Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումների ճեղքում և էսկալացիայի սպառնալիք
Էներգետիկ շուկան քննարկում է առանցքային հարցը․ նավթի ի՞նչ ծավալ է իրականում հաջողվում դուրս բերել Պարսից ծոցից։ Դրա պատասխանը կարող է որոշել Իրանի հետ ընթացիկ ռազմական հակամարտության տևողությունը, գրում է Fortune-ը։
Թեհրանը պնդում է, որ Հորմուզի նեղուցը ամբողջությամբ փակված է և գտնվում է իրանական ուժերի վերահսկողության տակ։ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմի սկսվելուց առաջ այս նեղ ջրային ուղով օրական անցնում է մինչև 20 միլիոն բարել նավթ։
Սակայն ԱՄՆ վարչակազմը հերքում է այս հայտարարությունները։ Էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը X հարթակում հայտնել է, որ ամերիկացի զինվորականները օգնել են նեղուցից դուրս բերել ավելի քան 15 միլիոն բարել նավթ և նավթամթերք (ընդ որում, յոթ օրվա միջին ցուցանիշը կազմում է մոտ 8 միլիոն)։ Եթե հաշվի առնել խողովակաշարերով արտահանումը, ապա տարածաշրջանից մատակարարումների ընդհանուր ծավալը մոտենում է օրական 20 միլիոն բարելի։
Ամերիկացի պաշտոնյաների՝ Axios-ին տրամադրած տեղեկության համաձայն, Օմանի ափերի երկայնքով հատուկ միջանցքով օրական տեղափոխվում է մոտ 10 միլիոն բարել նավթ։
Տանկերների «ստվերային» փոխադրումներ
Անցած ամիս ամերիկյան երկշաբաթյա ռմբակոծությունները թուլացրել են Իրանի ռադարներն ու ծովային հսկողությունը։ Դրա շնորհիվ նավերը գիշերով, անջատված տեղորոշիչներով գաղտնի երթեր են անում և բեռները փոխանցում այլ նավերի, որպեսզի նավթը հասնի սպառողներին։
Vortexa էներգետիկ ընկերության գլխավոր տնտեսագետ Դևիդ Վեհը CNBC-ի եթերում ասել է, որ վերջին ամսում արտահանման օրական միջին ծավալը եղել է 6-7 միլիոն բարել, իսկ ամենաբարձր ցուցանիշը հասել է 14 միլիոնի։
Հետևաբար, Հորմուզի նեղուցը լիովին փակված չէ, և նավթի մեծ մասը շարունակում է հասնել համաշխարհային շուկա։
Ինչո՞ւ է դա ձգձգում պատերազմը։
Չնայած համաշխարհային շուկայում հումքի պակաս կա և երկրները ստիպված են օգտագործել իրենց խիստ նվազած ռազմավարական պաշարները, այնուամենայնիվ Պարսից ծոցից նավթի արտահանումը կանխում է գնային ճգնաժամը։ Սակայն հենց սա էլ երկարաձգում է հակամարտությունը, քանի որ կողմերից ոչ մեկը զիջումների գնալու շտապողականություն չի ցուցաբերում։
«Նեղուցով հոսող նավթը մեծացնում է ձգձգվող պատերազմի հավանականությունը, հնարավոր է՝ ընդհուպ մինչև 2027 թվականի վերջը․ քանի դեռ նավթը հոսում է, իսկ Իրանը բավարար եկամուտ ունի ռեժիմը պահելու համար, կողմերը չեն շտապում», — նշում է Alpine Macro ընկերության գլխավոր աշխարհաքաղաքական ռազմավար Դեն Ալամարիուն։
Դիվանագիտական առաջընթաց չկա․ Իրանը ներկայացնում է ԱՄՆ-ի համար անընդունելի պահանջներ, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է Թեհրանին զրկել նեղուցի վերահսկողությունից։ Միևնույն ժամանակ, զինամթերքի սպառման պատճառով խուսափելով լայնամասշտաբ ցամաքային պատերազմից, Թրամփը հույսը դնում է տնտեսական ճնշման վրա։
Նոր էսկալացիայի վտանգ
Վերլուծաբանները ներկայիս իրավիճակը բնութագրում են մասնակի շրջափակմամբ ու պարբերական բախումներով։ Այնուամենայնիվ, Իրանի տնտեսությունը շարունակում է տուժել և սպառնում է ռեժիմի կայունությանը։
Քանի որ նեղուցը լիովին փակված չէ, Թեհրանի ճնշման լծակները թուլանում են, ինչը դրդում է Իրանին դիմել պատասխան էսկալացիայի։ Իրավիճակը կարող է կտրուկ սրվել, եթե նավթի գինը հասնի կրիտիկական շեմի, իսկ ԱՄՆ-ում վառելիքի թանկացումը դժգոհություն առաջացնի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ։









































