ՌԴ և ՀՀ արտաքին գործերի նախարարները մարտի 20-ին կհանդիպեն Մոսկվայում․ Զախարովա
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մարտի 20-ին կհանդիպի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ, որը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, մարտի 16-ի ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ արտաքին գերատեսչությունների ղեկավարները մանրամասն կքննարկեն երկկողմ համագործակցության զարգացման և փոխգործակցության ամրապնդմանն ուղղված հետագա քայլերը ընդհանուր ինտեգրացիոն կազմակերպություններում՝ ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ։ Նախատեսվում է մտքերի փոխանակում գլոբալ օրակարգի արդի հարցերի շուրջ, գործողությունների համակարգում տարբեր միջազգային հարթակներում։
Քննարկման հիմնական թեմաները կլինեն տարածաշրջանային խնդիրները,
ներառյալ Լաչինի միջանցքի շուրջ և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորումը, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, 2021 թվականի նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ համաձայնագրերի իրականացումը։
«Հուսով ենք, որ առաջիկա հանդիպումը կնպաստի Երևանի հետ երկխոսության որակի բարձրացմանը և կաշխատի Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդման ուղղությամբ»,- ասել է Զախարովան։