«Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը՝ նաև մշակութային արժեքների դեմ» Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ հատուկ զեկույց են հրապարակել Ադրբեջանի քաղաքականության հետևանքով հայկական մշակութային ժառանգությանը հասցված վնասների ու սպառնալիքների մասին։ Փաստաթղթի հեղինակները վստահեցնում են, որ պայքարը շարունակելու են մինչև Բաքվի դեմ պատժամիջոցների կիրառմանը հասնելը։

Թշնամին ոչնչացնում ու ջնջում է այն ամենը, ինչ հայկական է։ Առանձնակի հետևողականությամբ վնասվում  են հայկական եկեղեցիները։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հուշարձանները վանդալիզմի են ենթարկվում։ Կատարվածը վերլուծության է ենթարկվել ու փաստաթուղթ դարձել։ Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ հրապարակել են զեկույց՝ Ադրբեջանի հայատյաց  քաղաքականության հետևանքով հայկական մշակութային ժառանգությանը հասցված վնասների ու սպառնալիքների մասին։

Զեկույցում վանդալիզմի դրսևորումներ են արձանագրվել․ փաստերը թարմ են, ինչը հեշտացնում է աշխատանքը՝ ասում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավաբան Վարդուհի Ավանեսյանը։ Նա հիշենում է, որ դեռ 2021 թվականի դեկտեմբերին Արդարադատության միջազգային դատարանը որպես հրատապ միջոց կիրառած իր որոշմամբ կոչ է արել Ադրբեջանին ձեռնպահ մնալ ու պատժել մշակութային հուշարձանների պղծման գործողություններ իրականացնողներին։ Սա  հիմք է տալիս կարծելու, որ հետևողական լինելու դեպքում կկարողանանք հասնել Ադրբեջանի դեմ պատժիչ գործողությունների իրականացմանը՝ կարծում է իրավաբանը․

«Գոյություն ունեն միջազգային դատարաններ, միջազգային որոշումներ, որոնց միջոցով կարող ենք բողոք ներկայացնել Ադրբեջանի դեմ և օգտագործել այդ լծակը, որ հասնենք արդյունքի»։

Թարմ են հիշողությունները Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն հասցված վնասների մասին։ Սոցիալական մեդիան ցույց է տվել  թե ինչպես է պղծվում Շուշիի Կանաչ Ժամը՝ Սուրբ Հովհաննես եկեղեցին։ Արբանյակային նյութերով վեր են հանվել ադրբեջանական  վանդալիզմի այլ դեպքեր։

Հաշվվում է, որ 44-օրյա պատերազմից հետո օկուպացված տարածքներում է մնացել 1456 հայկական հուշարձաններ, այդ թվում՝ 160 վանք ու եկեղեցին, մոտ 600  խաչքար։

Իրավաբանը հիշեցնում է, որ կողմերը համապատասխան կոնվենցիաներ են վավերացրել և պարտավորություն ունեն պահպանելու մշակութային ժառանգությունը։ Ըստ այդմ՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելը կարող է Ադրբեջանի դեմ պատժիչ գործողությունների հանգեցնել։

«Հակառակ դեպքում անցնում ենք հաջորդ փուլ։ Եթե որոշումը չես իրականացնում, խախտում ես անում, դրան էլ հաջորդում են սանկցիաները։ Պետք է բողոք ներկայացնել համապատասխան ատյաններ ու շարունակել գործընթացը։ Դա ընդամենը հրատապ միջոց էր, բայց մենք ունենք գործ՝ «Հայաստանն  ընդդեմ Ադրբեջանի», որի  շրջանակներում կարող է բերվել ցուցիչ,  որ չի իրականացնում»։

Կան նախադեպեր․ միջազգային հանրությունը պատմական այս կամ այն փուլում փորձել է պատժել տարբեր անձանց ու պետություններին, որոնք վանդալիզմ են իրականացնել։ Վարդուհի Ավանեսյանը հիշեցնում է Հարավսլավիայի օրինակը։

«Հարավսլավիայի ռազմական տրիբունալում կան բազում գործեր, որտեղ քննիչը հետաքննել է նաև մշակութային ժառանգության ոչնչացման դեպքերը։ Միջազգային քրեական դատարանը գործեր ունի նաև անձանց դեմ , որոնք իրենց հրամաններով նպաստել են այդ գործողությունների իրականացմանը»։

Իրավաբանը վստահեցնում է, որ օգտագործելու են բոլոր լծակները։ Այսօր Ադրբեջանն արգելում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագետների մուտքը օկուպացված տարածքներ։ Այդ հուշարձանները նրանց  հասանելի չեն, քանի որ դրանցից հետևողականորեն ջնջվում են հայկական հետքերը։

ՀԿ–ները նաև ջանքեր են գործադրում, որ հնարավորություններ ստեղծվեն դիտորդական առաքելության և հայկական հուշարձանների վիճակը դիտարկելու համար։ Վստահեցնում են՝ թակում են բոլոր փակ դները, որ պատժամիջոցներ կիրառվեն Ադրբեջանի դեմ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն