Մենք անհրաժեշտ ենք համարում ՀԱՊԿ երկրների միջև ռազմական համագործակցության ձևավորումը՝ կոլեկտիվ անվտանգության ուժերի մարտական պատրաստվածության բարձրացման համար. Հակոբ Արշակյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ԱԺ պատվիրակության անդամ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 1-ին մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ-ի կազմավորման 15-ամյակի առթիվ կազմակերպված առցանց կլոր սեղան-քննարկմանը:
Ողջույնի խոսքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ վերջին տարիների մարտահրավերներն ու սպառնալիքները վկայում են ջանքերի համախմբման անհրաժեշտության մասին՝ անվտանգության ապահովման եւ գլոբալ մարտահրավերներին հաջող արձագանքելու համար:
ԱԺ փոխնախագահն անդրադարձել է հոբելյանական միջոցառումներին. ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը նշում է 15-ամյակը, հաջորդ տարի նշվելու է Հավաքական անվտանգության պայմանագրի 30-ամյակը եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 20-ամյակը: «Այս ընթացքում կազմակերպությունն ամրապնդել է իր կարգավիճակը՝ որպես բազմաֆունկցիոնալ տարածաշրջանային միջազգային կազմակերպություն»,-ասել է Հակոբ Արշակյանը:
ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է կազմակերպությունում մեր երկրի նախագահության առաջնահերթություններին՝ ուղղված կառույցի ներուժի մեծացմանը՝ հանուն հավաքական անվտանգության ապահովման եւ համաչափ զարգացման:
Ըստ խորհրդարանի փոխնախագահի՝ անհրաժեշտ է կատարելագործել ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմները: Այս համատեքստում, ըստ նրա, կարեւոր են ճգնաժամային իրավիճակների մոնիտորինգի, կանխատեսման եւ նախազգուշացման մեխանիզմները:
«Մենք անհրաժեշտ ենք համարում ՀԱՊԿ երկրների միջեւ ռազմական համագործակցության ձեւավորումը՝ կոլեկտիվ անվտանգության ուժերի մարտական պատրաստվածության, համախմբվածության եւ շարժունակության բարձրացման համար: Մեր ջանքերն ուղղված են լինելու խնդիրների մշակմանը եւ առաջարկների արդիականացմանն ու կատարելագործմանը` ուղղված ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, տեղեկատվական անվտանգությանը, թմրամիջոցների դեմ պայքարին եւ անօրինական միգրացիայի դեմ պայքարին»,-շեշտել է Հակոբ Արշակյանը:
Նա խոսել է խորհրդարանական դիվանագիտության կարեւոր դերակատարության մասին եւ հավելել, որ կշարունակվեն մշակվել քայլեր՝ ուղղված միջազգային խորհրդարանական համագործակցության ընդլայնմանը:
«Միջազգային խորհրդարանական հարթակներում մենք՝ որպես գործընկերներ, մեր պատվիրակությունների մասնակցությամբ պետք է համախմբված եւ համակարգված դիրքորոշում ցուցաբերենք դաշնակիցների՝ ՀԱՊԿ անդամ երկրների շահերը շոշափող հարցերի շուրջ»,-համոզմունք է հայտնել Հակոբ Արշակյանը:
ԱԺ նախագահի տեղակալի խոսքով՝ անհրաժեշտ է միջոցներ մշակել միջազգային անվտանգության ոլորտում ծագող մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության եւ անվտանգության ոլորտում խորհրդարանական շարունակական փոխգործակցության ապահովման համար: «Համաշխարհային եւ տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում Հայաստանը բաց է համագործակցության համար՝ իրավահավասարության, փոխադարձ հարգանքի եւ շահերը հաշվի առնելու սկզբունքներով»,-ընդգծել է Հակոբ Արշակյանը:
Tert.am