Գագիկ Ծառուկյանը անմեղ է ճանաչվել. Առուստամյանի մասով էլ վաղեմությունն անցել է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
Հակակոռուպցիոն դատարանը մարտի 11-ին հրապարակեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ նրա բիզնես կայսրության՝ «Մուլտի գրուպի» տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործով վերդիկտը։ Ըստ այդմ՝ ընտրակաշառքի գործով ԲՀԿ առաջնորդն անմեղ ճանաչվեց։ Նույն գործով անցնող Սեդրակ Առուստամյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքի կատարման համար (թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը)։
Վերդիկտից ուղիղ 2 ամիս անց՝ մայիսի 11-ին, Հակակոռուպցիոն դատարանը (դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ) հրապարակեց Ծառուկյանի եւ Առուստամյանի դատավճիռը։ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը մեզ ասաց՝ ինչպես վերդիկտով էր, դատավճռով եւս հռչակվեց Գագիկ Ծառուկյանի անմեղությունը, Առուստամյանի մեղավորությունը, բայց վերջինիս նկատմամբ պատիժ չկիրառվեց, քանի որ այս գործի վաղեմության ժամկետն անցել է։ Պաշտպանի խոսքով՝ բազմիցս հնարավորություն են ունեցել դիմելու վաղեմության ժամկետ կիրառելու համար, սակայն Ծառուկյանը ցանկացել է մինչեւ վերջ գնալ, որպեսզի դատական ակտով հրապարակվի իր անմեղությունը։ Պաշտպանը նշեց՝ դատարանի որոշումը կողմերը կարող են բողոքարկել Հակակոռուպցիոն դատարանում, ըստ ամենայնի, դատախազությունն այդպես էլ կանի։
Այս գործը, հիշեցնենք, դատարանում է 2023 թվականից: Մեղադրանքի հիմքում 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ կուսակցության օգտին 90 միլիոն դրամ ընտրակաշառք բաժանելու փաստն է դրվել: 2020 թվականի հունիսին, նույն օրը, երբ Ծառուկյանին մեղադրանք էր առաջադրվել, Փաշինյանն ասել էր. «Քննվում է երրորդ հանրապետության պատմության ամենակարեւոր գործերից մեկը, որովհետեւ, ի վերջո, ժողովրդի կամքի վրա բռնանալու համակարգված ինստիտուտ է բացահայտվում»։ Իրավապահները քրեական գործի մասին հայտարարել էին Փաշինյանի հայտարարությունից հետո։ Այդ ժամանակ Ծառուկյանը պահանջում էր կառավարության եւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ապա Ծառուկյանին ԱԱԾ-ն կանչել էր հարցաքննության եւ կալանավորել։ Մեկուկես ամիս անց նա ազատ արձակվեց, 26-ի մայիսի 11-ին արդարացվեց։








































