Կառուցապատման թույլտվությունների ստացման գործընթացը կիրականացվի բացառապես առցանց
Կառավարությունը նախատեսում է կառուցապատման թույլտվությունների ստացման գործընթացը մինչև 2024 թվականի վերջն իրականացնել բացառապես առցանց:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը նշեց, որ առաջնային փուլում Կոտայքի մարզի Եղվարդ, Արմավիրի մարզի Էջմիածին, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր համայնքներում կառուցապատման թույլտվությունների ստացման գործառույթների զգալի մասը իրականացվելու է էլեկտրոնային եղանակով, միասնական համակարգի միջոցով՝ դիտարկելով այն որպես էլեկտրոնային մեկ պատուհան, որում կգործեն ընթացակարգին մասնակից բոլոր մարմինները և կազմակերպությունները:
Ըստ նախագծի` կկանոնակարգվեն կառուցապատման հիմնական փուլերի (ՃՀԱ-ի տրամադրում, նախագծի համաձայնեցում և շինարարության թույլտվության տրամադրում) հետ կապված առկա խնդիրները, կստեղծվի հարմար, թափանցիկ գործելու միջավայր (էլեկտրոնային մեկ պատուհան), որը հնարավորություն կտա մի կողմից ապահովել բոլոր մարմինների և կազմակերպությունների պահանջները, մյուս կողմից առցանց և միաժամանակյա գործելու շնորհիվ կկրճատի կառուցապատողների շփումները վերջիններիս հետ, կխնայի ժամանակը: Համակարգը թույլ կտա նաև իրականացնել գործընթացների մոնիթորինգը և կծառայի շինարարության բնագավառի միասնական տեղեկատվական շտեմարան:
Ակնկալվում է ապահովել ՀՀ գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականությունը: Ակնկալվում է առաջին հերթին թեթևացնել այլ երկրների համեմատությամբ առկա վարչարարական և ֆինանսական բեռը` միաժամանակ ապահովելով վերջին տարիներին հաջողություններ գրանցած ոլորտների զարգացումը:
Lragir.am