Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների անվտանգությանն առնչվող օրենսդրությունը կհամապատասխանեցվի ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին՝ ապահովելով ճանապարհային երթևեկության կազմակերպման միասնական կանոնակարգումը։ Բացի այդ՝ կառավարության քննարկմանը ներկայացված օրենսդրական նոր փոփոխություններով փորձ է արվելու ապահովել հետիոտների անվտանգությունը։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյան․ «Մի քանի նոր ճանապարհային նշան ենք առաջարկում ունենալ: Դրանցից մեկը անկյունագծային հետիոտնային անցում նշանն է: Սա այն դեպքերի համար է, որ այն տեղերում, որտեղ ժամում 900 մարդուց ավելի շարժ կա, այդ դեպքում ճիշտ կլինի կարգավորել, որ 4 կողմից մեքենաները կանգնում են և հետիոտները ոչ միայն ուղիղ, այլև անկյունագծով կարողանան անցնել»:

Հետիոտների անվտանգությանը կնպաստեն նաև ճանապարհի կահավորման որոշ փոփոխություններ։ Նախարարը վստահ է, որ կկարգավորվի նաև ճանապարհներին արհեստական անհարթությունների խնդիրը։

Հետիոտներին վերաբերող փոփոխությունները երթևեկության փորձագետ Արտակ Խաչատրյանը միայն ողջունում է։ Դեռ մի բան էլ ուշացրել ենք, ասում է փորձագետը «Ռադիոլուրին»․

«Ամբողջ խնդիրն այն է, որ ամբողջ աշխարհում վաղուց սա կիրառվող պրակտիկա է, մեզ մոտ այսօր առավոտյան արթնացել, որոշել են նման կարգավորումներ անել։ Չեմ հասկանում ինչու են այսքան դանդաղ նման որոշումներ կայացնում»։

Արտակ Խաչատրյանը հիշեցնում է, որ տարիներ շարունակ երթևեկության մասնագետները ահազանգում են նաև անորակ գծանշումների մասին․

«Նոր գծանշում էին հորինել՝ թափանցիկ։ Այսօր գծում ես, առավոտյան անհետանում է։ Քաղաքապետը բարկացավ, հանձնարարեց ավելի որակով անել։ Արեցին, մեկ շաբաթից անհետացավ։ Այդ խոստումը բոլոր պաշոնյաների կողմից էլ եղել է, բայց հետո նորից անցել են ջրաներկի»։

Մաքրվող գծանշումների խնդիրն, ի դեպ, նաև վարչապետի ուշադրությունից չի վրիպել։ Կառավարության նիստում Փաշինյանը հանձնարարեցլ է հնարավորինս պատասխանատվորեն մոտենալ այս խնդրին․

«Նույնիսկ նոր շահագործման ենթարկվող ճանապարհների գծանշումները 6 ամիս հետո ջնջված են լինում։ Սա պետք է բացառել»։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հավաստիացնում է, որ գծանշումների համար այսուհետ  բացառապես ջերմապլաստիկ նյութեր են օգտագործելու․

Անդրադառնալով առաջարկվող նոր կարգավորումներին, երթևեկության փորձագետ Արտակ Խաչատրյանը անհեթեթ է համարում արագընթաց և այլ ճանապարհների խաչմերուկներում «Զիջել ճանապարը» նշանը «Կանգառ» նշանով փոխարինելը։ Նա վստահ չէ, որ այդ փոփոխությամբ հնարավոր կլինի խուսափել վթարներից,

«Այսինքն՝ իրենց կարծիքով, եթե զիջելու նշանը կար, վարորդը մտնում էր խաչմերուկ չէր կանգնում, կանգառի նշանի դեպքում կանգնելու՞ է։ Այդ թղթաբանությունից մի փոքր կտրվել, իրականություն վերադառնալ է պետք։ Հիմնավորվում էր , թե ճանապարհի աջ կողմում շինություն է լինում, վարորդի տեսադաշտը փակում է։ Դրա համար այդ շինության թույլ տվություն տվողին է պետք պատասխանատվության ենթարկել, ոչ թե նշանները փոխել»։

Արտակ Խաչատրյանն անիմաստ է համարում նաև այն փոփոխությունը, ըստ որի խցանման դեպքում, եթե մեքենան նույնիսկ կանաչ լույսի տակ է մուտք գործում խաչմերուկ, վարորդը պետք է տուգանվի։ Այս կարգավորմամբ միակ փոփոխությունը, որն ըստ փորձագետի, տեղի կունենա, տուգանքների ու տուգանվողների թվի ավելացումն է։

Ի տարբերություն երթևեկության փորձագետի, կառավարությունում ավելի լավատես են։ Կառավարության ղեկավարը վստահ է՝ այս բոլոր փոփոխությունները կբարձրացնեն երթևեկության կարգապահությունը։ Նա նաև արձանագրում է՝ վերջին տարիներին արդեն իսկ զգալի հաջողություններ կան՝ վթարների ու դրանց պատճառով մահվան դեպքերի վիճակագրությունը սկսել է նվազել։ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի ներկայացրած տվյալների համաձայն՝ 2019-2022 թվականի կտրվածքով ճանապարհատրանսպորտային պատահարների և դրանց հետևանքով զոհերի և վիրավորների թիվը 2022-ին նվազել է, չնայած այն հանգամանքին, որ 2022 թվականին կրկնակի  ավելացել է նոր հաշվառված տրանսպորտային միջոցների թիվը։

Ըստ նախարարի՝ 2021 թվականի համեմատ 6,4 տոկոսով նվազել է պատահարների, 12.8 տոկոսով զոհերի, 8 տոկոսով էլ վիրավորների թիվը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն