ՊՆ-ն առաջարկում է՝ իր բնակավայրից 30 կմ հեռավորությամբ զինծառայողին ծառայության նշանակելու դեպքում հաշվարկվի հավելում
ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է, որ իր բնակության վայրից 30 կմ հեռավորությամբ զինծառայողին ծառայության նշանակելու դեպքում նրա համար հաշվարկվի հավելում: Պայմանը պետք է նախատեսի, որ այդ ծառայության վայրում 30 կմ շառավղով ինքը չունի սեփականության իրավունքով բնակելի տարածություն եւ հաշվառում: ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 2-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկմանն ասել է Պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը:
Ըստ նրա, այս դեպքում զինծառայողը Կադաստրից սեփականության և հաշվառման վերաբերյալ մեկ փաստաթուղթ է ներկայացնելու , որն էլ դառնալու է հիմք` փոխհատուցում ստանալու համար: Սասուն Սիմոնյանը տեղեկացել է, որ նախարարությունն օրենսդրական նախաձեռնություն է մշակել, որը դեռեւս պաշտոնապես շրջանառության մեջ չի դրվել:
ԱԺ հաղորդմամբ, քննարկումը վերաբերում էր պատգամավոր Թագուհի Թովմասյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին: Քննարկմանը մասնակցել են Արդարադատության, Պաշտպանության, Ֆինանսների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ՄԻՊ աշխատակազմի, այլ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Panorama.am