Ես 12 տարի ծառայում եմ ՀՀ-ին․ փոխնախարարի պաշտոնի առաջարկը եղել է իմ մասնագիտական կարողությունների և հմտությունների շրջանակներում․ ՇՄ փոխնախարարը՝ «տիկտոկյան» տեսանյութերի քննադատության մասին
Ես 12 տարի ծառայում եմ ՀՀ-ին, տնտեսագիտական գիտությունների թեկնածու եմ, վերջերս դիմել և ընդունվել եմ նաև իրավաբանական ֆակուլտետ։ Փոխնախարարի պաշտոնն ստանձնելու առաջարկը եղել է իմ մասնագիտական կարողությունների և հմտությունների շրջանակներում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Գայանե Գաբրիելյանը` անդրադառնալով դիտարկմանը, որ երբ նոր էր նշանակվոլ փոխնախարար, հանրության մի հատվածն անլուրջ էր ընդունում, որ նա տեսանյութեր է նկարում «TikTik»-ում, և հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում այդ քննադատությանը։
«Առաջարկը երկար է քննարկվել, քանի որ այդ պահի դրությամբ Էկոնոմիկայի նախարարությունում էի աշխատում»,-ասաց Գաբրիելյանը՝ նշելով, թե հայրենիքին ծառայելն իր համար կարևորագույն բանն է։
Նա նշեց, թե նախարարի հետ քննարկել են իր պատասխանատվության և իրավունքների շրջանակն ու այն արդյունքները, որոնք ինքը կարող է տալ։
Անդրադառնալով հարցին, թե ինչ աշխատանքներ են անում սիգի ապօրինի որսի ծավալները նվազեցնելու ուղղությամբ, փոխնախարարը նշեց, թե ՇՄՆ-ն պարբերաբար քայլեր է ձեռնարկում, որ խեցգետնի ու սիգի վերարտադրությունը նորմալ հունով ընթանա։
Սիգի արդյունագործական որսը մինչև հոկտեմբերի 15-ը սահմանելու որոշումը, փոխնախարարի խոսքով, առաջացրել էր որոշակի անհանգստություններ, բայց փորձել են հանդիպումներ իրականացնել տնտեսվարողների հետ, համաձայնության գալ։
«Խեցգետնի ծավալների կտրուկ նվազումը տնտեսվարողների վրա բացասական ազդեցություն է ունեցել։ Այժմ գնի բարձրացում է եղել, եթե ասեմ, որ 200-300 տոկոս աճել է, կնշանակի՝ ոչինչ չեմ ասել»,-նշեց Գաբրիելյանը, ապա հավելեց․
«Որևէ երկրի որևէ իշխանության չի կարող երբևէ հաջողվել 100 տոկոսով բացառել ապօրինի որսը, բայց մենք պարբերաբար գործողությունների ընդլայնման միջոցով փորձում ենք գտնել բնության և տնտեսության միջև այն կոնսենսուսը, որը հնարավորություն կտա մեր սրունդներին ևս օգտվել այդ բարիքներից»,-ասաց ՇՄ փոխնախարարը՝ նշելով, որ գործընթացքը տևական է, տնտեսվարողներին ժամանակի ընթացքում այլընտրանքներ են առաջարկվում։
Tert.am