Անգլիայի ոստիկանությունը շփոթել է բիթքոինների ֆերման թմրալաբորատորիայի հետ
Անգլիայի ոստիկանությունը հայտնաբերել է բիթքոինների ֆերմա, որն օգտագործում էր գողացված էլեկտրաէներգիա բիթքոին ստանալու համար Ուեսթ Միդլենդում։ Սպաները կարծում էին, թե թմրախոտի արտադրության ֆերմա են հայտնաբերելու, երբ գրոհում էին արդյունաբերական գոտու շենքի վրա, գրում է The Guardian-ը։
Ուեսթ Միդլենդի ոստիկանության աշխատակիցները խուզարկել են արդյունաբերական գոտու շենքը մայիսի 18-ին՝ կարծելով, թե գտել են թմրախոտի ֆերմա, բայց դրա փոխարեն հայտնաբերել են կրիպտոարժույթի ստացման սխեմա։ Ստուգման ժամանակ պարզվել է, որ սարքավորման տերերը հազարավոր ֆունտ ստեռլինգների էլեկտրաէներգիա են գողացել, բայց ձերբակալություններ չեն կատարվել։
Շինության խուզարկման ժամանակ հայտնաբերվել է 100 հատուկ համակարգիչ կրիպտոարժույթի մայնինգի համար, իսկ դրանցից արտազատվող ջերմությունը դուրս է բերվել օդափոխման միջոցով։ «Այն չգտանք, ինչ սպասում էինք»,- իրավիճակը մեկնաբանել է ոստիկանության սերժանտ Ջենիֆեր Գրիֆինը։
Էներգիայի սպառման աճը մշտապես քննադատության է ենթարկվում։ Ամենահավաստի գնահատականներով՝ բիթքոինների ցանցը օգտագործում է այնքան էներգիա, որքան Նորվեգիայի կամ Արգենտինայի չափ երկրները։