Մյուս դրույթների մասով վերապահումներ ունենք. նախագծի հեղինակները խոստացել են, որ դրանց վերաբերյալ առարկայական քննարկումներ կլինեն. Նավասարդյան
«Զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքում փոփոխություններ անելու վերաբերյալ օրինագծի չնույնականացված աղբյուրներին վերաբերող դրույթն այս պահի դրությամբ մեզ բավարարում է, բայց մյուս դրույթների հարցով շարունակում ենք շատ լուրջ վերապահումներ ունենալ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը։
Նշենք, որ ԱԺ-ում այսօր քննարկվում է Զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքում փոփոխություններ անելու վերաբերյալ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։
Բորիս Նավասարդյանը նշեց, որ իրենց հետ քննարկում իրականացրել են, երբ նախագիծը դեռ նոր էր պատրաստվել։ Բուն քննարկումը հիմնականում կապված է եղել ամենախնդրահարույց դրույթի՝ անանուն աղբյուրներին հղում անելն արգելելու հետ։ Բորիս Նավասարդյանի խոսքով` հետագայում այս դրույթում բավականին լուրջ փոփոխություններ արվեցին, և այսօրվա վիճակով այն բավարարում է իրենց։
Ինչ վերաբերում է օրինագծի մյուս դրույթներին, ապա Երևանի մամուլի ակումբի ղեկավարը մտաբերում է՝ նախագծի հեղինակները խոստացել են, որ դրանց վերաբերյալ առարկայական քննարկումներ կլինեն, սակայն դեռ չի եղել նման բան։
«Մյուս դրույթների հարցով վերապահումներ ունենք։ Օրինակ տուգանքի հետ կապված։ Ընդհանրապես այդ տուգանքները նշանակելու հիմքերը մեզ համար քննարկելու առարկա պետք է լինեն, քանի որ զուտ օրենսդրական կարգավորումների առումով բավականին լուրջ խնդիրներ են մնում։ Չգիտեմ՝ խոստումն ուժի մեջ է մնում և առաջին ընթերցումից հետո քննարկում կլինի, թե ոչ, բայց համարում ենք, որ միայն մեկ դրույթում անհրաժեշտ փոփոխություններ անելը խնդիրն ամբողջությամբ չի լուծելու»,-ասաց Բորիս Նավասարդյանը։
Դիտարկմանը, որ չնույնականացված աղբյուրների դրույթն ընդունելու դեպքում ստացվում է՝ լրատվամիջոցները պատասխանատվության կենթարկվեն, իսկ ֆեյքերը կշարունակեն իրենց գործունեությունը, Բորիս Նավասարդյանը նկատեց՝ այս դրույթը լուծում է այն հարցը, որ ինչ-որ մեկը պետք է պատասխանատվություն կրի, եթե հասանելի չէ սկզբնաղբյուրը, որի վրա լրատվամիջոցը հղում է անում։
«Եթե լրատվամիջոցը գիտակցում է, որ օգտվում է չնույնականացվող աղբյուրից, պետք է պատրաստ լինի, որ ինքը պատասխան տա։ Սա նորմալ կարգավորում է։ Նույնիսկ կարծում եմ՝ առանց օրենքում էական փոփոխություններ կատարելու այդ մոտեցումը պետք է աշխատեր։ Պարզ է, որ դա ամբողջությամբ չի լուծում չնույնականացվող և չհայտնաբերվող, բայց ապատեղեկատվություն տարածող աղբյուրների հարցը։ Դրա համար այլ կարգավորումներ են պետք, որոնք ԶԼՄ-ների մասին օրենքի հետ անմիջական կապ չունեն, որովհետև այդ աղբյուրները ԶԼՄ միջոց չեն կարող համարվել»,-նշեց Բորիս Նավասարդյանը։
Նրա խոսքով այստեղ առաջ է գալիս կարևոր խնդիր, որը պետք է դրված լիներ այս օրինագծի հիմքում. Դա զանգվածային լրատվամիջոց հասկացության հստակ սահմանումն է, որ հասկացվի, թե իրավական նորմը որ սուբյեկտի վրա ինչպիսի ազդեցություն ունի։ Բորիս Նավասարդյանը կարծում է, որ մինչև օրինագծի ընդունումն այս կարևորագույն խնդիրը պետք է լուծվի։
«Պետք է պարզ դառնա՝ որ աղբյուրներն են համարվում ԶԼՄ և համապատասխանաբար կարգավորվում ԶԼՄ-ների մասին օրենքով և որոնց վերաբերյալ պետք է այլ կարգավորումների միջոցով պատասխանատվության խնդիրները լուծել։ ԶԼՄ-ի մասին օրենքով բոլոր ապատեղեկատվություն տարածող աղբյուրների հարցը չի լուծվում և չի էլ կարող լուծվել»,-հավելեց Բորիս Նավասարդյանը։
Այս օրինագծի վերաբերյալ առաջարկություններ եղել են և՛ Երևանի մամուլի ակումբի, և՛ մասնագիտական այլ խմբերի կողմից։ Չեն ակնկալում, որ այդ առաջարկություններն անմիջապես պետք է ընդունվեն, քանի որ դրա համար պետք է ներառական քննարկում կազմակերպել։
«Երևանի մամուլի ակումբը պատրաստ է նախաձեռնել նման քննարկումներ։ Այդքան ամիսներ օրինագծի վրա լուրջ աշխատանք չկատարելով՝ հույս ունեմ, որ մեր պատգամավորները համբերություն կունենան և կկարողանան միանալ այդ քննարկումներին։ Կարևոր է, որ առաջին ընթերցումից ավելի հեռու այդ գործընթացն այսօր չգնա»,-ամփոփեց Բորիս Նավասարդյանը։