Ուժի կիրառումն անընդունելի է. Նեդ Փրայս
Մենք հետևում ենք մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հրաձգության մասին հաղորդագրություններին, որի հետևանքով զոհվել է հինգ մարդ, ամենօրյա ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։
«Մենք ցավակցում ենք վիրավորների և զոհվածների ընտանիքներին։ Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, և վեճերը լուծելու համար ուժի կիրառումը երբեք ընդունելի չէ։ Խաղաղությունը պահպանելու միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ նստելն է, ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները: Տարածաշրջանում է Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լու Բոնոն՝ ընդգծելու, որ առաջընթացի միակ ճանապարհը ուղիղ երկխոսությունն ու դիվանագիտությունն է: Եվ ինչպես ընդգծել է պետքարտուղարը, Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին»,- ասել է նա։
Փրայսն ընդգծել է կողմերի միջև շարունակական ուղիղ երկխոսության և քննարկումների կարևորությունը․
«Սա հրամայական է կողմերի համար։ Մենք երկու երկրների համար էլ գործընկերոջ դեր ենք կատարել՝ նպաստելով եռակողմ ձևաչափով ներգրավվածությանը արտաքին գործերի նախարարների և առաջնորդների մակարդակով: Մենք պատրաստ ենք՝ լինի երկկողմ, եռակողմ, բազմակողմ, շարունակելու գործընկեր լինել կայուն խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի առաջմղման գործում»,- հավելել է խոսնակը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անցյալ շաբաթ Բաքվում հայտարարել էր, որ Ռուսաստանի միջնորդական ջանքերը խնդրի լուծման ավելի լավ միջոց են։
«Սա հենց կողմերի հարցն է, և մենք չենք պատրաստվում դեմ լինել միջնորդության որևէ այլ առաջարկի, և իրականում մենք միջնորդ չենք»,-ասել է Փրայսը:
«Մենք երկու երկրների գործընկերն ենք։ Կարծում եմ՝ և՛ խոսքով, և՛ գործով ցույց ենք տվել երկու երկրների հետ մեր հարաբերությունների բնույթը, երկու երկրներին միավորելու մեր կարողությունն ու պատրաստակամությունը՝ օգնելու լրացուցիչ առաջընթաց ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում»,- հավելել է նա։
«Մենք դա չենք անում որպես Մոսկվայի հետ մրցելու միջոց։ Մենք դա անում ենք՝ ձգտելով հասնելու այս երկու երկրների միջև երկարատև վեճի կարգավորմանն ու լուծմանը, և, ցավոք, մի վեճի, որը հետևողականորեն մարդկային կյանքեր է խլում, ինչպես դա արեց մարտի 5-ին: Մեր շահն այստեղ խաղաղության և անվտանգության մեջ է։ Դա բխում է նաև Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդի շահերից»,-ընդգծել է խոսնակը։