Երկրաշարժը՝ նոր ելակե՞տ Հայաստան– Թուրքիա հարաբերությունների համար. սահմանը բացելու գործընթացը կարագացվի
158 մլն դրամ պահուստային ֆոնդից՝ Թուրքիային և Սիրիային մարդասիրական օգնություն ուղարկելու համար։ Խնդիրն ամբողջությամբ կատարված է։ Կառավարության նիստում է այսօր հայտարարվել։ Վարչապետը նշել է, որ Թուրքիայից հայ փրկարարները վերադառնում են ցամաքային ճանապարհով։ Կարևոր և խորհրդանշական իրադարձություն՝ այսպես է գնահատել Փաշինյանը։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ամփոփելով նախօրեին Թուրքիա կատարած այցի արդյունքները, հայտնել է, որ որոշում կա արագացնել Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետերը վերջնականապես բացելու գործընթացը։
Թուրքական կողմը բարձր է գնահատել հայ փրկարարների ծառայությունը, ինչպես նաև հումանիտար օգնությունն է երախտիքի արժանացել, կառավարության նիստում, անդրադառնալով Թուրքիա կատարած այցին, ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը․
«Հասկանալիորեն, այցի և քննարկումների հիմնական թեման, այնուամենայնիվ, հենց տեղի ունեցած երկրաշարժն էր և հայկական արձագանքը, հումանիտար օգնությունը։ Պետք է փաստեմ, որ թուրքական կողմի արձագանքը և՛ կենտրոնական իշխանությունների մակարդակով, և՛ տեղում՝ վարչակազմի մակարդակով ու բնակիչների արձագանքի մակարդակով,, գնահատանքի ձևով էր դրսևորվում։ Մեր փրկարարների ծառայությունը և հումանիտար օգնությունը բավականին դրական արձագանքի, երախտիքի է արժանացել։ Փրկարարների հետ շփվեցինք, պատմեցին, թե բնակչությունը ինչպես է վերաբերվել»։
Հայաստանի արտգործնախարարի՝ Թուրքիա կատարած այցի մանրամասները ներկայացրել են թե հայկական, թե թուրքական և թե միջազգային լրատվամիջոցները։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին վերաբերող որոշ հարցեր, ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ․
«Որոշում կա արագացնել երկխոսության գործընթացը և վերջնական սահմանների բացման նպատակով տեղի ունեցող գործընթացները: Հայտարարվեց, որ համատեղ աշխատանքներ կիրականացնենք Անիի պատմական կամրջի վերականգնման ուղղությամբ: Ըստ էության՝ մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը նաև կաշխատենք ավարտին հասցնել երրորդ երկրների քաղաքացիների համար և մեր երկու երկրների դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար ցամաքային սահմանի հատումը»։
Վարչապետ Փաշինյանը տեղեկացրեց, որ Անիի կամուրջի էսքիզային նախագիծ ժամանակ առաջ հայկական կողմը պատրաստել է։ Նա կարծում է, որ կամրջի վերականգնումը կարող է սիմվոլիկ քայլ դառնալ։ Ըստ վարչապետի, սակայն, Հայաստանի գործողություններն առաջին հերթին զուտ հումանիտար են եղել։ Փաշինյանը նշեց, որ անընդունելի է համարում այդ հարցում կառավարությանն ուղղված քննադատությունը․
«Որովհետև ես չեմ կարող պատկերացնել որևէ իրավիճակ, որ ընդամենը «դռնից այն կողմ» միլիոնավոր մարդիկ աջակցության կարիք ունեն այդ բնական աղետի պարագայում, և որևէ մեկը կարող է դրան անտարբեր մնալ։ Դա բացարձակապես անընդունելի է որևէ հիմնավորմամբ և որևէ պատճառաբանությամբ։ Մյուս կողմից, իհարկե, դեռ ամանորյա ուղերձում և դրանից առաջ էլ՝ կառավարության գործունեության ծրագրում, մենք ընդգծել ենք տարածաշրջանում մեր հարաբերությունների որակը փոխելու մեր տեսլականը։ Ես անկեղծ շատ ցավում եմ, որ նման որոշակի «մթնոլորտային» փոփոխություն տեղի է ունենում այսպիսի աննախադեպ աղետի պայմաններում»։
Մարդկային ողբերգությունն, ըստ վարչապետի, մարդկանց միմյանց ավելի հասկանալի է դարձնում։ Նա հույս հայտնեց, որ դա կարող է նոր ելակետ դառնալ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ հաստատելու համար։
Անդրադառնալով Սիրիային ցուցաբերվող մարդասիրական օգնության խնդրին, Փաշինյանը նկատեց, որ օբյեկտիվ ու սուբյեկտիվ բազմաթիվ հանգամանքներ Սիրիային հումանիտար օգնությունը պակաս հասանելի էին դարձնում։ Հայաստանը, սակայն, առաջին երկրներից էր, որ որոշում կայացրեց ու հումանիտար օգնություն ուղարկեց Սիրիա։ Կառավարությունը պլանավորում է նաև արտգործնախարարի այցը Սիրիա։ Մինչ այդ, Սիրիա կայցելելի Սփյուռքի գործերի հանձնակատարը։ Վարչապետի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը պետք է հաղորդակցության մեջ լինի թե՛ Սիրիայի, թե՛ Թուրքիայի կառավարությունների հետ՝ ըստ անհրաժեշտության իր հնարավորությունների չափով աջակցելու համար։



















