Հայտնի է՝ սննդամթերքի որ տեսակներն են կտրուկ թուլացնում իմունային համակարգը
Եղանակային կտրուկ փոփոխությունը լուրջ սթրես է օրգանիզմի համար, ուստի այդ ժամանակահատվածում իմունային պաշտպանությունը զգալի թուլանում է։ Եթե այս ամենն ուղեկցվի նաև սխալ սննդակարգով, ապա ինֆեկցիոն կամ վիրուսային հիվանդություններով վարակվելու հավանականությունը կարող է կտրուկ բարձրանալ։ Այս մասին gazeta.ru-ի հետ զրույցում ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան՝ ներկայացնելով սննդամթերքի այն տեսակները, որոնք կտրուկ թուլացնում են իմունային համակարգը։
Մասնագետի խոսքով՝ առաջին հերթին հարկավոր է խուսափել շաքարից, որը սնուցման լավագույն աղբյուրն է ախտածին միկրոօրգանիզմների մեծ մասին համար։ Վտանգավոր են նաև քաղցր գազավորված ըմպելիքները, սպիտակ ալյուրից պատրաստված հացն ու թխուկները, որոնք կտրուկ բարձրացնում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակն ու քայքայում բջջային մեմբրանները։ Այս ամենը նպաստում է իմունային համակարգի թուլացմանն ու բարձրացնում բորբոքային գործընթացների զարգացման հավանականությունը։
«Սա կարող է անմիջապես չդրսևորվել․ մարդն սկսում է հաճախ վարակվել վիրուսային հիվանդություններով, որից հետո ի հայտ են գալիս քրոնիկ հիվանդությունները։ Բջջային մակարդակով նման փոփոխություններն ի վերջո կարող են հանգեցնել օնկոլոգիական հիվանդությունների զարգացման», - նախազգուշացրել է մասնագետը։
Սոլոմատինայի խոսքով՝ իմունային համակարգի «թշնամիների» շարքին է դասվում նաև տապակած մթերքը։ Բանն այն է, որ մեծ քանակությամբ յուղով ջերմային մշակման ենթարկելու ընթացքում սննդի մեջ ձևավորվում են քաղցկեղածին տարրեր։ Անգամ անվնաս թվացող փոքրիկ տապակած հատվածը մսի մակերևույթին ոչ պակաս վտանգավոր է, քան հսկայական բուրգերը։
«Իմունիտետին պակաս վնաս չի հասցնում նաև ավելորդ աղը։ Մարինացված բանջարեղենի, աղի ձկների գործածությունը հանգեցնում է այտուցների և նպաստում է օրգանիզմում հեղուկի կուտակման, ինչը կարող է անոթների ու սրտամկանի հետ կապված լուրջ խնդիրներ առաջացնել», - ընդգծել է սննդաբանը։
Աշնանը առողջական խնդիրներից խուսափելու ու իմունային համակարգն ամիրապնդելու համար մասնագետը խորհուրդ է տվել բացառել սննդակարգից իմունիտետի վրա բացասաբար անդրադարձող մթերքը և հրաժարվել ալկոհոլից ու այլ վնասակար սովորություններից և փոխարենը հաճախ ուտել սեզոնային մրգեր ու բանջարեղեն։