմ»։

Ադրբեջանի ԱԳՆ–ն,  ԵՄ դիտորդների տեղակայման հարցն օգտագործելով,  մեղադրել է Հայաստանին՝ նշելով, թե իբր սա «պատրվակ է դարձել Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարումից խուսափելու համար»։ Նախորդ շաբաթ ԵՄ դիտորդների տեղակայման արդյունավետության հարցում տարակուսանք էր հայտնել նաև ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը՝ ընդգծելով հանգամանքը, որ Բաքուն համաձայն չէ ԵՄ առաքելության տեղակայմանը։

«Պաշտոնապես դա քաղաքացիական նախաձեռնություն է, բայց ոչ պաշտոնապես մենք հասկանում ենք, որ այնտեղ կարող է զինվորական մասնագետ կամ  հետախույզ լինել։ Երբ խաղացողները շատանում են, և նրանց միջև հակասություններն են շատ, այդ դեպքում սա կարող է տանել իրավիճակի սառեցման, ինչը մեզ ձեռնտու է, քանի որ ստատուս քվոյի պահպանում է, մյուս կողմից՝ ռիսկեր է պարունակում»։

Ցանցացած դեպքում և իրավիճակում, ըստ քաղաքագետի, ԵՄ–ն լծակներ ունի Բաքվի վրա ազդելու և կարող է կանխել լարվածությունը անհրաժեշտության դեպքում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն