Մի օր Փափազյանն ասաց. - Ես չեմ ուզում մեռնել, երևի ոչ ոք էլ չի ուզում մեռնել: Բոլոր ասողները, թե իրենց համար մեկ է՝ վաղը կմեռնեն, թե մի քանի տարի հետո, անկեղծ չեն: Ոչ ոք չի ուզում այս աշխարհից հոժարակամ գնալ: Եվ միտքը շարունակեց այսպես. -Բայց եթե մեռնել, ապա միայն այնպես , ինչպես պատահեց Համբարձումի հետ: Խոսքը Խաչանյանի մասին է, որին շատ էր սիրում, և որը մահացել էր «Երկիր հայրենի» ներկայացման ժամանակ՝ բեմազգեստը հագին, դիմահարդարված, բեմ մտնելուց մի քանի րոպե առաջ: Ամենից ավելի նրա վրա տպավորություն էր թողել Միքայել Թավրիզյանի մահը, մահ՝ նվագախումբը ղեկավարելիս, վահանակի մոտ, բուռն շարժման պահին, երբ աջ ձեռքը մեկնել էր վեր՝ հնչյունի հետևից: - Մարդ պետք է այդպես մեռնի: Ես շատ բան կտայի՝ բեմում, խաղի ժամանակ մեռնելու համար: Եվ մի օր Փափազյանի խաղի ժամանակ հիշեցի մեր զրույցը: 1967-ի դեկտեմբերի 14-ին էր, «Իմ սիրտը լեռներում է» ներկայացումը: Խաղում էր Մեք-Գրեգոր, որը, ինչպես հայտնի է, մեռնում է բեմում: Երբ նա «մահացավ», Վարդերեսյան-Ջոնին մոտեցավ և մի փոքր բարձրացրեց ձեռքը, որն ընկավ այնպես անկյանք, որ շատերը թատերասրահում, այդ թվում և ես, կարծեցինք, թե Փափազյանն իսկապես մահացել է: Իսկ ներկայացումը շարունակվում էր: Երբ Բեն-Ալեքսանդր - Բաբկեն Ներսիսյանն ասաց. «Այս մարդը մեր ժամանակի ամենամեծ շեքսպիրյան դերասանն էր»,-բարձրացավ այնպիսի ծափահարություն, ինչպես երբեք չէր եղել: Մեք-Գրեգորին շալակցին ու տարան: Կյանքի ոչ մի նշույլ չկար: Այդպես միայն դիակն է լինում: Վարդերեսյանի խաղում վախեցած շփոթ կար: ՈՒ եթե դա համընկնում է և համապատասխանում այդ պահի բեմական ապրումին ըստ թատերախաղի, ապա Արուս Ասրյանը հետագայում ասում էր, որ ինքը հավատացել է, թե տեղի է ունեցել ամենասարսափելին, և խաղում էր՝ հազիվ զսպելով արցունքները, զարմացած, թե ինչու վարագույրը չեն փակում: Երբ ներկայացումը վերջացավ, և... ծափահարությունների ներքո Փափազյանը բեմ եկավ, հանդիսատեսը ազատ շունչ քաշեց, ապա ուրախացած, որ դերասանին հաջողվել է դահլիճին խաբկանքի մեջ պահել, որոտընդոստ ծափահարությանը միացրեց ցնծագին կանչերը: Դա Փափազյանի վերջին ներկայացումն էր Սունդուկյանի անվան թատրոնում...

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն