Փաստաբան Արա Զոհրաբյանը գրում է․ «ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԵՎ ՎԵՑ ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ԿԿԱՅԱՆԱ ՕԳՈՍՏՈՍԻ 28-ԻՆ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նախնական դատալսումների նիստը նշանակվել է 2026 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 16։30-ին։ Այն տեղի կունենա դատարանի Վաղարշապատի նստավայրում (ք. Էջմիածին, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 15), դատավոր Ս.Ռուշանյանի նախագահությամբ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները (արքեպիսկոպոսները) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 272-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն այս դատական նիստին չեն ներկայանալու: Նիստին մասնակցելու են պաշտպանները:

Հիշեցնում եմ, որ ըստ մեղադրանքի Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարգալույծ է հռչակել նախկին Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, և հենց այդ կարգալուծումն է մեղադրանքի կողմից որակվել որպես դատական ակտի կատարմանը խոչընդոտում։

Հետևաբար դատարանի առջև դրված առաջին և հիմնական իրավական հարցը պետք է լինի հետևյալը. կարո՞ղ է արդյոք եպիսկոպոսին կարգալույծ հռչակելը՝ որպես ինքնուրույն հոգևոր-կանոնական ակտ ինքնին ճանաչվել քրեորեն պատժելի «խոչընդոտում»։

Հայաստանի Սահմանադրությունը և օրենքները պետության համար սահմանում են ոչ միայն ընդհանուր չեզոքության պահանջ, այլև ուղղակի պարտականություն՝ չմտնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կառավարման ու կանոնական կյանքի ոլորտ։

Եպիսկոպոսի ձեռնադրությունը, նրա հոգևոր կարգավիճակի պահպանումը, կարգապահական պատասխանատվությունը և կարգալուծումը հենց այդ ներքին կյանքի առանցքային տարրերն են։

Պետությունը չի ձեռնադրում եպիսկոպոս։

Պետությունը չի շնորհում եպիսկոպոսական աստիճան։

Պետությունը չի որոշում հոգևորականի վարքագծի՝ Եկեղեցու կանոններին համապատասխանությունը։

Հետևաբար պետությունը չի կարող նաև որոշել, որ կոնկրետ անձը, անկախ Եկեղեցու բարձրագույն կանոնական իշխանության որոշումից, պետք է շարունակի համարվել եպիսկոպոս, թե՝ ոչ։

Երբ պետությունը կարգալույծ հռչակելու տնօրինությունն ինքնին կապում է աշխարհիկ դատական ակտի խոչընդոտման հետ, ապա պետությունն իրեն է վերապահում հոգևոր կարգավիճակի վերջնական որոշման իրավասությունը։ Այսինքն, միջամտում և քննարկման առարկա է դարձնում հոգևոր տնօրինության բովանդակությունը: Դա արգելված միջամտության ուղղակի օրինակ է։ Սույն գործով միջամտության աստիճանը առավել բարձր է, քանի որ կիրառվում է քրեական պատասխանատվության սպառնալիք»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ