«Ես իմ քարոզչությունը չեմ կառուցել քաղաքական պայքարի վրա, խոշորացված համայնքի մեր հայրենակիցներին ներկայացրել եմ` ինչ ենք պատրաստվում անել առաջիկա տարիներին մեր թիմով։ Մեր անելիքները շատ-շատ են, ջրի որակի հարցը պետք է լուծենք, աղբավայրի փակման, գյուղական վայրերում ոռոգման ցանցերի հարցը պետք է լուծենք, որքան էլ Երևանին մոտ ենք գտնվում, այնուամենայնիվ տրանսպորտի հարց կա Մասիսում, այդ հարցը ևս պետք է լուծենք և այլն»,- այսօր  լրագրողների հետ զրույցում ասաց «Դավիթ Համբարձումյան» դաշինքի կողմից Մասիսի համայնքապետի թեկնածու առաջադրված Դավիթ Համբարձումյանը:

Գրել էինք, որ դաշինքի կողմից ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր են հնչել, եւ թեկնածուի խոսքերով՝ դրանցից մեկ-երկու դեպքով ոստիկանությունում արդեն նյութեր են նախապատրաստվել։

«Մենք երեկ գիշերը տեղեկություն ենք ստացել, որ մի քանի համայնքներում սոցիալական աջակցություն են բաժանել, չգիտեմ որքանով է ճիշտ, որքանով սխալ, բայց  քաղաքացիներին օգնություններով և սոցիալական աջակցություններով չեն կարող գրավել։ Քաղաքացին շատ բան է տեսել ու այդ օգնություններով, կեղտոտ խաղերով, «կառուսելներ» կիրառելով՝ չեմ կարծում, որ հաջողություներ կունենան։ Այն ձեռագիրը, որ օգտագործեցին ամբողջ քարոզչության ընթացքում, շատ հին, 90-ականների ձեռագիր էր։ Մարզպետարանը որոշակի զանգեր էր անում մարդկանց, մանկավարժական կոլեկտիվներին նույնպես զանգեր են արել, Մասիս քաղաքում երկու տնօրեններ կան, որոնք, ցավով եմ ասում, ակտիվ ներգրաված են եղել քարոզչությանը, ընդհուպ զանգահարել են աշակերտներին։ Թե ինչի համար են անում, դա թող իրենք մտածեն։

Իրենք իրենց հակասում են, երբ խոսում են այն մասին, որ ժողովուրդն է որոշում, բայց մարզային իշխանությունների միջոցով փորձում են իրենց հին 90-ականների մեթոդները կիրառել»,-ասաց նա։ 

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն