Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը հայտարարել է, որ «Հայրենիք» կուսակցությունը 2021 թ. դեկտեմբերի 5-ին անցկացված ՏԻՄ համամասնական ընտրություններում մասնակցել է հինգ համայնքներում`Արտաշատ, Աշտարակ,Սպիտակ, Վանաձոր, Վայք, և նշված բոլոր համայնքներում իրենք կունենան խմբակցություններ։ Այսինքն՝ «Հայրենիք» կուսակցությունը թեկուզ փոքրաթիվ անդամներով, բայց ներկայացված կլինի վերը նշված համայնքներում։

«Ցավոք սրտի, դրանց մեծ մասում «Քաղաքացիական պայմանագիրը» մեծամասնություն է կազմելու, բայց հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Վանաձորում, որտեղ կողմերը հնարավորություն ունեն բանակցությունների, համաձայնության գալու միջոցով ՔՊ-ին թողնել փոքրամասնության մեջ և ձևավորել նոր իշխանություն»-Hraparak.am-ի հետ զրույցում նկատեց Սոս Հակոբյանը։

Հիշեցնենք, որ Վանաձորում առաջատար է նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գլխավորած «Մամիկոն Ասլանյան» դաշինքը, որը թեև 50 տոկոսից ավելին չի հավաքել, բայց ամենաշատ ձայն ստացած ուժն է։ Ըստ Սոս Հակոբյանի, նախնական հաշվարկով՝ ավագանու անդամի 33 մանդատից 15-ը կստանան «Մամիկոն Ասլանյան» դաշինքի անդամները, 9 մանդատ կստանա ՔՊ-ն, 9 մանդատ՝ ՀԱՍԿ-ը, որի քաղաքապետի թեկնածուն Արկադի Փելեշյանն է, 2 մանդատ «Հայրենիքը» կստանա, 2 մանդատ էլ՝ «Ապրելու երկիրը»։ Այսինքն՝ ցանկացած պարագայում պետք է կոալիցիա կազմելու միջոցով ձևավորվի իշխանություն և ընտրվի քաղաքապետ։

Սոս Հակոբյանի խոսքով՝ իրենց թեկնածուն ի սկզբանե հայտարարել էր, թե որ ուժի հետ պատրաստ չէ «Հայրենիք» կուսակցությունը համագործակցել, և դա ՔՊ-ն է։ Մյուս ուժերի մասով՝ հարցը քննարկման ենթակա է, քանզի կա հստակ նպատակ՝ Վանաձորում ՔՊ-ին զրկել իշխանությունից։

Հարցրինք՝ կարծում է Մամիկոն Ասլանյանը չի՞ գնա ՔՊ-ի հետ գործարքի, Հակոբյանն ասաց․ «Ես կարծում եմ՝ չի գնա»։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն