Մանկապարտեզի վարիչի պաշտոնը գիշերը աճուրդի են հանում, իսկ մի «Կամազի» տեխնիկական փոքր խնդրի հարց չեն կարողանում լուծել․ Մամիկոն Ասլանյան
Մարդը չի հասկացել, որ մեծությամբ երրորդ քաղաքի ղեկը ստանձնելը ոչ միայն աթոռ է ու ծառայողական մեքենա, այլ նաև մեծ պատասսխանատվություն, էդ մարդը պետք է հոգար հոգսերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Մամիկոն Ասլանյան» դաշինքի կողմից առաջդրված Վանաձորի քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ անդրադառնալով ՔՊ-ի թեկնածուի իր հասցենին հնչեցրած քննադատություններին։
Նա վստահեցրեց, որ ինքը լավ ժառանգություն է թողել։ «Ես երկու ամիս է Վանաձոր համայնքի ղեկավար չեմ, ինչքան մարդը պետք է բարոյական արժեքներից զուրկ լինի, որ հոկտեմբերի 12-ից քաղաքապետ չեղած մարդուն, այսինքն ինձ մեղադրեն առկա խնդիրների համար, իսկ իրենց կողմից նշանակած, այժմ անունն անգամ հանրությանը հայտնի չդարձած անձը, որն այսօր ԺՊ-ն է, մեղավոր չէ»,-ասաց նա:
Մամիկոն Ասլանյանի խոսքով՝ անհեթեթ են պնդումները, թե թե քաղաքին սպասարկող «Կամազն» անսարք է, երբ չեն էլ պարզել, թե խնդիրն ինչից է, տեխնիկական փոքր հարց է, որը արագ կարող էին լուծել 5 օր խոսելու փոխարեն։ Ըստ նրա՝ շատ նորմալ է, որ երրորդ քաղաքն ունի ընդամենը երկու տեխնիկա, որովհետեւ Վանաձորի համար 2 տեխնիկան 6 ժամում կարողանում էր ամբողջ քաղաքը շրջել։
«Էդ ո՞նց է՝ մանկապարտեզի վարիչի պաշտոնը գիշերը աճուրդի են հանում, առավոտն արդեն նոր վարիչ կա: Պոլիկլինիկայի վարիչը դեռ չհանած՝ արդեն գիտեն, թե ում են նշանակում, իսկ քաղաքապետարանի կոմունալ բաժնի ղեկավարն ու տեղակալը արձակուրդում են, չէին մտածում, որ քաղաքում ձյուն է գալու, մի կամազի տեխնիկական խնդրի հարց չեն կարողացել լուծել»,-եզրափակեց նա։
Tert.am