Նախորդը չվերացրած՝ Բաքուն նոր խոչընդոտ է ստեղծում․ հայկական կողմը դիմել է Արդարադատության միջազգային դատարան
Հաագայի դատարանի՝ Լաչինի միջանցքը ապաշրջափակելու որոշումից երկու ամիս անց Ադրբեջանը նոր խոչընդոտներ է ստեղծել շրջափակված Արցախի համար․ շրջափակման133-օրը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը՝ անցակետ տեղադրելով այդ հատվածում։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը խախտման մասին արդեն նամակ է ուղարկել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան։
Շրջափակման մեջ են հայտնվել Արցախի չորս գյուղերը, որոնք մինչ այս հատվածի փակումը կարողանում էին կապ ապահովել Գորիսի հետ։ Այժմ կապը կտրված է ոչ միայն Ստեփանակերտի, այլև Գորիսի հետ։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչն ասում է՝ չի կարող ասել, թե երբ դատարանը կարձագանքի նամակին, չի բայց հստակ է, որ ստեղծված իրավիճակի մասին դատարանին պարբերաբար տեղեկություն կտրամադրեն։
Ադրբեջանը ոչ միայն չի կատարում Հաագայի դատարանի՝ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու վճիռը, այլև լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում՝ Հակարի կամուրջի վրա անցակետ տեղադրելով։ Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Բաքվին պարտավորեցրել է ապահովել Լաչինչի միջանցքում բեռների, անձանց, տրանսպորատային միջոցների անխոչընդոտ տեղափոխումն ու երթևեկությունը։ Ադրբեջանը 2022-ի դեկտեմբերի 12-ից կեղծ բնապահպանական պատրվակով փակել է Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը։ Եվ ահա, շրջափակման 133-օրը Ադրբեջանը փակեց նաև Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը։
Սա այն հատվածն է, որին պետք է միանար Տեղ-Կոռնիձոր ճանապարհահատվածը, և որով պետք է ապահովվեր Հայաստան Արցախ կապը։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ընդգծում է՝ անցակետի տեղադրումը հստակ ու աներկբա խախտում է․
«Խախտման մասին առավոտյան արդեն նամակը ուղարկել ենք Արդարադատության միջազգային դատարան։ Դատարանը նամակը ուղարկելու է Ադրբեջանին, Ադրբեջանն էլ ներկայացնելու է իր պատասխանը, որից հետո ընթացքի մասին կտեղակացնենք, քանի որ տարբեր զարգացոււմներ կարող են լինել։
Հորդոր նամակում մենք պահանջները ուղարկում ենք , քանի որ մենք ունենք որոշում, որը պետք է կատարել։ Մենք այս պահի դրությամբ ներկայացնում ենք, թե ինչ է կատարվում Լաչինի միջանցքում։ Անցակետ է տեղադրվել, որ այնտեղ խոսք էր գնում ցուցարանների մասին, երբ Ադրբեջանը կեղծ փորձում էր օգտագործել ցուցարարների պատրվակը, որին որևէ մեկը չէր հավատում, հիմա ավելի հստակ ու կոնկրետ գործողություններով է փակվում»։
Շրջափակման մեջ են հայտնվել Արցախի չորս գյուղերը, որոնք մինչ այս հատվածի փակումը կարողանում էին կապ ապահովել Գորիսի հետ, այժմ կապը կտրված է ոչ միայն Ստեփանակերտի, այլև Գորիսի հետ։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչն արձանագրում է՝ չի կարող ասել, թե երբ դատարանը կարձագանքի նամակին, բայց հստակ է, որ ստղեծված իրավիճակի մասին դատարանին պարբերաբար տեղեկություն կտրամադրեն․
«Խոսքը օրերի մասին է, չեմ կարծում, որ շատ երկար կձգվի։ Մենք էլ կփորձենք մեզանից հասանելիքն անել, որ գործընացը շատ չերկարի։ Վստահ ենք, որ դատարանը հասկանում է՝ խոսքը գնում է հարյուր-հազարավոր անձանց կյանքի, առողջության, հիմնարար բոլոր իրավունքների խախտման մասին»։
Եթե Ադրբեջանը անցակետի տեղադրումից հետո բացի Լաչինի միջանցքը, արդյո՞ք Հաագայի դատարանը կարող է սա դիտարկել որպես որոշման կատարում՝ հարցնում եմ Եղիշե Կիրակոսյանին․
«Չեմ կարծում։ Քանի որ Հաագայի որոշմամբ, նշվում էր ապահովել միջանցքով անձանց, բեռների, տարսնպորտային միջոցների երկկողմանի անխափան երթևեկությունը։ Սրանից ենթադրվում է, որ անցակետ տեղադրելը լրացուցիչ խոչընդոտ է, ի թիվս դատարանի արձանագրած խոչընդոտի՝ ցուցարարների տեսքով, ունենք ևս մեկ արհեստական, լրացուցիչ խոչընդոտ»։
Ամեն ինչ պարզ կլինի արդարադատության միջազգային դատարանի ու Ադրբեջանի արձագանքներից։ Նամակն առկա դատական միջոցներից ամենաարագն է՝ խոստովանում է Եղիշե Կիրակոսյանը՝ բացատրելով, որ արդարադատության դատարանի որոշումն արդեն կա։ Հաջորդ տրամաբանական քայլը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հարցը բարձրացնելն է․
«Անվտանգության խորհրդում աշխատանքերը սկսելը, հարցը տանելը, մի փոքր քաղաքական գործընթաց է։ Այստեղ կարևոր է արտաքին գերատեսչության մեր գործընկերների հետ աշխատանքը, քանի որ պետք է անդամ պետությունների հետ քաղաքական կոնսուլտացիաներ տանել, որպեսզի հարցը կարողանանք օրակարգ բերել։ Սա ևս կարևոր ուղղություն է և պետք է աշխատանքներ տանել։ Տարվում են դրանք»։
Եղիշե Կիրակոսյանը ևս մեկ անգամ հիշեցնում է՝ միջազգային դատարանները շատ գործիքներ չունեն, հաշվի առնելով նաև այն երկիրը, որի հետ մենք գործ ունենք։ Միակ մարմինը, որը պետք է հետամուտ լինի, որ Հաագայի դատարանի որոշումը կատարվի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է։ Հստակ է, որ Ադրբեջանը չի կարող պայմաններ կամ արդարացումներ ներկայացնել, թե ինչու չի կատարում դատարանի որոշումը՝ արձանագրում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը․
«Բոլոր փաստարկները, որ մեր պահանջի դեմ Ադրբեջանն ունեցել է, լսումների ժամանակ ներկայացրել է հակափաստարկները, որոնք դատարանի կողմից չեն ընդունվել, արդյունքում մենք ունենք որոշում, որը հստակ արձանագրում է, որը նորից չի կատարում։ Որոշումը պայման չունի, և Ադրբեջանի կողմից դրանք առաջ քաշելը աղավաղում է ու միտում ունի»։
Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում Արդարադատության միջազգային դատարանում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դատական գործերով Հայաստանն իր ամբողջական հայցադիմումն ընդդեմ Ադրբեջանի ներկայացրել է հունվարի 23-ին, միաժամանակ ստանալով նաև Ադրբեջանի ամբողջական հայցադիմումն ընդդեմ Հայաստանի։ Դատարանի Կանոնների համաձայն պետություններն իրավունք ունեն նախնական առարկություններ (Preliminary Objections) ներկայացնել մյուս կողմի ամբողջական հայցադիմումի վերաբերյալ՝ այն ստանալուց հետո 3 ամսվա ընթացքում։ Նախնական առարկություններով պետությունները բարձրացնում են Դատարանի իրավազորության բացակայության և հայցապահանջների անընդունելիության վերաբերյալ փաստարկներ և հիմնավորումներ։ Ապրիլի 21-ին Հայաստանը սահմանված ժամկետում ներկայացրել է նախնական առարկություններ Ադրբեջանի հիմնական հայցադիմումի վերաբերյալ․
«Մենք առարկություններ ենք ներկայացրել իրենց հայցի հետ կապված։ Առարկությունները վերաբերում են Դատարանի իրավազորությանը և Դատարանում ներկայացված Ադրբեջանի հայցապահանջների ընդունելությանը։ Դրանք ընթացակարգային հարցեր են։ Դատարանը, ըստ իր կանոնների ու տեխնիկապես, պետության՝ առարկություններ ներկայացնելիս կասեցնում է գործի քննությունը՝ մինչև հարցերի վերաբերյալ որոշում կայացնելը։ Դատարանը պետք է որոշի՝ որ հայցապահանջն է ընդունելի, որը ընդունելի չէ, որի հետ կապված ունի իրավազորություն, օրինակ՝ ժամանակային»։
Կողմերը հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց դիտարկումները մյուս կողմի ներկայացրած նախնական առարկութունների վերաբերյալ Դատարանի կողմից սահմանվելիք ժամկետում։ Դատարանը արձանագրել է՝ առարկություն ներկայացվել է, արձանագրել է, որ իր կանոնների համաձայն, առարկությունների քննության ժամանակ կասեցվում է գործընթացը՝ նշելով, որ ժամկետի մասին լրացուցիչ կհայտնի։ Ակնկալվում է, որ գրավոր փուլից հետո նաև բանավոր առարկությունների փուլը կլինի։