Նախիջևանում պայթած դրոնները փոխում են ամեն բան
Նախիջևանում պայթած դրոնները փոխում են ամեն բան: Լայն առումով պետությունները տասնամյակներով չեն կառուցում ռազմական համագործակցության համակարգեր, հետախուզական ենթակառուցվածքներ և ռազմատեխնիկական ինտեգրում միայն խաղաղ ժամանակների համար։ Այդ ամենը կառուցվում է այն հակամարտությունների համար, որոնք դեռ չեն սկսվել, բայց վաղուց արդեն հաշվարկված են ռազմավարական քարտեզների վրա։
Վերջին մեկ տասնամյակի ընթացքում Իսրայելի և Ադրբեջանի միջև ձևավորված հարաբերությունները հենց այդպիսի ռազմավարական հաշվարկի օրինակ են։ Այդ հարաբերությունը երբեք չի սահմանափակվել զենքի վաճառքով կամ դիվանագիտությամբ։ Այն ներառում է ռազմական տեխնոլոգիաների փոխանցում, հետախուզական համագործակցություն, ռազմավարական կապերի կառուցում և քաղաքական փոխադարձ հովանավորություն։ Քաղաքագիտական լեզվով սա դասական օրինակ է այն բանի, երբ պետությունը ստեղծում է գործընկեր, որը իր համար կարող է ծառայել որպես ռազմավարական հենակետ հակառակորդի անմիջական սահմանների հարևանությամբ։ Այդ հակառակորդը տվյալ դեպքում ակնհայտորեն Իրանն է։
Ադրբեջանի աշխարհագրությունը այստեղ որոշիչ նշանակություն ունի։ Այն Իրանի հյուսիսային սահմանների երկայնքով ստեղծում է մի տարածք, որը կարող է ծառայել միաժամանակ երեք նպատակների՝ հետախուզական դիտարկման գոտի, ռազմատեխնիկական հենակետ և ճնշման ուղղություն Իրանի հյուսիսային սահմանների նկատմամբ։ Սա նշանակում էր, որ եթե երբևէ Իրանի դեմ ձևավորվեր լայնամասշտաբ ռազմական հակադրություն, Ադրբեջանը ավտոմատ կերպով վերածվեր ոչ թե պարզապես դաշնակցի, այլ այդ հակադրության գործնական հարթակներից մեկի, որին երկար ժամանակ աջակցել են իր շահերի ծիրում։
Այստեղից անմիջապես առաջանում է հաջորդ ռազմավարական հարցը՝ ինչ դեր է ունենալու Թուրքիան։ Թուրքիան և Ադրբեջանը վաղուց արդեն դուրս են եկել սովորական դաշնակցության շրջանակից և կառուցել են գրեթե միասնական ռազմաքաղաքական համակարգ՝ սկսած համատեղ բանակային ուսումնական ծրագրերից մինչև ռազմական ինտեգրման գաղափարախոսություն։ Բացի այդ, Թուրքիան տարածաշրջանում ունի նաև իր սեփական մրցակցությունը Իրանի հետ, որը դրսևորվում է թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ Հարավային Կովկասում, թե՛ Կենտրոնական Ասիայում։ Այդ պատճառով այն իրավիճակում, երբ Ադրբեջանը ներգրավվում է Իրանի դեմ ռազմական գործողությունների մեջ, Թուրքիան պարզապես չի կարող մնալ արտաքին դիտորդի դերում։ Ռազմավարական տրամաբանությունը նրան դնում է նույն ճակատում։
Բայց հենց այստեղ է բացվում ամբողջ խնդրի իրական աշխարհագրական առանցքը։ Թուրքիան և Ադրբեջանը չունեն շարունակական ցամաքային սահման։ Սա նշանակում է, որ Թուրքիայի ցանկացած լոգիստիկ, ռազմական կամ ռազմավարական աջակցություն Ադրբեջանին պետք է անցնի որևէ երրորդ տարածքով։ Եթե նայենք քարտեզին, ապա հնարավոր ուղղությունները ընդամենը երեքն են՝ Իրանի տարածքով, Վրաստանի տարածքով կամ Հայաստանի Սյունիքի տարածքով։ Իրանի տարբերակը ինքնին անհնար է, որովհետև խոսքը հենց Իրանի դեմ հնարավոր հակամարտության մասին է։ Վրաստանի տարբերակը նույնպես չափազանց խնդրահարույց է, որովհետև Վրաստանը հազիվ թե համաձայնի իր տարածքը վերածել Իրանի դեմ ռազմական գործողությունների լոգիստիկ միջանցքի՝ հաշվի առնելով իր խոցելի անվտանգային դիրքը և տարածաշրջանային հավասարակշռությունը։ Այսպիսով աշխարհագրությունը մնում է միայն մեկ իրական տարբերակ։
Այդ տարբերակը Սյունիքն է։
Եվ հենց այստեղ է բացահայտվում TRIPP-ի՝ նախկինում «Զանգեզուրի միջանցք» հասկացության իրական ռազմավարական բովանդակությունը։ Այն ներկայացվում է որպես տնտեսական ճանապարհ, տարածաշրջանային կոմունիկացիաների բացում կամ առևտրային նախագիծ, սակայն նմանատիպ նախագծերի քաղաքական ճնշման աստիճանը միշտ ցույց է տալիս դրանց իրական նշանակությունը։ Սյունիքի միջանցքային գաղափարը առաջին հերթին ապահովում է Թուրքիայի և Ադրբեջանի միջև անխափան ցամաքային կապ, որը հնարավորություն է տալիս ոչ միայն տնտեսական, այլև ռազմական և ռազմավարական ինտեգրման։ Երկրորդ՝ այն ստեղծում է ուղիղ կապ Թուրքիայի, Ադրբեջանի և ավելի լայն թյուրքական աշխարհագրության միջև։ Եվ երրորդ՝ այն ձևավորում է Իրանի հյուսիսային սահմանների շուրջ մի նոր ռազմաքաղաքական շրջափակման գիծ։
Այս ամբողջ շղթան դիտարկելիս դժվար չէ նկատել, որ այստեղ խոսքը մեկ ճանապարհի մասին չէ։ Խոսքը տարածաշրջանային ուժային հավասարակշռության վերաձևման մասին է։ Երբ Իսրայելը կառուցում է երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցություն Ադրբեջանի հետ, երբ Ադրբեջանը ձևավորում է ռազմական ինտեգրում Թուրքիայի հետ, և երբ այդ ամբողջ համակարգը բախվում է Իրանի հետ հնարավոր հակադրության հեռանկարին, քարտեզի վրա անխուսափելիորեն հայտնվում է մի կետ, որը դառնում է ամբողջ շղթայի ամենակարևոր հանգույցը։
Այդ կետը Սյունիքն է։
Եվ այդ պատճառով Սյունիքի շուրջ ընթացող պայքարը երբեք չի եղել միայն ճանապարհների, հաղորդակցությունների կամ տնտեսական նախագծերի մասին։ Այն իրականում կապված է շատ ավելի մեծ ռազմավարական հաշվարկների հետ, որոնցում փոքր աշխարհագրական տարածքները հաճախ վերածվում են մեծ աշխարհաքաղաքական խաղի առանցքային հանգույցների։
P.S. Այժմ դուք դիտարկում եք Իսրայելի կողմից Ադրբեջանին ռազմական, քաղաքական առումով մեծացնելու, աջակցելու, ուռճացնելու նպատակը, որը գին ուներ և այդ գինը վճարելու ժամանակը մոտ է: Նախիջևանի ուղղությամբ ուղարկված իրանական դրոնները հենց այդ գինը վճարելու կամ կանխման մասին են:







































