Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքի` Վանաձորի ընտրություններին հայտ ներկայացրած 10 քաղաքական ուժերի քաղաքապետացուներն այսօր Վանաձորում կմասնակցեն Ընտրական օրենսգրքով սահմանված նախընտրական մեծ բանավեճին, որն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Հանրայինի եթերով՝ ժամը 22.00-ին։ 

Բանավեճը վարելու է Հ1-ի հաղորդավար Պետրոս Ղազարյանը։ Օրենքի պահանջով՝ բանավեճին պետք է մասնակցեն բոլոր մասնակից ուժերի ավագանու ցուցակների առաջին համարները։ Բանավեճի հրավերը նախնական տվյալներով չեն հաստատել երկու թեկնածու` «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցության ցուցակով առաջադրված Վանաձորի փոխքաղաքապետ Արկադի Փելեշյանը՝ Ակա մականունով հեղինակությունը եւ Տիգրան Ուրիխանյան-Տիգրան Արզաքանցյան նորաթուխ դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարեն Էդարյանը, որը Վանաձորում հայտնի է «Գոջի» մականունով։ Նա նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի թիկնապահն է եղել եւ անունը շոշափվել է տարբեր աղմկոտ պատմություններում: 

Ըստ ամենայնի, այս երկու թեկնածուները հրապարակային խոսքի հետ կապված խնդիրներ ունեն, կամ` թույլ նյարդեր եւ եթեր դուրս չեն գալիս էքսցեսներից խուսափելու համար։

Այսինքն` հրապարակային դեբատներին կմասնակցեն «Ասլանյան» դաշինքով առաջադրված գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ՔՊ թեկնածու, գործող մարզպետ Արամ Խաչատրյանը, Արթուր Վանեցյանի «Հայրենիքով» առաջադրված Վահե Դոխոյանը, Կոմկուսի թեկնածու Անդրանիկ Ղուկասյանը, որը ՀԿԿ Վանաձորի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղարն է, ԲՀԿ թեկնածու էդգար Բոջուկյանը, «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորող Հրանտ Այվազյանը, «Ապրելու երկրի» Արտավազդ Ալավերդյանը եւ «Հանրապետություն» կուսակցության՝ ոստիկանության Վանաձորի Բազումի բաժնի նախկին պետ, ոստիկանության փոխգնդապետ Վազգեն Թորոսյանը։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն