Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում բենզինի գինը շարունակում է բարձր մնալ. Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը հայաստանյան բենզալցակայաններում վաճառվում է 500-520 դրամով, իսկ Պրեմիումը՝ 520-540 դրամով: Տարեսկզբից էներգակիրների գները շարունակաբար աճում են ամբողջ աշխարհում։ Մասնավորապես նավթի գներն աճել են ավելի քան 60%-ով՝ հասնելով վերջին 7 տարվա առավելագույն ցուցանիշին՝ պայմանավորված բարձր պահանջարկով և սահմանափակ առաջարկով: Բնական գազի գները ևս աճել են՝ Եվրոպայում և Մեծ Բրիտանիայում գրեթե եռապատկվել են։ Աճել են նաև բենզինի գները, ներկայում համաշխարհային շուկայում բենզինի միջին գինը մեկ լիտրի դիմաց կազմում է 1.21 ԱՄՆ դոլար:

Հայաստանյան շուկայում տարեսկզբի համեմատ բենզինի գինն ավելացել է մոտ 33%-ով։ Տարեսկզբից ԱՄՆ-ում բենզինի գինն ավելացել է ավելի քան 40%-ով, Մոլդովայում՝ 37%-ով, Վրաստանում ավելի քան 35%-ով, Թուրքիայում՝ 34%-ով, Գերմանիայում՝ 26%-ով, Բելառուսում՝ 25%-ով, Ֆրանսիայում՝ 20%-ով, Ռուսաստանում՝ ավելի քան 7%-ով։ Ադրբեջանում տարեսկզբի համեմատ ռեգուլյար տեսակի բենզինի գինը չի փոփոխվել, իսկ պրեմիում տեսակի բենզինը թանկացել է 10%-ով։ Ըստ RAC-ի տվյալների՝ բենզինի գները Մեծ Բրիտանիայում վերջին անգամ այս մակարդակի վրա եղել են 2012 թվականի ապրիլին։

Այնուամենայնիվ, երկրներում բենզինի գներն էապես տարբերվում են, տնտեսապես զարգացած երկրներում սովորաբար ավելի բարձր են, իսկ աղքատ և նավթ արդյունահանող երկրներում՝ ավելի ցածր: Բացառություն է ԱՄՆ-ն, որտեղ բենզինի գները համեմատաբար ցածր են: Երկրներում բենզինի գների տարբերությունները պայմանավորված են էներգակիր ռեսուրսների առկայությամբ, տարբեր հարկատեսակների կիրառմամբ, ինչպես նաև դրա նկատմամբ տրամադրվող սուբսիդիաներով: Օրինակ 2021 թվականի նոյեմբերի 29-ին GlobalPetrolPrices-ի տվյալներով բենզինի ամենաբարձր արժեքը եղել է Հոնկոնգում 1 լիտրի դիմաց հասնելով 2.58 ԱՄՆ դոլարի (1266 ՀՀ դրամ), իսկ բենզինի ամենացածր գին աշխարհում ունեն Իրանն ու Վենեսուելան՝ համապատասխանաբար 0,051 և 0,025 ԱՄՆ դոլար (25 և 12,3 ՀՀ դրամ)։



Տարածաշրջանում, բացի ՀՀ-ից բենզին ներկրում է նաև Վրաստանը, որտեղ բենզինի գները մեր երկրի համեմատ նոյեմբերի 29-ի դրությամբ գտնվել են նույն մակարդակում։ Անդրադառնալով ԵԱՏՄ անդամ երկրներին, նշենք, որ բենզինի գինը ամենացածրը Ղազախստանում է՝ 0,453 ԱՄՆ-ը դոլար, ինչը շուրջ 2,2 անգամ ավելի էժան է, քան ՀՀ-ում և 1,8 անգամ ավելի էժան է, քան Բելառուսում։ Ըստ բենզինի գների մատչելիության ԵԱՏՄ երկրներում երկրորդ տեղը զբաղեցնում է Ռուսաստանը, որտեղ արդեն երրորդ շաբաթն անընդմեջ բենզինի գներն աճում են՝ 1 լիտր բենզինի դիմաց հասնելով 0,621 ԱՄՆ դոլարի։ Համեմատության համար նշենք, որ հարևան Իրանում բենզինի գինը 0,051 ԱՄՆ դոլար է, այսինքն, մոտ 25 դրամ, ինչը պայմանավորված է Իրանի նավթի մեծ պաշարներով, երկրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներով և բենզինի գների սահմանման պետական կարգավորմամբ։

Բենզինի գների մակարդակը կարող է բարձր կամ ցածր համարվել կախված տվյալ երկրի զարգացվածության աստիճանից և կենսամակարդակից, որը, օրինակ կարող է արտահայտվել մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով։ Օրինակ Հայաստանում, Վրաստանում և ԱՄՆ-ում բենզինի գները նույն մակարդակում են, սակայն այդ երկրների բնակիչների գնողունակությունն իրարից էականորեն տարբերվում է։ Նմանատիպ պատկեր է նաև Իսրայելում կամ Հոնկոնգում, առաջին հայացքից բենզինի գները ռեկորդային բարձր են, սակայն, եթե դիտարկենք մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշները, ապա Իսրայելի և Հոնկոնգի բնակիչների համար բենզինն ավելի հասանելի է, քան օրինակ Ադրբեջանի բնակիչների համար, որտեղ բենզինի գինը շուրջ 3,7 անգամ ավելի էժան է, քան Իսրայելում կամ Հոնկոնգում։ Նույն տրամաբանությամբ ՀՀ բնակիչների համար բենզինն ավելի հասանելի է, քան ԵԱՏՄ մյուս անդամ Ղրղզստանի բնակիչների համար, քանի որ Ղրղզստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն շուրջ 3,8 անգամ ավելի ցածր է ՀՀ համապատասխան ցուցանիշից, իսկ բենզինի գինը՝ ընդամենը 2,2 անգամ։



Այն հարցը, թե ներկա փուլում ինչով է պայմանավորված բենզինի բարձր գինը, կարելի է մեկնաբանել 2 բաղադրիչով.

նախ հում նավթի գինը՝ բենզինի հիմնական բաղադրիչը, ներկայումս գտնվում է վերջին տարիների համեմատությամբ բարձր մակարդակի վրա:

երկրորդ՝ աշխարհն արթնանում է կորոնավիրուսով պայմանավորված իր տնտեսական քնից, իսկ համաշխարհային տնտեսության վերականգնումը պահանջում է բնական ռեսուրսների հսկայական պահանջարկ:

Հայաստանում այս ամենին գումարվում է նաև բենզինի ձեռքբերման գնի բարձրացումը պայմանավորված արտարժույթի փոփոխություններով։ Ակնհայտ է, որ նույնիսկ համաշխարհային շուկայում նավթի գների անկման պարագայում Հայաստանում բենզինի գների նվազումը կարտահայտվի որոշակի ժամանակային լագով, քանի որ տվյալ ժամանակահատվածում գնված նավթը մատակարարվում, վերամշակվում և բաշխվում է ամիսներ անց և հետևաբար` նավթի գների անկումը Հայաստանում զգացվում է միայն մի քանի ամիս անց: Նշենք, որ Հայաստանում բենզինի ներմուծման 90 տոկոսից ավելին բաժին է ընկնում Ռուսաստանին, երկրորդ տեղում Բուլղարիան է, այնուհետև Իրանը։



Հատկանշական է, որ ըստ Tradingeconomics-ի տվյալների՝ սույն թվականի նոյեմբերի 30-ին բենզինի գները սկսել են նվազել։ Ըստ Եվրասիական Զարգացման բանկի կանխատեսումների՝ էներգակիրների գների պիկը կանցնի, սակայն առաջիկա ամիսներին գների բարձր մակարդակը կպահպանվի։ Երկարաժամկետ հեռանկարում ԵԱԶԲ-ն կանխատեսում է, որ գների մակարդակը կկայունանա՝ պայմանավորված առաջարկի և պահանջարկի կայունացմամբ։ Բազային սցենարի դեպքում Urals տեսակի նավթի միջին գինը հաջորդ տարի մեկ բարելի դիմաց կարժենա մոտ 72.5 դոլար, որից հետո 2023թ.-ին անկնալվում է գնանկում՝ հասնելով մինչև 66 ԱՄՆ դոլարի։

Լիլիթ Կռոյան, Արմենպրես

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն