Եթե ուզում եք ձերբակալեք, ապա ձերբակալեք թուրք ագրեսորներին, ձերբակալեք նրանց, ովքեր հատել են մեր պետական սահմանը, բայց մի՛ ձերբակալեք այն մարդկանց, ովքեր իրենց կյանքով պատասխանատու են եղել երկրի անվտանգության համար։ Այս մասին գնդապետ Աշոտ Մինասյանին կալանավորելու դեմ Գլխավոր դատախազության դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը։

«Մի՛ ձերբակալեք այն մարդկանց, ովքեր հաղթել են, ազատագրել են և տվել են ձեզ հայրենիք։ Դուք դարձել եք ՀՀ քաղաքացիներ՝ ի շնորհիվ այդ մարդկանց։ Հերիք եղավ այդ ձերբակալությունների շոուները։ Մտածում եք, որ այդ մարդիկ պետք է խուսափե՞ն ձեր շինծու պատասխանատվությունից։ Աշոտ Մինասյանը թուրքի «գյուլից» չի խուսափել, չեք ամաչում։ Դուք ձերբակալում եք այն մարդկանց, ովքեր երկրի համար պատասխանատվություն ունեն, այդ թվում՝ Արմեն Չարչյանին։ Մեր հասարակությունը պետք է հասկանա այս անհեթեթությունները։ Աշոտ Մինասյանի պես մարդկանց ձերբակալում եք, որպեսզի թուլացնեք երկիրը պաշտպանելու մեր հնարավորությունները»,- ասաց Գևորգյանը։

Դատախազության դիմաց էին հավաքվել «Ձայն հայրենյաց» կազմակերպության անդամ-մտավորականները, ովքեր գրավոր դիմում են ներկայացնելու Գլխավոր դատախազին՝ փոխել խափանման միջոցը և ազատ արձակել Աշոտ Մինասյանին։ Նրանք երաշխավորեցին, որ ազատության մեջ գտնվելով` Աշոտ Մինասյանը չի խոչընդոտի նախաքննական մարմնին իր գործողություններով։ Հակառակ պարագայում շեշտեցին, որ պատրաստ են կրելու օրենքով սահմանված պատասխանատվություն։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն