Ավանակին նժույգից տարբերել, փաստորեն, չսովորեցինք
Յուրաքանչյուր ժողովրդի հոգեկերտվածքի, օտար բառով՝ մենթալիտետի մասին պատկերացում կարելի է ունենալ նաև վերջինիս հավաքական մտքի արգասիք ասացվածքներն ի մի բերելով: Ասենք, աշխատասե՞ր է տվյալ ժողովուրդը, թե՞ ծույլ, խելացի՞ է, թե՞ խելոք, ոգեղե՞ն է, թե՞ նյութապաշտ, ենթարկվո՞ղ է, թե՞ նվաճող, ու էլի բազմաթիվ Է-եր և ԹԵ-եր:
Վերցնենք, թեկուզ, հայերիս էս ասացվածքը. «ՈՒմ ասացինք՝ մեր տերը՝ դու, ասաց՝ ձեր դևը՝ ես»:
Էս ասացվածքն, իմ ընկալմամբ, անընդհատ սխալվելու և էդ սխալներից հետևություններ չանելու համահավաք հատկանիշն է ընդգծում, հատկանիշ, որ մեկ այլ ասացվածքով հենց ժողովուրդն էլ հաստատել է. «Մտանք ախոռ, էշի ճակատը պաչեցինք»: Մերօրյա այլաբանությամբ՝ ոչ միայն պաչեցինք, էնքան մաժմժեցինք, դզեցինք-փչեցինք, փալանը թամբով փոխեցինք՝ դարձավ տրոյական ձի: Անտիկ աշխարհում տրոյացիների հետ հաց կիսած ժողովուրդ ենք համարվում, ավանակին նժույգից տարբերել, փաստորեն, չսովորեցինք, մնացինք «էշ կերած՝ էշ մեծացած»: Պատահական չի, որ էշերի թեման առանձնահատուկ տեղ ունի հայկական ասացվածքներում: Զորօրինակ՝ «Ով՝ էշ, մենք՝ փալան»: Էշն այս դեպքում տիրոջ, հավաքական առումով՝ իշխանության սիմվոլն է, փալանը՝ ծառայի, այլաբանությունն էլ՝ առավել քան թափանցիկ. տերերը փոխվեն-չփոխվեն, մենք նույն ծառան ենք: «Իմ էշ խելքն ասա». վերջին 35 տարում քանի՞ անգամ կրկնած կլինենք ժողովրդական տարածված խոսքը՝ երկրի հերթական «տերերին» ընտրելուց ու հիասթափվելուց հետո: Շատերն էլ գերադասել են նույն հայտնի չորքոտանու համառությամբ չհիասթափվել, որովհետև «էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու»:
Համակերպվողի այս ինքնակամ դատապարտվածությունն էլ, թերևս, խտացել-դարձել է մեկ այլ ասացվածք, որ տեղով «գլուխգործոց» է. «Էն ձեռքը, որ կտրել չես կարող, պաչիր, դիր գլխիդ»:
Թվում է՝ վերջին յոթ հարյուր տարում պետականություն չունեցած, օտար ձեռքի տակ մեջքը կորացրած ազգը հենց այս վարքականոնը պիտի խտացներ ասացվածքի մեջ, և հենց դա է, որ տխուր ընդհանրացումների տեղիք է տալիս: Լավ, կտրել չես կարող՝ չես կարող, պաչել-գլխին դնե՞լը որն է: Օտարահպատակի էդ նվաստ ծառայամտությունը չի՞ եղել պատճառներից մեկը, որ դարերը հաջորդել են իրար, երկիրն էլ մի նվաճողից անցել է մյուսին՝ սպառնալիորեն փոքրանալով ու թշվառանալով:
Զարմանալի չէ, որ «Որտեղ՝ հաց, էնտեղ՝ կաց»-ը արդեն քանի հարյուրամյակ չի զիջում առաջատարի իր դիրքերը ժողովրդական ասացվածքների թոփ-տասնյակում: Երեք հարյուր հազար քառակուսի կիլոմետրանոց Մեծ Հայքից մնացած այսօրվա Հայաստանի քարտեզն էլ զարմանալի չէ:
«Գողը տնից որ եղավ՝ եզը երդիկից կհանեն». դարերով այս նույն բանը ասել, բայց հետևություններ չենք արել մինչ օրս: Էլի՛ մեր գողը տնից է, մեր եզը՝ էլի՛ երդիկի ծայրին, մե՞նք ինչ ենք անում: Ինչպես միշտ՝ ասում-խոսում ենք՝ «ցավին՝ անհաղորդ, դավին՝ անտարբեր»:
Վաղն այդ ասուխոսից նոր ասացվածքներ կծնվեն՝ սոցցանցային բանահյուսության «նորաձև» ժանրում: Ի վերջո, ամեն ինչն է տեղափոխվել վիրտուալ տիրույթ, «բանաստեղծությունն», օրինակ, վաղուց այնտեղ է, բանահյուսությունն ինչու՞ պիտի բացառություն լինի:









































