«Լավն է, բայց պատժամիջոցներ չի ներառում»․ քաղաքագետը ԵԽ զեկույցի մասին
ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներթափանցման, Լաչինի միջանցքը փակելու հարցերով ԵԽ զեկույց է պատաստել ու դատապարտել Բաքվի գործողությունները։ Եվրապատգամավորները կոչ են արել անհապաղ դուրս բերել ադրբեջանական զորքը Հայաստանից ու բացել արդեն երկու ամսից ավելի փակված Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը։
Դուրս բերել զորքերը ՀՀ տարածքից, երաշխավորել տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը Լաչինի միջանցքով․ Եվրախորհրդարանը զեկույց է կազմել, որով խստորեն դատապարտել է Ադրբեջանի ապօրինի գործողությունները Հայաստանի ու Արցախի նկատմամբ։
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի զեկույցը նաև հայկական կողմի միասնական աշխատանքի արդյունքն է համարում․
«Զեկույցներում խստորեն դատապարտվել է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա անցած տարվա սեպտեմբերին, կոչ է արվել անհապաղ զորքերը դուրս բերել Հայաստանի օկուպացված տարածքներից, մատնանշվել է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խայտառակ իրավիճակը և փոխկապակցվածության մեջ է դրվել Ադրբեջանի հետ տնտեսական գործակցությունը այնտեղ մարդու իրավունքների իրավիճակի բարելավման հետ: Սա նաև բոլորիս համատեղ աշխատանքի արդյունքն է նաև Հայ դատի գրասենյակի ու ՀՀ ներկայացուցչության»։
Ըստ զեկույցի՝ խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, Արցախի հայ բնակչության իրավունքների ու անվտանգության, փախստականների և ներքին տեղահանվածների՝ իրենց տներ արագ և անվտանգ վերադարձի ապահովման վրա:
Այս նպատակների ճանապարհին զեկույցը կարևորում է Հայաստանում ԵՄ առաքելության ստեղծումը և կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը երաշխավորել ազատ տեղաշարժն ու անվտանգությունը Լաչինի միջանցքով։
Քաղաքագետ Արա Պողոսյանի դիտարկմամբ՝ զեկույցը լավն է, սակայն կան նաև թերություններ։ Այն պետք է ներառեր նաև պատժամիջոցներ Բաքվի դեմ այն դեպքում, եթե օրինակ՝ չկատարվեին զեկույցի դրույթները։
«Սա բավականին լավ զեկույց է մեզ համար և զգացվում է հայկական կողմից կատարված աշխատանքը, այսինքն՝ զգացվում է, որ դիվանագիտական կորպուսը աշխատանք կատարել է։ Սակայն, բացի հայտարարությունը, այնտեղ պետք է նաև խոսվի հակառակ դեպքում, չկատարելու պարագայում ՝ ինչ պատժամիջոցներ են հետևելու։ Ցավոք սրտի, որոշ եվրապատգամավորներ նշել են, որ այս պահին չեն նախատեսում սանկցիաներ Ադրբեջանի նկատմամբ»,– նշում է քաղաքագետը։
Զեկույցը ողջունում է 2021 թվականի մարտին Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական ուժի մեջ մտնելու փաստը և Հայաստանի իրականացրած բարեփոխումները։
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը շեշտում է զեկույցում տեղ գտած մի դրույթ, ըստ որի՝ Հայաստանը բարեհաջող իրականացնում է բարեփոխումները երկրում և աչքի է ընկնում, մասնավորապես, հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարով։ Այն նաև խրախուսում է Հայաստանի կառավարությանը՝ շարունակել բարեփոխումները ժողովրդավարական ինստիտուտներում։
«Եվրախորհրդարանի պատգամավորները գովաբանում են Հայաստանին վերջին տարիներին ձեռնարկած նշանակալի բարեփոխումների և ժողովրդավարացման գործընթացի համար՝ բարեփոխումներ, «որոնց արդյունքում երկիրը դարձավ ժողովրդավարության առաջատարը տարածաշրջանում»,– ասում է Արման Եղոյանը:
Եվրախորհրդանի պատգամավորները, այսքան դրական գնահատականներին զուգահեռ, շեշտում են Հայաստանում լրատվամիջոցների բևեռացվածության հանգամանքը, մտահոգություն են հայտնում լրագրողների նկատմամբ ատելության խոսքի տարածման, ինչպես նաև Հայաստանում Արևմուտքի դեմ ռուսական ապատեղեկատվական արշավների առնչությամբ։ Միաժամանակ շեշտում են, որ չպետք է լինեն խոսքի ազատության սահմանափակումներ։
Քաղաքագետ Արա Պողոսյանը Եվրախորհրդարանի զեկույցի այս հատվածում ՌԴ-ԵՄ դիմակայության նշաններ է տեսնում։ Նա կարծում է, որ պետք է հնարավորինս խուսափել Արևմուտք-Ռուսաստան բախման կենտրոն դառնալուց․
«Էստեղ մենք ականատես ենք Ռուսաստան-Արևմուտք դիմակայությանը, որը փորձ է արվում տեղափոխել մեր տարածաշրջան և Հայաստանը դարձնել այդ դիմակայության պլացդարմներից մեկը։ Ընդհակառակը, հասարակության մեջ կա պառակտվածություն և բեևեռացվածություն հակառուսական և պրոռուսական թևերի միջև, հակաարևմտյան և պրոարևմտյան թևերի միջև»։
Առանց պատժամիջոցների նախատեսման, զեկույցը, ըստ քաղաքագետի, դառնում է հռչակագրային բնույթի և ընդամենը խորհրդատվական է։ Իսկ քաղաքական առումով այն շատ կարևոր է, քանի որ, ըստ Արա Պողոսյանի, երկարաժամկետ հեռանկարում կարող է զենք դառնալ հայկական դիվանագիտության ձեռքում։



















